Փաշինյանն Արցախի հարցով ոչ թե հանձնարարություն է տվել ՀԽ-ին, այլ ձեռքի հետ ասել է

Փաշինյանն Արցախի հարցով ոչ թե հանձնարարություն է տվել ՀԽ-ին, այլ ձեռքի հետ ասել է

Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը չէր ցանկանում իր հետ աշխատել, թող ասեր, եւ ինքը դիմում կգրեր, այլ ոչ թե Արման Բաբաջանյանի բերանով բարձրացներ այդ հարցը։ Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը հակադարձում է․ «Ինքը պիտի հասկանա եւ քայլն անի»։ Եվ Սաֆարյանը շարունակում է Բաբաջանյանի սկսածը՝ նրա կայքի եթերում պատմում է․ «Մենք ասում ենք՝ դատարանները պետք է անկախ լինեն, դատարանները պետք է վեթթինգ անցնեն, Դուք եթե ասում եք՝ լյուստրացիային դեմ եմ, վեթթինգին դեմ եմ, անցումային արդարադատությանը դեմ եմ, էն մեկին դեմ եմ, ապրիլյան պատերազմի հետաքննությանը դեմ եմ․․․ Դուք էն մարդն եք, որը նշանակվել է վարչապետի կողմից, Դուք դեմ եք նրան, ինչն ասում է Նիկոլ Փաշինյանը։ Ձեր իրավունքն է՝ դեմ եղեք, բայց ես էլ ասում եմ՝ բա որ դեմ եք, Դուք ո՞նց եք աշխատում։ Դուք անընդհատ դեմ եք Նիկոլ Փաշինյանին։ Բա Դուք ո՞նց եք իրականացնելու օրենքով Ձեր վրա դրված պարտականությունները»։

Ստեփան Սաֆարյանը պատմեց, որ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի անդամների հետ առաջին հանդիպման ժամանակ հանձնարարել է ներկայացնել հանրային կարծիքը՝ Արցախյան խնդրի հետ կապված։ Վազգեն Մանուկյանը չի արել։ Ինքն ամիսներ առաջ հարցրել է նրան, թե ինչու չի կատարվում վարչապետի հանձնարարականը, Մանուկյանն էլ ասել է, որ ոչ, չեն անելու։ Փոխարենը, ըստ Ստյոպա Սաֆարյանի, Վազգեն Մանուկյանն օրակարգում դնում է այլ հարցեր՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, որոնց վերաբերյալ որոշումները կայացվել են նախորդ իշխանությունների կողմից, բայց քննադատում է ներկաներին։

Դե ինչ, Հանրային խորհրդի մասին օրենքով՝ Հանրային խորհրդի խնդիրների մեջ են մտնում «քաղաքականության մշակման եւ իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելը, պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը, այդ թվում` քաղաքացիական հասարակության զարգացման քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ կառավարությանն առաջարկություններ ներկայացնելը, կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ փոխադարձ վստահության, երկխոսության եւ գործընկերային հարաբերությունների ձեւավորմանը նպաստելը»։ Հանրային խորհրդի 15 անդամներ նշանակվում են կառավարության կողմից, ՀԽ քարտուղարությունը համարվում է վարչապետի աշխատակազմի մաս, եւ կա նաեւ օրենքի իմպերատիվ պահանջ, որ «Հանրային խորհուրդն իր առջեւ դրված խնդիրների կենսագործման նպատակով» հանրային լսումներ ու քննարկումներ  կազմակերպում է ոչ միայն սեփական նախաձեռնությամբ, այլեւ  վարչապետի առաջարկությամբ։

Փաստորեն, Հանրային խորհուրդը չի կատարել վարչապետի առաջադրանքը։ Ինչո՞ւ։ Երեկ Վազգեն Մանուկյանը հպանցիկ անդրադարձել էր այս թեմային՝ ասելով, որ դրա շուրջ կա հայ ժողովրդի տեսակետը, որ նախ պետք է հասկանան, թե որն է վարչապետի ծրագիրն Արցախյան կարգավորման հարցում, հետո նոր իրենց ուսումնասիրությունը կատարեն։

Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՀԽ այլ անդամներից։ Կառավարման համակարգի փորձագետ Հարություն Մեսրոբյանն ասաց, որ շաբաթ օրը պատրաստվում է Հանրային խորհրդին առնչվող այս վիճակի վերաբերյալ հանդես գալ հայտարարությամբ։ Իսկ մինչ այս չի պատրաստվում խոսել թեմայի մասին։
Խորհրդի մեկ այլ անդամ՝ նախկին պատգամավոր, քաղաքագետ Արամ Սաֆարյանն էլ ասաց․ «Բացարձակապես չեմ հասկանում՝ ինքը՝ Սաֆարյանն ինչ նկատի ունի, դրա համար հրաժարվում եմ որեւէ բան ասել»։

Հանրային խորհրդի անդամ Վարդան Մարաշլյանը, ով ներկա է եղել ՀԽ անդամների հետ Փաշինյանի առաջին ու վերջին հանդիպմանը, ասաց, որ նման  հանձնարարություն չի եղել։ «Եվ ինքը մի քիչ էլ հռետորական ձեւով ներկայացրեց, որ լավ կլիներ՝ այս հարցով մենք նույնպես կարողանայինք ձեւավորեինք նոր մոտեցումներ»։
ՀԽ անդամ Գագիկ Գինոսյանն ասաց․ «Շատ կարճ հանդիպում էր, 45 հոգուց ընդամենը 15 հոգուն հնարավորություն տվեցին հարց տալու, եւ Փաշինյանը ոչ թե հանձնարարություն, այլ ուղղակի ձեռի հետ ասաց․ «Ինձ, օրինակ, հետաքրքիր է իմանալ հասարակության կարծիքը»։

Սա որպես պատասխան է հնչել հարցին, որ «Դուք մեզնից պահանջում եք, որ ներկայացնենք բանակցային գործընթացը, բայց մենք տեղյա՞կ ենք՝ հասարակությունն ինչ տեսակետ ունի, ինքը ոնց է տեսնում Արցախի հարցի հիմնախնդրի լուծումը»»։ Գինոսյանն ասում է, որ ապրիլ ամսին կայացած այդ  հանդիպումն է եղել միայն, դրանից հետո ո՛չ հանդիպել են, ո՛չ իրենց կարծիքը լսել է, ո՛չ էլ, «անկեղծորեն ասած՝ մեր կարծիքը հետաքրքրում է»։