Սխալ մոդերացիայի պարագայում աղջիկների առկայությունը բանակում ոչ միայն օգուտ չի տա, այլ կկանգնեցնի կործանման եզրին

Սխալ մոդերացիայի պարագայում աղջիկների առկայությունը բանակում ոչ միայն օգուտ չի տա, այլ կկանգնեցնի կործանման եզրին

Կանանց կամավոր պարտադիր զինծառայության անցնելու թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է նախկին հատուկջոկատային-հետախույզ, դիպուկահար Անդրանիկ Պողոսյանի հետ։

-Ի՞նչ եք կարծում` ինչու հանկարծ իշխանությունները որոշեցին, որ այս ծայրահեղ խնդրահարույց ժամանակներում նաև կանայք պիտի ծառայեն բանակում։

-Թե ինչ նպատակ է հետապնդում, դժվար է ասել ու ընդհանուր առմամբ այս հարցի շուրջ մարդկանց կարծիքները շատ հակասական են։ Ժողովրդի մի մասը պնդում է, որ իշխանություններն արական սեռը գլխատեցին, հիմա էլ նպատակ են դրել իգական սեռը կրճատեն։ Մի մասը պնդում է, որ ուզում են ուղղակի հայկական ավանդույթները պղծեն և հայ ազգին զրկեն հայ լինելուց, մյուս մասը մտածում է, որ աղջիկներին բանակ զորակոչելով հայկական բանակը միանգամից հզորանալու է, բայց թե իրականում ինչ նպատակ է հետապնդում իշխանությունը այս քայլին գնալով՝ թերևս հիմա ոչ մեկ չգիտի։ Ես միայն կարող եմ իմ կարծիքը բարձրաձայնել և հաշվարկել այլ ռիսկերը, որոնք կան հիմա և առաջանալու են հետագայում, եթե այդ ծրագիրը իրագործվի։

-Արդյոք մենք այս փոփոխության կարիքն իսկապես ունեի՞նք ու արդյոք այս պահին նման որոշումը վտանգավոր չէ բանակի համար։

-Այո։ Ես կարծում եմ Հայկական բանակն ուներ այս փոփոխության կարիքը և այն բավականին ուշացել է, որովհետև նման ճնշված պայմաններում, որում գտնվում է Հայաստանը՝ միգուցե հնարավոր չլինի այդ ծրագիրը կյանքի կոչել։ Դա հսկայական աշխատանք պահանջող նախագիծ է, որի սխալ մոդերացիայի պարագայում աղջիկների առկայությունը բանակում ոչ միայն օգուտ չի տա, այլ կկանգնեցնի տոտալ կործանման եզրին։ Դա շատ նուրբ թեմա է, ու անընդունելի է ուղղակի մի օր քնից շուտ արթնանալ ու որոշել, որ աղջիկները ևս պետք է ծառայեն բանակում։

-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի հասկանանք, որ հայկական բանակը պատրաստ է ընդունել կին զինծառայողներ բանակի շարքերում, ինչ փոփոխություններ, կադրեր են անհրաժեշտ։

-Նախ սկսենք այնտեղից, որ հայտարարված 6 ամիսը շատ քիչ ժամկետ է, որպեսզի մարդ կարողանա տիրապետի զինվորական մասնագիտությանը։ Եթե մենք վերցնում ենք Իսրայելի մոդելը, ապա պետք է մոռանանք հայկական նախկին մոդելը, որտեղ կանայք մեծ մասամբ ոչ թե ծառայում էին, այլ ուղղակի «կանացի աշխատանք» էին կատարում սպաների համար` սուրճ էին եփում, մաքրություն էին անում, սեղան էին գցում -հավաքում և այլն։ 
Առաջնահերթ անհրաժեշտ է սկսել դպրոցներից և աշակերտներին տալ որակյալ կրթություն ֆիզկուլտուրա և ռազմագիտություն առարկաներից։ Մինչ աղջիկներին բանակ զորակոչելը անհրաժեշտ է 4-5 տարի կին հրամանատարներ պատրաստելու և համապատասխան շենքեր կառուցելու համար։ Երբ շենքերի և հրամանատարների անհրաժեշտ քանակը ապահովվի՝ նոր հնարավոր կլինի աղջիկներին զորակոչել բանակ և ոչ թե կամավորական սկզբունքով և 6 ամիս ժամկետով, այլ պարտադիր և 1,5 տարի ժամկետով։

-Անդրադառնանք հայտարարությանը, որ ծառայության ավարտից հետո կանանց վճարելու են։ Ի՞նչ վտանգ է դա իր մեջ պարունակում։

-Նախ և առաջ պետք է վճարել ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց, այլապես կոտնահարվեն տղամարդկանց կամ տղա զինծառայողների իրավունքները։ Ծառայությունը պետք է հավասար լինի երկու սեռի համար էլ՝ բալանսը հնարավոր է պահել այդպես։ Ընդհանուր ծառայության ժամկետը անհրաժեշտ է սահմանել ոչ թե 2 տարի, այլ կրճատել 6 ամսով և դարձնել 1,5 տարի։

-Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել կանանց զինծառայության պայմաններում։

-Աղջիկների ծառայության կարևոր երկու բաղադրյալը պետք է լինի մարտարվեստի տիրապետումը, ձեռնամարտի հմտությունները և կրակային պատրաստությունը։ Հայկական բանակին կին հրետանավոր կամ տանկիստ անհրաժեշտ չէ, բայց լավ հրաձիգների, դիպուկահարների և ԱԹՍ-ների կառավարման մասնագետների կարիք, իհարկե, կա։
Բանակում անհրաժեշտ է ավելացնել մարզասրահներ և մի շարք հնացած և անիմաստ դասեր փոխարինել մարզական պատրաստության դասերով, օրինակ, դասավանդել մարտական սամբո և կրավ-մագա մարտարվեստները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձնել հոգեբանական պատրաստվածության վրա։ Կանանց զորամասերում օրենքով արգելել տղամարդկանց մուտքը ու նույնիսկ կորպուսի գեներալների այցերից առաջ նախապես պատրաստել աղջիկներին, հետո նոր կազմակերպել ընդունելությունը։