Ավագանու ընտրություններին արդեն պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանը գնում է իշխանություններն ուզուրպացնելու ճանապարհով

Ավագանու ընտրություններին արդեն պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանը գնում է իշխանություններն ուզուրպացնելու ճանապարհով

Հարցազրույց 2018-ին Կանադա տեղափոխված «Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ

- Հետեւո՞ւմ եք Հայաստանի իրադարձություններին, ԳՇ հայտարարությունը համարո՞ւմ եք ռազմական հեղաշրջման փորձ։ Նման որակում է տվել Նիկոլ Փաշինյանը։

- Այնտեղ հեղաշրջման փորձ, որպես այդպիսին, չեմ տեսնում։ Իհարկե, քաղաքական գնահատականներ են հնչեցվում ԳՇ-ի կողմից, բայց դա ներկա իրավիճակում սպասելի է։ Դա հեղաշրջման փորձ չի կարող համարվել այն պատճառով, որ դեռեւս որեւէ զինվոր չի շարժվել իր զորանոցից, քաղաքում որեւէ տեխնիկա գոյություն չունի։ Գենշտաբի գեներալներն ինչպես նստած եղել են, այնպես էլ շարունակում են։ Եվս մի յուրահատկություն․ մենք սովորական իրավիճակում չենք գտնվում, տարիներ շարունակ շատ ենք զգուշացրել, որ այն զենքը, որը գնում է Ադրբեջանը, բացառապես Հայաստանի դեմ պատերազմելու համար է։ Նախորդ եւ ներկա իշխանությունները շատ վատ կառավարիչներ եղան, մեղմ ասած, եթե չասենք, որ պետության նկատմամբ դավաճանություն է եղել, ակնհայտ է, որ այս իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը, բանակն առանցքային դերակատարում է ունենում։ Եվ կարելի է ասել՝ պետությունը բանակ է, բանակը՝ պետություն, որովհետեւ 91թ․ Հայաստանի անկախության հռչակումից հետո բանակն է պահել հայոց պետականությունը։ Ուստի բանակը պետք է դիտարկենք ոչ թե որպես սովորական պետական կառույց, այլ մեր պետականության ողնաշար։ Եվ այդ հայտարարությունը, կարծում եմ, տեղին էր, սթափեցնող, եւ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Նա նույնիսկ չի զգում, որ ինքը պետության ղեկավար է, որ պատասխանատու է՝ սկսած պետության ներսում եղած իրավիճակից, վերջացրած շատ վտանգավոր հակամիտինգներ հրավիրելով։ Ի դեպ, 18 թվականին Նիկոլ Փաշինյանը 1 ժամվա ընթացքում իր հայտարարությամբ կարողանում էր հարյուր հազարավոր մարդկանց հավաքել տարբեր վայրերում, այդ թվում նաեւ՝ ԱԺ շենքի մոտ, հիմա մենք տեսանք, որ իր այդ կոչին, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» տվյալների, 10 հազար մարդ է մասնակցել, որից առնվազն 2 հազարը քաղաքացիական հագուստով ոստիկաններն են, ըստ շրջանառող լուրերի՝ մի քանի հարյուր մարդու տարբեր օլիգարխներ են բերել, պետական կառավարման համակարգն է, պատգամավորներ՝ իրենց օգնականներով, հանձնաժողովներով, նախարարություններով։ Այսինքն՝ եթե այս տրամաբանությամբ ենք նայում, ուրեմն Նիկոլ Փաշինյանին հասարակությունը չի աջակցում։ Ու, ավելին, նրա աջակիցն ադմինիստրատիվ ռեսուրսն է, ուրեմն Սերժ Սարգսյանն ավելի շատ «աջակիցներ» ուներ, որովհետեւ ինքը հանրապետության հրապարակ էր լցնում։ Եվ այս պարագայում Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի հղում անել ժողովրդին, որովհետեւ ժողովուրդը չի ցանկանում ո՛չ Նիկոլ Փաշինյանին, ո՛չ էլ կարծեք թե առանձնապես 17-ին։ 

- Պատային վիճա՞կ է։

- Շատ բարդ է լուծում գտնելը, բայց այն կա։ Ցավոք, մեր քաղաքական դաշտն այն չի ցանկանում տեսնել։ Ինձ համար այն է, որ ազգային համաձայնության կառավարություն լիներ, նախկին ընդդիմադիրները միանային, ինչու ոչ՝ նախկինում պաշտոնատար եղած այն անձինք, որոնք կառավարման համակարգում եւ հասարակության մեջ քիչ թե շատ բարի համբավ ունեն, քիչ թե շատ կոռումպացված չեն, նորմալ կառավարիչներ են։ Եվ ազգային համաձայնության կառավարությունն իր ձեռքը վերցներ իշխանությունը՝ 1 տարի ժամկետով, որից հետո սահմանադրական փոփոխություններ, Ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններով գնային արտահերթ ընտրությունների։ Դրա համար անհրաժեշտ է, որ նախորդ տարիների ընդդիմությունը, որն այս հեղափոխություն-շոուից զուտ տեխնոլոգիական քայլերով դուրս մղվեց եւ հիմա ներկա իշխանության ջանքերով փորձ է արվում պահել լուսանցքում, միավորվի։ Հին ընդդիմությունից ոչ ոք չպետք է ասի՝ արի, ինձ միացիր։ 

- Ո՞ր ուժերը։

- Բոլորը, ովքեր պայքարել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք իշխանությունների դեմ եւ ովքեր էս իշխանության մեջ չեն։ Կլինեն անձինք, որոնք էսօր «Սասնա ծռերի» մեջ են, կլինեն, որ «Ժառանգություն»-ում են եղել, Պետրոս Մակեյանի հետ, Միքայելի հետ, Անդրիաս Ղուկասյան․․․ Բոլորը պետք է միավորվեն, ժամանակավոր քայլերի ուղեցույցը ներկայացնեն, փորձեն հասարակության աջակցությունը ստանալով՝ թույլ չտալ այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում։ Հակառակ պարագայում ակնհայտ է, որ նախորդ իշխանությունները, ունենալով հսկայական ֆինանսական ռեսուրսներ, ինչու ոչ՝ մարդկային, գալու են իշխանության։ Այն անձինք, ովքեր 17 թվականին 5-10 հազար դրամ ընտակաշառք են վերցրել, այդ անձանց ցուցակները չեն վերացրել, դրանք կան։ Եթե եկավ այն իրավիճակը, որ ընտրություն լինի, եւ իշխանության ղեկին հայտնվեն 17 ուժերից անձինք, ես հնարավոր եմ համարում, որ կրկնվեն այն ընտրությունները, որոնք մենք տեսել ենք ժամանակին։ Հակառակ պարագայում, առանձին վերցրած, ոչ մեկի հետեւից հասարակությունը չի գնալու, քանի որ իրենք չունեն ո՛չ ֆինանսական, ո՛չ մեդիա, ո՛չ մարդկային ռեսուրսներ։ Իրենց միակ առավելությունն այն է, որ մաքուր են նախորդների ու ներկաների համեմատ։ Միայն միավորումն է ճանապարհը։ Ցավոք, այստեղ կա նաեւ աշխարհաքաղաքական խնդիր, որ տարիներ շարունակ ոչ թե պրոռուսական, այլ Ռուսաստանից ղեկավարող անձինք են եղել իշխանության մեջ։ Պետք է այդ շրջանակից դուրս գանք։

- 2018-ի իրադարձություններից հետո Հայաստանից հեռացաք։ Այն ժամանակ է՞լ էիք այդ կարծիքին, թե այս ընթացքում, ինչպես բոլորը, պարզեցիք, որ սխալվել էիք, անիմաստ ոգեւորություն էր․․․

- Ինչ արել ենք, ես կարծում եմ՝ ճիշտ ենք արել, որովհետեւ եթե Սերժ Սարգսյանը մնում էր իշխանության, Հայաստանում էլի այս ծանր իրավիճակը շարունակվելու էր։ Ես չգիտեմ՝ պատերազմական ինչ իրավիճակ կլիներ․․․ Սերժ Սարգսյանն ասում էր՝ ես 7 շրջանները վերադարձնելուն համաձայն եմ։ Ես դրան միշտ եմ դեմ եղել, որովհետեւ դա ոչ թե մեր թուլությունն էր, այլ՝ ուժը։ Եվ համոզված եմ, ու այս պատերազմն առավել համոզեց, որ եթե ժամանակին ոչ թե օլիգարխապետություն կառուցեինք, այլ պետություն, որտեղ պետական ռեսուրսը կմղվեր դեպի անվտանգային միջավայրի բարելավում, իրական դաշնակիցների որոնում, եւ ոչ թե աթոռը պահպանելու համար տարբեր պետական շահեր զիջելը, մենք ոչ մի խնդիր չէինք ունենա։ Եթե չլիներ միակողմանի արտաքին քաղաքականությունը, 13 թ․ չլիներ Սերժ Սարգսյանի՝ ԵՄ-ի նկատմամբ խաբեությունը, մենք այսօր այդպիսի խնդիր չէինք ունենա։ Տարիներ շարունակ հեռանալով հավասարակշռված քաղաքականությունից, մենք հայտնվեցինք ոչ թե ռուսամետ, այլ հենց ռուսական քաղաքականություն իրականացնողի դերում։ 18-ին ինձ համար ակնհայտ էր, որ հասարակությունը չի հասկանում եւ չի ուզում ընկալել, թե ինչ տեղի ունեցավ։ Մենք, որ այդ փոփոխությունների հիմքում էինք կանգնած, նկատի ունեմ «Հանուն Հայաստանի» ճակատը, որտեղից եւ առաջացավ «Մերժիր Սերժին» շարժումը, չէ՞ որ Դավիթն ու Արմենն այդ ժամանակ ճակատի անդամներ էին։ Ես գոնե տեղյակ եմ, թե դա ինչպես տեղի ունեցավ։ Համենայնդեպս, մենք հենց առաջին օրվանից տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը որեւէ պայմանավորվածություն չի պահում։ Եվ ակնհայտ էր, որ սցենար մշակողների համար մեր հակամարտությունը ձեռնտու չէր իրենց ծրագրի կյանքի կոչմանը, ինչի պատճառով էլ Փաշինյանը սկզբում համաձայնեց, որ միասին գործողություններ անենք։ Չմոռանանք, որ դեռ մարտի 1-ից միջոցառումներ էինք իրականացնում ե՛ւ Ազատության հրապարակում, ե՛ւ քայլերթեր, եւ միայն, երբ հասարակությունը տեսավ, որ բոլոր ընդդիմադիրները միասին են պայքարելու Սերժ Սարգսյանի դեմ, այդ ժամանակ նոր սկսեց ավելանալ։ Եվ ես հրաշալի հիշում եմ, որ Նիկոլ Փաշինյանի կողքին բացի մի քանի թիմակիցներից, սկզբնական շրջանում շատ քիչ մարդ կար։ Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հետ հազարներով քայլեցին՝ քաղաք մուտք գործելուց հետո, դրանից 3 օր առաջ հայտարարել էինք, որ ճակատը, Նիկոլ Փաշինյանը եւ «Մերժիր Սերժին»-ը համատեղ են պայքարելու։ Հետո՝ Ռադիոտան գրավումից հետո, որն առանց մեզ հետ խորհրդակցելու է տեղի ունեցել, իսկ մենք որոշել էինք, որ բացառապես բոլոր քայլերը լինելու են կոնսենսուսի արդյունքում․․․ որ դրանից հետո որեւէ քայլ չձեռնարկվեց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, հասկացանք, որ սա նախօրոք ճշգրտված սցենար է։ Մենք, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի քայլերի համար պատասխանատվություն չէինք կարող ստանձնել, եւ նրա ինքնակամ որոշումների արդյունքում ճակատը գեղեցիկ ձեւով դուրս թողնվեց պրոցեսից։ 
Եվ գումարած դրան՝ ճակատի նկատմամբ պրովոկացիաներ եղան։ Չնայած դրան, ճակատը ոչ թե խանգարեց Նիկոլ Փաշինյանին, այլ օգնեց, որովհետեւ Սերժ Սարգսյանի մնալն աղետ էր լինելու Հայաստանի համար։ Չնայած, ինչպես ժամանակը ցույց տվեց, մի աղետը մեկ այլ աղետով փոխարինվեց։ Ինչեւէ, արդեն ամռանը, երբ ավագանու ընտրություններ էին, արդեն պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանը գնում է իշխանությունն ուզուրպացնելու ճանապարհով։ Այսինքն՝ շատ կարճ ժամանակում այն խոսքերը, որ ասում էր՝ «սա բոլոր ընդդիմադիրների պայքարն է», «սա ճակատի, իմ, «Մերժիր Սերժին»-ի պայքարն է», հետո դա դարձավ մենակ իր ու «Մերժիր Սերժին»-ի ու ժողովրդի պայքարը, հետո էլ դարձավ իր եւ ժողովրդի պայքարը, հետո՝ իր ու «Իմ քայլի» պայքարը, եւ վերջում մնաց բացառապես իր պայքարը, եւ ինքը կամայական ցուցակ կազմեց ե՛ւ ավագանու, ե՛ւ պառլամենտի։ 

