Նիկոլ, զգույշ, վատ երազ եմ տեսել

Նիկոլ, զգույշ, վատ երազ եմ տեսել

Վերջերս անընդհատ ծանր երազներ եմ տեսնում, բայց այն, որ տեսա հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը, պատմելու չէ ընդհանրապես: Բայց պատմեմ: Ուրեմն՝ կառավարության շենքում եմ, սպասում եմ, որ նիստն ավարտվի, մտնեմ Նիկոլին մի երկու խոսք ասեմ այս ծանր իրավիճակի մասին: Նիստը վերջապես ավարտվեց, միջանցքը լցվեց նախարարներով ու գերատեսչությունների այլ ղեկավարներով: Նիկոլը դուրս չեկավ:

Մտածեցի՝ երեւի նիստերի դահլիճի հետնամուտքով է մտել կաբինետ: Միջանցքում ես էի, Սուրեն Պապիկյանն էր, Արսեն Թորոսյանը՝ Անահիտ Ավանեսյանի հետ, Ռոմանոս Պետրոսյանը եւ Գագիկ Ծառուկյանը: Զրուցում էինք, ձեռքի հետ էլ սպասում անկարեւոր նախարարների հեռանալուն, որ կարողանանք Նիկոլին տեսնել: Մինչ Պապիկյանն ու Ռոմանոսը խորացել էին կովկասյան ընձառյուծի թեմայի մեջ, ես Ծառուկյանին կիսաձայն, համարյա շշուկով հարցրի.
- Ո՞նց եք, պարոն Ծառուկյան, ի՞նչ գործով եք եկել:
- Գիտես, էլի, մինչեւ ժողովուրդը լավ չլինի, ես ո՞նց կարող եմ լավ լինել: Խաղողի բերքահավաք է, համապատասխանաբար բերքը չեն ընդունում, ուզում եմ Նիկոլը թույլ տա, որ ես ընդունեմ, մարդիկ չկոտորվեն:
- Ուշ չի՞…
- Չէ, համապատասխանաբար ճիշտ ժամանակն է, խաղողի ամենաքաղցր ժամանակը…

Մեկ էլ էն կողմից Արայիկ Հարությունյանը գլորվելով եկավ ու հեւալով, թե՝ տղեք, վատ լուր ունեմ:
Անհանգստացանք՝
- Արայիկ, խոսա, ի՞նչ է պատահել…
- Ի՞նչ պիտի պատահեր, Նիկոլը մեռավ,- մի կերպ արտաբերեց ու սկսեց ողբաձայն լաց լինել:
- Ո՞նց թե՝ մեռավ, համապատասխանաբա՞ր…
- Էդ, ինչ է, կատակո՞ւմ ես, պարոն Ծառուկյան, ի՞նչ է նշանակում՝ համապատասխանաբար,- Ծառուկյանին վրա քշեց Ռոմանոսը:

Որպես արմատներով ընդդիմադիր՝ ես կանգնեցի նրանց արանքում, որ չթողնեմ բանը ձեռնամարտի հասնի, այլապես Ռոմանոսից մի խոնավ հետք էր մնալու:
- Հանգստացիր, Ռոմանոս,- ասացի,- մարդը հարցնում է՝ Նիկոլը հիմնակա՞ն է մեռել, թե՞ ոնց:
Իմ այս խոսքի վրա Անահիտ Ավանեսյանի ուշքը գնաց: Ա՛հ արեց ու կընկներ, եթե Թորոսյանը չբռներ: Մենք անմիջապես ձեռ գցեցինք, Անահիտին պառկեցրինք դիվանին, իսկ Ռոմանոսը գնաց՝ ջուր բերի: Մեկ էլ Արոն, թե՝ այ մարդ, ես ասում եմ Նիկոլը մեռել է, դուք էստեղ Անահիտի՞ն եք ուշքի բերում: Նրա այդ դիտարկումը զայրացրեց Պապիկյանին.
- Իզուր չեն, էլի, քեզ դդում ասում, Արո, մենք Նիկոլին այլեւս ինչո՞վ կարող ենք օգնել, իսկ այսպես գոնե մի կյանք կփրկենք:
- Ճիշտ ա ասում պարոն Պապիկյանը,- մեջ մտավ Արսեն Թորոսյանը, որ բոլորիցս ավելի շատ էր դողում Անահիտ Ավանեսյանի առողջության վրա: Շտապօգնություն չկանչե՞նք:
- Չէ՛, չէ՛, արդեն լավ եմ, ինձ տարեք Նիկոլի մոտ,- հանկարծ խոսեց Ավանեսյանն ու ուժ տվեց, որ նստի:

Եվ մենք ուղեւորվեցինք Նիկոլի կաբինետ: Առջեւից ես էի գնում, հետո գալիս էին Արսեն Թորոսյանն ու Պապիկյանը՝ Անահիտի թեւերն ընկած, ապա՝ Գագիկ Ծառուկյանը, իսկ վերջից՝ Արայիկ Հարությունյանն ու Ռոմանոսը՝ ջրով բաժակը ձեռքին: Հասանք կաբինետի դռանը, եւ ես սովորականի նման քաղաքավարի թակեցի դուռը… Ներսից ձայն հանող չեղավ: Նորից թակեցի՝ դարձյալ լռություն: Վրա հասած Ծառուկյանն առաջարկեց մտնել: Նրա առաջարկը հավանության արժանացրեց Ռոմանոսն ու սկսեց կարգադրություններ անել.
- Մտեք, բայց զգույշ, նոր ա մեռել, կարող ա մի բան էն չանենք ու գործը փչացնենք… Առաջինը Դուք մտեք, պարոն Պապիկյան, ի վերջո, փոխվարչապետ եք:
- Չեմ ժխտում, բայց ավելի լավ է բժիշկները մտնեն, հետո՝ մենք,- պատասխանեց Պապիկյանը՝ Անահիտին ամբողջությամբ հանձնելով Թորոսյանի տնօրինմանը:
- Իսկ գուցե, այնուամենայնիվ, շտապօգնությո՞ւն կանչենք,- հակառակվեց Թորոսյանը:
- Վայ ձեզ բժիշկ ասողի,- զայրացա ես ու դուռը հրեցի, որ բացեմ:
- Դեպի քեզ,- հուշեց Պապիկյանը:

Հուշիկ քայլերով մտանք ընդունարան եւ ոտքի ծայրերի վրա մոտեցանք կաբինետի դռանը: Արանքից նայեցինք՝ բազմոցի վրա պառկած էր երկարուձիգ, ոտքերն էլ հավասար՝ իրար կողքի դրած: Անհամբերությունից առաջինը էլի ես ներս մտա, հետո՝ Պապիկյանը եւ մյուսները: Հիմա կանգնել, լուռ նայում ենք: Մեկ էլ Ռոմանոսը խոսեց.
- Տեսնես ինչի՞ց ա մեռել:
- Ուժեղ սթրես ա տարել, տեսեք՝ հոնքերը ոնց է կիտել: Պատահում է ուժեղ սթրեսից,- դիագնոզ տվեց Արսեն Թորոսյանը:
- Կորոնա ա… մասկա դրեք, ալկոգելով շփեք ձեռքերը,- աշխուժացավ Անահիտը:
- Բայց զգո՞ւմ եք, ընդհանրապես չի փոխվել, նույն Նիկոլն է, ոնց որ համապատասխանաբար քնած լինի…
Ծառուկյանի այդ դիտարկման վրա Անահիտ Ավանեսյանը կրկին ուշաթափվեց: Մի կերպ ձեռ գցեցինք, որ չընկնի Նիկոլի վրա, բայց չիմացանք որտեղ պառկեցնենք, քանզի միակ բազմոցը Նիկոլն էր զբաղեցրել: Ես առաջարկեցի հանգուցյալին մի քիչ բրթել եւ Անահիտին պառկեցնել կողքին: Պապիկյանը, թե՝ դու ասիր, դու էլ բրթի:
- Բրթեմ, ախպեր, մեր Նիկոլն է, ուրիշինը չէ:
Վճռական քայլերով մոտեցա, որ հրեմ թիկնակի կողմը, բայց, չգիտես ինչու, գուցե իմ ստրախովկայի համար, ձայն տվեցի.
- Նիկո՞լ, պարոն Փաշինյա՞ն…
Չէ, ձայն չհանեց:
- Է՛, դե շուտ արա, Անահիտը ձեռքից գնում է, շուտ պառկեցնենք, Ռոմանոս, ջո՞ւրն ինչ եղավ,- նեղսրտեց Թորոսյանը:
- Հրես, պարոն Թորոսյան:
- Պզզացրու…
- Ի՞նչը:
- Ջուրը, այ մարդ, չես իմանո՞ւմ ինչը: Դեմքին պզզացրու:
- Ո՞ւմ դեմքին, պարոն Թորոսյան:
- Անահիտի, էլ ո՞ւմ:

