Ինչ ցանես, այն կհնձես

Ինչ ցանես, այն կհնձես

Մարդիկ ամենաշատն անարդարությունից եւ երկակի ստանդարտներից են վրդովվում: Եթե Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժումը դատապարտում ես, ապա պետք է ժամանակին դատապարտեիր նաեւ ԱՄՆ-ի` Իրաք ներխուժումը: Եթե մերժում ես արյունահեղությունը, եւ մարդկային կյանքը քեզ համար արժեք է, պետք է ձայն բարձրացնեիր նաեւ Սիրիայի ու Լիբանանի արյունահեղությունների ժամանակ: Եթե հարգում ես մարդու ազատ ապրելու, ինքնորոշվելու իրավունքը, պետք է պաշտպանեիր ոչ միայն Կոսովոն, այլեւ Արցախը: Եթե զինում ես Ուկրաինան ու նրա պայքարին սատար կանգնում, պետք է թույլ չտայիր, որ 44 օր անհավասար պատերազմ ընթանար Արցախում, եւ աչք չփակեիր թուրք-ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ` ընդդեմ հայ ժողովրդի:

Եթե աշխարհով մեկ այսօր ոտքի եք ելել, որ դատապարտեք Պուտինին եւ կանգնեցնեք ռուսական ագրեսիան, խեղկատակ Զելենսկի եք հերոսացնում եւ հանուն Ուկրաինայի դաժան սանկցիաներ սահմանում Ռուսաստանի նկատմամբ, ինչո՞ւ էիք լռում, երբ վարձկաններն ասպատակում էին Հադրութն ու Շուշին, սպանում հազարավոր հայ անմեղ երիտասարդների, երբ մարդիկ իրենց հարյուրամյա բնակավայրերը թողած` մազապուրծ փախչում էին Հայաստան: Եթե պատերազմն ու արյունահեղությունը ձեզ համար մերժելի երեւույթներ են, ինչպե՞ս էիք ողջունում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ինչո՞ւ էիք ձեր դեսպաններին ուղարկում Շուշի:

Վերջապես, եթե ժողովրդավարությունն ու հանդուրժողականությունը որդեգրել եք որպես առաջադեմ Արեւմուտքի կրեդո, պաշտպանում եք մարդու իրավունքներն ու ազատությունները, ինչպե՞ս եք ռուս ուսանողներին հեռացնում եվրոպական բուհերից, ռուս մտավորականներին ու գիտնականներին ազատում աշխատանքից, բոյկոտում ռուսական անվանումով ռեստորանները, փակում շարքային ռուս քաղաքացիների մուտքը: