Վարդահովիտում վայրի ծառատեսակներ են տնկվել

Վարդահովիտում վայրի ծառատեսակներ են տնկվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերով, Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական կարեւոր եւ լուրջ գործընթաց է ծավալվում ավելի քան 15 տարի: Գործընկերներն այս անգամ ծառատունկ են իրականացրել Վայոց ձորի մարզի Վարդահովիտ բնակավայրում՝ տեղի երբեմնի անտառապատ տարածքները վերականգնելու համար: Տնկիների հետագա խնամքն առավել հուսալի դարձնելու նպատակով էլ՝ տեղադրել են մարդկանց եւ կենդանիների համար անվտանգ, շարժական «էլեկտրական հովիվներ»:

Ծառատունկն իրականացվել  է FPWC-ի՝ «Անտառային լանդշաֆտի վերականգնում. փորձառական հարթակ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում» ծրագրի շրջանակում։ Մինչեւ տարեվերջ ավելի քան 15 000 ծառ կտնկվի Արարատի եւ Վայոց ձորի մարզերում:
Տնկվող վայրի ծառատեսակները՝ տանձենին, նշենին եւ փշատենին, աճեցված են Հայաստանի համար բոլորովին նոր, փորձարարական տեխնոլոգիայով: Դա թույլ է տալիս անտառից հավաքված սերմերից ստանալ առողջ տնկիներ։ Ծառատունկն իրականացվել է կոնկրետ սկզբունքով. ընտրվել են տվյալ շրջանի բնակլիմայական պայմաններին հատուկ եւ պտղատու ծառեր: Այդպիսով  փորձ է կատարվել անտառավերականգնումը ծառայեցնել նաեւ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի լուծմանը եւ անտառային տարածքներում բավարար սնունդ ապահովել կենդանական աշխարհի համար:

«Հստակ չեմ հիշում, թե արդեն որերորդ ծառն եմ տնկում, բայց կարող եմ ասել, որ կյանքը պահանջում է նվիրում: Եթե մենք ցանկանում ենք ապրել առողջ, գեղեցիկ, մաքուր եւ անվտանգ միջավայրում, ապա պետք է լինենք ոչ թե միայն սպառող, այլեւ ներդրում կատարող: Խոսքը միայն ֆինանսական ներդրման մասին չէ: Հոգատարությունն ու խնամքը, աշխատասիրությունն ու հետեւողականությունը եւս կարեւոր են: Իսկ երբ այդ արժեքների շուրջ լինում է նաեւ համախմբում, արդյունքն ավելի շոշափելի է լինում: Ուրախ եմ արձանագրել, որ մեր թիմերն ու աշխատակիցները վաղուց առաջնորդվում են այդ սկզբունքով՝ դրական օրինակ հանդիսանալով երիտասարդության համար: Ամեն ծառ նոր կյանքի խորհրդանիշ ու առողջ միջաշխիք է: Հոգ տարեք միջավայրի մասին. դա շատ կարեւոր է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Իրականացվող ծրագրի շրջանակում հիմնվել է նորարարական տնկարան: Այստեղ տնկիներն աճեցվում են սերմերից, եւ ամբողջ տարի հետեւողական աշխատանք է տարվում աճեցման գործընթացի խիստ ու հստակ պահանջները պահպանելու համար: Արդյունքում՝ հնարավոր է լինում ստանալ կենսունակ, առողջ եւ տվյալ բնակավայրի կլիմայական պայմաններին դիմակայելու ունակ տնկիներ։ Այս տեխնոլոգիան գնահատվել եւ հաջողված է  համարվել ԱՄՆ անտառային ծառայության եւ Օրեգոնի անտառագիտության եւ անտառատնտեսության համալսարանի դեկան Էնթոնի Դեւիսի կողմից։ FPWC-ն նրա հետ արդեն իսկ ձեռք է բերել կարեւոր համաձայնություն՝  2020 թվականից սկսել աճեցման տեսանկյունից բարդ՝ կարմիրգրքային  ծառատեսակների աճեցման տեխնոլոգիայի մշակման ու իրականացման ծրագիր։

Կից տեղեկություն

Կենսաբազմազանության պահպանման եւ կայուն ապրուստի միջոցների ստեղծման նպատակով FPWC-ն հետամուտ է վերականգնելու Կովկասյան կենսաբազմազանության ապաստանի տարածքում գտնվող խիստ նոսրացած կամ վերացած անտառների մի քանի հատվածներ: Անտառավերականգնումը կարեւոր է անտառի կողմից մատուցվող էկոհամակարգային ծառայությունների տեսանկյունից, սակայն դա նաեւ լուրջ մարտահրավեր է` հաշվի առնելով չոր եւ կիսաանապատային կլիմայական գոտու ոչ բարենպաստ պայմանները:
Իրականացվող միջամտությունը նպատակաուղղված է ծառերի անհրաժեշտ տեսակների վերականգնման բարձրացմանը՝ ստեղծելով վայրի բնության, միգրացիոն երթուղիների եւ կենդանական աշխարհի համար սննդի աղբյուր: Տարածքները կանխարգելելու են հողային շերտը հետագա կորուստից եւ սպառումից, ծառայեն ջրի պահպանմանը եւ այլն:

«Խճանկարային» վերականգնման փորձով առաջնորդվելով՝ մոտեցումը նպատակ ունի ստեղծել հողային զանգվածի բազմակի օգտագործման լանդշաֆտ: Սա մի դինամիկ, էկոլոգիապես առողջ բնական ռեսուրսների կառավարման համակարգ է, որը վայրի պտղատու ծառերի եւ գյուղատնտեսական լանդշաֆտի ինտեգրման միջոցով դիվերսիֆիկացնում եւ հովանավորում է հողօգտագործողների համար բոլոր մակարդակներում ավելացող սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական օգուտները:
Տարիների փորձը թույլ է տվել FPWC-ին գրանցել կենսունակության բացառիկ ցուցանիշ՝ մինչեւ 90%: