Նարինե Գրիգորյանի բեմական նոր հանդերձանքը մուշտակով

Նարինե Գրիգորյանի բեմական նոր հանդերձանքը մուշտակով

Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դահլիճում դեռեւս «տնվոր» (թատրոնի նոր շենքը կառուցվում է) Համազգային թատրոնը, հարուստ խաղացանկից զատ, զարմացնում է նաեւ իր տարածքային լուծումներով։
Սովորականից դուրս լուծում է գտնվել Դեյվիդ Այվզի «Մուշտակով Վեներան» անսովոր ներկայացման համար, որը սկզբնապես փոքր բեմում ներկայացվել էր իբրեւ թատերականացված ընթերցանություն, ապա բարձրացել բեմ։
«Մուշտակով Վեներան» ներկայացումը նույնպես ընթանում է մտերմիկ միջավայրում․ դերակատարներն ու վեց տասնյակ հանդիսականը նույն հարթության վրա են՝ բեմահարթակում։ Եվ հանդիսատեսը միաժամանակ հետեւում է ներկայացմանն ու մյուսների վիզուալ արձագանքին։ Բոլորի աչքի առաջ ծավալվում է անսովոր, մեղսավոր, հումորային տարրերով դրամատիկ մի պատմություն՝ երկու դերակատարով։ 

Ինչի մասին է պիեսը եւ ինչի մասին՝ Համազգայինի ներկայացումը, երբ պիեսի թարգմանիչ ու բեմադրիչ Սերժ Մելիք-Հովսեփյանի խոսքով՝ պիեսից դուրս խոսքեր չկան։

Պիեսի հիմքում ավստրիացի գրող Լեոպոլդ ֆոն Զախեր- Մազոխի՝ 1869 թվականին գրված հայտնի գործն է, որի գլխավոր հերոս Սեւերինի էրոտիկ երազանքների իդեալը հզոր ու գեղեցիկ «մուշտակով Վեներան» է, ժանրը՝ սեռահոգեկան, կոմիկական թրիլլեր։ Հայկական դրամատիկ ներկայացման մեջ սեռահոգեկանը բազմաշերտ ֆոն է՝ բացահայտելու մարդու հոգին․ դու իսկապես դա ես ուզում, իսկ գուցե հեռացել ես քո էությունից։ Անսպասելի ու գույն առ գույն փոփոխվում են կին-տղամարդ, բեմադրիչ-դերասանուհի, երկու մարդու հարաբերությունները ենթաշերտերով ու յուրահատուկ դիտանկյունով, որ չի եղել հայ թատրոնում։

Ներկայացման դերաբաշխումն ավարտած, հոգնած-ինքնահավան ռեժիսորը (Նարեկ Բաղդասարյան) շտապում է մտերմուհու հետ հանդիպման։ Ահա՝ կոմիկական հեւիհեւությամբ հայտնվում է դերասանուհին՝ «Աստված վկա, այդ դերի համար եմ ծնվել», խնդրելով-լացով համոզում արդեն հեռացող ռեժիսորին։ Ու քանի որ մեծ ճամպրուկով իր հետ բերել է նաեւ հարկ եղած բեմական զգեստներն ու նաեւ ռեկվիզիտ՝ գոտի, դանակ, փորձն իրական ներկայացում է դառնում։ Ռեժիսորի կասկածամիտ հայացքի տակ շերտ-շերտ բացահայտվում, կիսամերկանում ու հանդերձավորվում է հանելուկ կինը․ «Էս մասը ո՜նց եմ սիրում, մետրոյում եմ աչքի անցկացրել»։ 

Դերասանուհու գայթակղիչ-շաբլոն կիպ կաշվե հագուստը փոխարինվում է չափավոր լանջաբաց, փիրուզագույն, շքեղորեն ծավալվող, ժամանակաշրջան չհուշող, միաժամանակ նորաձեւ, անչափ կանացի ու դիցական հանդերձով։ Անգամ մուշտակներն են երկուսը՝ թեթեւասահ կարմիրը՝ իբրեւ մուշտակի ակնարկ, եւ սեւաթույրը՝ շքեղ ու պարուրող (բեմի ձեւավորումը եւ զգեստները՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի)։ Դերակատարումն անսովոր ու գեղեցիկ գույն է դերասանուհու ներկապնակում։ Նարինե Գրիգորյանը հանդիսականի աչքի առաջ երկչոտ-խնդրարկու քաստինգային սկսնակից վերաճում է տիրական-տաղանդավորի, վերիմաստավորելով պիեսի՝ «Աստված պատժեց նրան եւ կնոջ ձեռքը տվեց» Հուդիթի գրքից պիեսի բնաբանը։ Ոչ միայն անհաս, հզոր գեղեցկուհի, ճակատագրական կին, կործանիչ էություն իմաստով, ավելի լայնախոս հայացքով՝ ոչ միայն կին, այլեւ բարդ մի կառույց, մարդ արարած։ 

Նարեկ Բաղդասարյանը լավագույնս խաղարկում է իր կաշկանդված լինելը՝ շարժուձեւով, խոսվածքով, վարքագծով․ երբ անգամ ռեժիսորի բարձր դիրքից չի կարողանում մերժել անծանոթին։ Առաջին հայացքից՝ խճճված, հոգնած արվեստագետ, երեւութապես դժվարահաճ զրուցակից, արտաքնապես էլ՝ պիջակների ու սյուրթուկների մեջ սեղմված։ Իդեալական դաստիարակության ընկերուհին ավելի է կաշկանդել իր դղյակում փակված ռեժիսորին՝ մանկության տրավմայի, ֆանտազիաների ու շեղումների հետ։ Ինքն էլ չգիտի՝ ինչ է ուզում կյանքից, թատրոնից, եւ սկսում է փորձարկումը։ Հուզական անկեղծության բարդ անցումներով երկու մարդ շերտ առ շերտ բացահայտում են միմյանց եւ բախվում ոչ միայն մազոխիստական երեւակայություն, այլեւ իրական էություն բացահայտելու դժվարությանը։ Սադիզմ-մազոխիզմը Համազգայինի ներկայացման բազմաթիվ շերտերից մեկն է, իսկ դերասանուհուն հաջողվում է անպարկեշտ բառերն այնքան սահուն-լղոզված արտաբերել, որ տարակուսում ես՝ արդյոք հենց դա՞ ասաց։ Դերակատարումն ինչպես էր հարաբերվում վերջին տարիներին Նարինե Գրիգորյանի լավագույն դերացանկի հետ։

Հիշենք դժվար պարտվող, անհուսությունից ելք փնտրող, փլված, ուրախ, խելառ, սեւեռուն մտքերով, բազմադեմ Բելլային («Մոլորված Նյու Յորքում»), թույլ տեսնող, բայց հոգով անկասելի Էննի Սյուրիվանին, անբառ վայելող իր՝ գիտակցված կյանք շնորհելու հաղթանակը։ («Հրաշագործը»)։ Եվ Գոմեշին՝ սեփական կյանքն ու մաքառումն ի ցույց դնող, կայտառ, նպատակասլաց, անձնուրաց, պահանջատեր։

Դերասանուհին անսովոր վիճակում է, քանի որ Վեներան ո՛չ Գոմեշ է, ո՛չ Էննի, ո՛չ էլ Նյու Յորքում մոլորված մեկը, բայց զորում է, քանզի կերպարն ավելին է, քան Մազոխի արտասանվող տեքստը, եւ մտապահվում է բնականության հաստատումը։ Նարինե Գրիգորյան-դերասանուհին իր հմայքով ու կամքով զանց է առնում տղամարդու շեղումը, բեմականացնում ու հուզական աննշմարելի բարձրակետում՝ քավում։

Ճիշտ՝ ինչպես գլխավոր հերոսն է ասում․ «Ո՛չ մարդաբանություն, ո՛չ սոցիոլոգիա, սա թատրոն է»։

Գայանե Մկրտչյան 
Թատերագետ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