Շտապում են

Շտապում են

Իրադարձությունները մեր տարածաշրջանում սկսել են արագ զարգանալ: Պարտադիր չէ, որ քաղաքագիտական լուրջ կրթություն ստացած լինես` հասկանալու համար, որ մենք ժամանակ չունենք: Թշնամին շտապում է` ուզում է հասցնել արագորեն լուծել մեր հարցերը եւ հասնել իր ուզածին, քանի դեռ աշխարհը չի խաղաղվել, եւ ամենակարեւորը` Ռուսաստանի ձեռքերն ազատ չեն արձակվել: Շտապում է նաեւ հավաքական Արեւմուտքը, որը նույնպես ուզում է արագորեն լուծել այս տարածաշրջանում վերջնական «խաղաղություն» հաստատելու գործընթացը, անգամ եթե այդ հաստատումը նշանակելու է Հայաստանի տարածքի էլ ավելի կրճատում եւ Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր անբարո պահանջների բավարարում: Այդ «խաղաղության» հաստատումը նաեւ նշանակում է Ռուսաստանի հեռացում Հարավային Կովկասից, ինչին նրանք երկար են սպասել:

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն էլ են շտապում. ուզում են՝ արագ հաստատվի այդ «խաղաղությունը», որ շարունակեն լիարժեք ապրել` հանգիստ փողոց դուրս գալ, առանց վախենալու, որ իրենց հետեւից ռեպլիկներ կարձակեն: Մեկնել գործուղումների, նոր եւ ավելի ճոխ պարգեւավճարներ ստանալ: Շարունակել տարբեր անհեթեթ ծրագրերի իրականացումը` ակադեմիական քաղաքի օրինակով, որի ընթացքում մեծ փողեր կլվացվեն: Ավարտին հասցնել պետական ինստիտուտների կազմաքանդումը: «Խաղաղությունն» անհրաժեշտ է նաեւ, որ վերջնականապես ազատվեն Արցախի բեռից, բանակ պահելու անհրաժեշտությունից, սահմանին զոհերի մասին տեղեկություններ հաղորդելու ամոթից, եւ իրենց ուղղված թուքումուրն էլ նվազի: Նրանք էլ են հոգնել այս անկայուն վիճակից եւ խաղաղ կյանք են ուզում: Բայց այդ խաղաղ կյանքը չի գալիս: Առհասարակ` այն որեւէ մեկի ցանկությունից կախված չէ: Դա աշխատանք է` ծանր աշխատանք, որը «խաղաղասերներն» ունակ չեն կատարելու: