Կարեն Անդրեասյանին Փաշինյանն է թիկնապահներ տրամադրել 

Կարեն Անդրեասյանին Փաշինյանն է թիկնապահներ տրամադրել 

Օրերս ականատես եղանք, թե ինչպես է ժամը 18։00-ին՝ օրենքով սահմանված աշխատանքային ժամի ավարտին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը լքում աշխատավայրը։ Այդ ընթացքը իր ձևով միջնադարյան ծիսակատարության էր նման, երբ թագավորներին պալատականները ճանապարհում էին ինչ-որ տեղ, օրինակ՝ որսի։ Կարեն Անդրեասյանի հետ միասին ԲԴԽ շենքից դուրս եկան շենքի անվտանգությունը հսկող մի քանի աշխատակիցներ, ապա ԲԴԽ նախագահին սպասարկող ծառայողական «նժույգը»` Toyota Land Cruiser-ը մտավ ԲԴԽ բակ, հասավ շենքի մուտքի դռներին, կանգնեց դռների մոտ 2 մետր հեռավորության վրա, ապա մեքենայից իջան սևազգեստ մարդիկ, Անդրեասյանի համար հատուկ բացեցին մեքենայի դուռը, նա նստեց, փակեցին ու արագ մեկնեցին։ Տեսարանն, ինչ խոսք, տպավորիչ էր։ 

Բանն այն է, սակայն, որ, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պետական պահպանություն սահմանվում է 3 պաշտոնյայի՝ վարչապետի, Հանրապետության նախագահի, և Ազգային ժողովի նախագահի համար, հետևաբար հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ԲԴԽ նախագահը շրջում թիկնապահներով։ 

Մենք գրավոր հարցմամբ փորձեցինք պարզել, թե ինչ իրավական ակտի հիման վրա է Անդրեասյանին թիկնազոր տրամադրվել։ Հետաքրքրվել էինք նաև, թե քանի՞ թիկնապահ է նրան հսկում, ովքե՞ր են այդ թիկնապահները՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայության աշխատակիցնե՞ր են, թե՞ Անդրեասյանն ինքն է իր համար մասնավոր պահնորդական ծառայություն վարձել, հարցրել էինք նաև, թե ԲԴԽ նախագահի ինչի՞ն են պետք թիկնապահները, արդյոք նրա անվտանգությանը սպառնացող ռեալ վտանգ կա՞, որի մասին նա տեղյակ է։ 

Մեր այս հարցերին ի պատասխան՝ ԲԴԽ-ից հետևյալ պարզաբանումն են ուղարկել․ 

«Ի պատասխան 2022 թվականի հոկտեմբերի 28-ի ԲԴԽ նախագահին հասցեագրված Ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ ՀՀ-ում պետական պաշտոնյաների պահպանությունն իրականացվում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված կարգով։ Բարձարագույն դատական խորհրդի նախագահի պահպանությունն իրականացվում է վերոհիշյալ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ ՀՀ վարչապետի որոշման հիման վրա, որը, ըստ նույն օրենքի, ենթակա չէ հրապարակման: Պետական պահպանության ծառայությանն առնչվող հավելյալ հարցերը կարող եք հղել իրավասու մարմնին»,- պատասխանել են ԲԴԽ-ից։ 

Փաստորեն ստացվում է, որ Անդրեասյանին վարչապետ Փաշինյանի հրամանով են թիկնազոր տրամադրել։ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, հիշեցնենք, որ մի քանի օր առաջ մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքը իր նշանակման «առաջին օրվանից հրաժարվել է պետական պահպանության ծառայության ծառայություններից, թիկնապահներից, ուղեկցող մեքենայից»։

Մենք նրան հարցրինք՝ իսկ ինչո՞ւ է հրաժարվել. «Որովհետև, ամենաառաջինը` չեմ արել այնպիսի բան, որի համար ես վախենայի, և մինչև վերջին օրն էլ թիկնապահի ծառայությունից չեմ օգտվել։ Ոչ մեկից չեմ վախեցել, չեմ արել այնպիսի բան, որի համար մտահոգվեի, կամ վախեցած լինեի»,- պատասխանեց Վարդազարյանը։ 

Բարձրագույն դատական խորհուրդը, ըստ էության, դատական իշխանության ղեկավար ստորաբաժանումն է, իսկ, ինչպես գիտենք, դատական իշխանությունն անկախ է օրենսդիր և դատական իշխանություններից։ Վարդազարյանին հարցրինք՝ վարչապետի կողմից ԲԴԽ նախագահին պետական պահպանություն տրամադրելը արդյոք դատական իշխանության անկախությունը չի՞ նվազեցնում. «Չեմ կարծում, որ անկախության վրա թիկնապահ ունենալը կարող է ազդել, դրանք փոխկապակցված չեն։ Այսինքն՝ բարձրագույն դատական խորհրդի անդամ նախագահը որոշում ընդունելիս դժվար թե վախենա կամ կախված լինի թիկնապահների առկայությունից կամ բացակայությունից»,- պատասխանեց Վարդազարյանը։