- Սերժ Սարգսյանն ասում է՝ այս խզբզվածքն իմ պրոյեկտը չէ։

- Սարգսյանն այնքա՜ն բաներ է ասել, ասել է՝ 2013-ի եւ 2008-ի ընտրություններում ես հաղթել եմ, կեղծիք չի եղել։ Ասում էր նաեւ, որ այնտեղ կանայք ու երեխաներ կային։ Նախ, երեխաներ Ռադիոտան շենքում չկային։ Երկրորդ․ Ռադիոտունն էլ ոստիկանությունից մի 500 մետր էր հեռու։ Առաջին իսկ հրամանի դեպքում, ընդամենը 5 րոպեի ընթացքում կարող էին հանգիստ բերման ենթարկել, քանի որ լրիվ օրինական հիմքերն ունեին գործողություն կատարելու։ 
Իսկ Սարի թաղում երեխաներ չկայի՞ն։ Մարտի 1-ին։ Կամ՝ համալսարանում դռները բաց ընդունեցին Նիկոլ Փաշինյանին, ի տարբերություն 13 թվականի, որտեղ ախալքալաքցիների զորքն ուղիղ եթերում ոստիկանության հետ ընդդիմության համակիրների նկատմամբ բռնություն կիրառեց։ Մենք արդեն տեղեկություն ունեինք, որ ԵՊՀ-ի ղեկավարությունը՝ ամբիոնների վարիչներ, դեկաններ, ուսանողներին ասում էին՝ գնացեք, ձեր իրավունքները պաշտպանեք, ի տարբերություն 2013-ի։ Կամ՝ օլիգարխների աշխատակիցների գալը հրամաններով, մինչդեռ նախկինում սա արգելված էր։ Մենք լուսնից չենք իջել, ճանապարհ անցել ենք, տեսել ենք՝ իշխանությունն իրեն ինչպես է պահում, երբ իր կողմից կազմակերպված հավաք չի լինում։ Եվ իշխանությունները շատ գեղեցիկ խաբեցին հասարակությանը ու Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով՝ ըստ էության համակարգն ամբողջությամբ պահպանեցին։ Վաղը չէ, մյուս օրը հները եթե իշխանության գան, ասելու են՝ եթե բան լիներ, հենա՝ Նիկոլ Փաշինյանը կբացահայտեր։ Սա՝ մեկ, եւ երկրորդ՝ տեղի ունեցավ «ընդդիմություն» հասկացության լայնածավալ փչացում, որովհետեւ էլի մատուցելու են, որ Նիկոլն էլ էր ընդդիմադիր, տեսա՞ք՝ եկավ ի՞նչ արեց, որ մնացածն ինչ անեն։ Բայց նա ոչ թե ընդդիմադիր է եղել, այլ երկար ժամանակ իշխանության կողմից ներդրված ական։ 

- Արմեն Գրիգորյանն ու Դավիթ Սանասարյանը իշխանության հետ մնացին։ Փաստորեն, իրենք Ձեզ դավաճանեցի՞ն։

- Այո, դա իրենց խնդիրն է, չեմ ուզում քննարկել։