ԲԿ-ից փախած կալանավորը 7 անգամ դատապարտված է եղել․ հարուցվել է քրեական գործ

ԲԿ-ից փախած կալանավորը 7 անգամ դատապարտված է եղել․ հարուցվել է քրեական գործ

Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել 31-ամյա դատապարտյալ Արայիկ Սարգսյանը։  Ա. Սարգսյանը (նախկինում դատապարտված 7 անգամ) դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով։ Նրան  մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Սարի թաղ 1-ին փակուղի 8 տան բնակիչ Համլետ Սերգեյի Մնացականյանի զգալի չափերի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, 2016թ. հոկտեմբերի 16-ին ժամը 13-ի սահմաններում միայնակ նշված տան հետնամասի կիսաբաց պատուհանի տակ մետաղյա իրանով աստիճանը տեղադրելուց հետո ապօրինի մուտք է գործել բնակարան և ննջասենյակի դարակի միջից գաղտնի հափշտակել է 2 հատ ոսկյա վզնոց, 1 հատ ոսկյա մատանի և 1 հատ ոսկյա թևնոց և դիմել փախուստի` պատճառելով 500000 ՀՀ դրամի գույքային վնաս, իսկ ոսկյա զարդերը նույն օրը վաճառել է Երևան քաղաքի Վերնիսաժ կոչվող առևտրի տաղավարում` ստանալով 700 ԱՄՆ Դոլարի գումար:
 
Քրեակատարողական ծառայությունից մեզ հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն կարող հայտնել՝ ելնելով քննության շահերից։

Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 315 րդ (պաշտոնեական անփութություն) եւ 355-րդ հոդվածով (փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից)։