Պապիկյանի օգնությամբ Նիկոլին մի քիչ բրթեցինք ու Անահիտին պառկեցրինք կողքին: Խեղճ կինը գույնն այնպես էր գցել, որ Նիկոլից համարյա չէր տարբերվում: Պապիկյանն ինձ մի կողմ քաշեց ու ականջիս փսփսաց.
- Մահախոսական պիտի գրվի, կգրե՞ս:
- Սիրով, պարոն Պապիկյան:
Մեկ էլ Ռոմանոսը, որ մեզնից շատ հեռու չէր, չուզողաբար միջամտեց.
- Տենց բաները մրցույթով են անում, պարոն Պապիկյան, թափանցիկ: Եկեք մրցույթ հայտարարենք, մի 3 միլիոն ֆոնդ դնենք, ով հաղթեց, նրա գրած մահախոսականն էլ կհրապարակենք:
Ես դարձա Պապիկյանին.
- Հիմա տեսո՞ւմ եք՝  Նիկոլն ինչից է մեռել: Այ, սրա նմաններից:

Մեր խոսակցությունն ընդհատեց տիկին Անահիտը, որ ուշքի էր եկել ու փորձում էր նստել տեղում: Բայց նրա անհանգիստ շարժումներից էր, թե Ռոմանոսի բարձրաձայնած 3 միլիոն թվից, Նիկոլը խորը հորանջեց ու կես արթուն-կես քուն ինչ-որ անհասկանալի բառեր արտաբերեց: Մենք քարացանք տեղում: Անահիտը կրկին հորիզոնական դիրք ընդունեց: Թորոսյանը նրան հորդորեց չշարժվել:

- Արո, էս ի՞նչ էր,- խիստ տոնով հարցրեց Պապիկյանը:
- Եսիմ, պարոն Պապիկյան, ես ստուգել էի, մեռած էր:
- Բա որ մեռած էր, ո՞նց է հիմա համապատասխանաբար խոսում…
- Ես էլ պարզորոշ լսեցի, նա ինչ-որ բառեր արտաբերեց: Ամենայն հավանականությամբ, խորը քնած է, եկեք գնանք, թողնենք քունն առնի,- առաջարկեցի ես:
- Բա Անահիտի՞ն ինչ անենք,- անհանգստացավ Թորոսյանը:
- Ի՞նչ պետք է անենք, երեսին ջուր պզզացրեք, արագ ուշքի բերեք, հո այստեղ չե՞ք թողնելու,- կարգադրեց Պապիկյանն ու հեռացավ: Նրա հետեւից ես ու պարոն Ծառուկյանը դուրս եկանք՝ համապատասխանաբար հուսախաբ: Կառավարության շենքի դիմաց, երբ բաժանվում էինք, ձեռքս այնպես սեղմեց, որ ցավից արթնացա:

ՀԳ. Երկար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ: Մի կերպ հասա խոհանոց, սուրճ սարքեցի եւ դուրս եկա պատշգամբ, որ գիշերվա լռության մեջ վերագտնեմ ինձ: Առաջին բանը, որ ընկավ աչքիս, Աճառյան փողոցի վրա կախված հսկա ցուցանակն էր՝ կովկասյան ընձառյուծի նկարով: Վրան էլ մակագրություն՝ ով վնասի, կտուգանվի 100-500 միլիոն դրամով՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: Ծիծաղելի էր, անշուշտ: Ուրեմն Նիկոլին հայհոյելու կամ ողջունելու համար 100 հազարով են տուգանում, իսկ ընձառյուծի քեֆին դիպչելու համար 100 միլիոն: Էս չե՞ս, Ռոմանոս: Երազիս մեջ էլ այնպես էիր անհանգստացել Նիկոլի համար, ասես դու էիր մեռել: