Առաջին երեք թիրախը հայտնի են․ ում վրա կտարածվի ապօրինի գույքի բռնագանձման օրենքը

Առաջին երեք թիրախը հայտնի են․ ում վրա կտարածվի ապօրինի գույքի բռնագանձման օրենքը

Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքն ընդունելուց երկու տարի անց ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, որ  բացահայտել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 20 անշարժ և 5 շարժական գույք։

Դատախազությունից տեղեկացնում են, որ անցած տարի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատախազության համապատասխան վարչություն ստացվել է 201 քրեական գործով նյութ՝ 430 անձի վերաբերյալ, իսկ 2021 թվականի ընթացքում` 18 քրեական գործով նյութ, 1 դատավճիռ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 3 նյութ։ Այսինքն, դատախազության «բացահայտումը» վերաբերում է երեք անձանց․ «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման ընթացիկ ուսումնասիրություններից 3-ն ավարտվել են. շահագրգիռ անձինք հրավիրվել են նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու»։ 

Չնայած երկար-բարակ տեքստում փորձում են տպավորություն ստեղծել, որ 3 անձի մասին չէ խոսքը, այլ․ «Ավարտված ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 20 անշարժ և 5 շարժական գույք, 3 բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր, ինչպես նաև 6,194,611,586 ՀՀ դրամի չափով գումար»:

Ում մասին է խոսքը, ովքեր են ապօրինի գույքի սեփականատերերը, ում է ուզում Նիկոլ Փաշինյանն ունեզրկել։ Մենք պարզեցինք, որ այդ երեք անձինք են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանը եւ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը։ 

Իրավապահ մարմինների մեր աղբյուրների փոխանցմամբ, Վլադիմիր Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ դստերը՝ Անգելինային, կնոջը՝ Սուսաննա Գասպարյանին եւ այլ փոխկապակցված անձանց պատկանող գույքի ուսումնասիրությունների արդյունքում «հայտնաբերվել» են ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 4 առանձնատուն, 2 բնակարան, 3 հողամաս, 4 մեքենա, 1 ավտոտնակ։ Իհարկե, դատարանը դեռ պետք է որոշում կայացնի եւ այս գույքը ճանաչի ապօրինի ձեռք բերված, ու դատարանի վճիռ պետք է լինի այդ գույքի բռնագանձման հետ կապված։

Արամ Հարությունյանի մասով նույնպես 2 փոխկապակցված անձանց գույքի ուսումնասիրություն է կատարվել եւ հայտնաբերվել է 7 անշարժ գույք, որոնց ծագման օրինականությունը կասկածելի է թվացել, եւ մեկ ավտոմեքենա։ 

Իսկ Սերոբ Հարությունյանն ԱԱԾ այն պաշտոնյան է, որին իշխանությունները կասկածում էին Սուրեն Պապիկյանի վերաբերյալ գաղտնի տեղեկատվության արտահոսքի համար։

Հիշեցնենք, որ խոսքը Պապիկյանի կողմից թաքցված դատվածության փաստի մասին էր, որը հրապարակվեց «Հրապարակ» օրաթերթում, սակայն իշխանությունը որոշեց, որ այդ տեղեկատվությունը մենք ստացել ենք Սերոբ Հարությունյանից, եւ նրան պատժեցին՝ ազատելով աշխատանքից, թեեւ հետագայում դատարանը նրան վերականգնեց՝ ազատումը ճանաչելով ապօրինի։

Հիմա, փաստորեն, որոշել են պատժիչ գործողությունները շարունակել եւ Հարությունյանից խլել նրա գույքը։ Հարությունյանին եւ նրան փոխկապակցված անձանց, մասնավորապես որդուն պատկանող գույքի ուսումնասիրության արդյունքում էլ դատախազությունը «բացահայտել» է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող  2 բնակարան, Հյուսիսային պողոտայի 2 կայանատեղի, 1 մեքենա և 1 անշարժ գույք: 

Դատախազությունից տեղեկացնում են նաեւ, որ ուսումնասիրությամբ հայտնաբերված ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով նշանակվել է 11 փորձաքննություն, որոնցից 3-ի վերաբերյալ փորձագիտական հիմնարկից ստացվել է եզրակացություն, սակայն եզրակացության վերաբերյալ մանրամասներ չեն հայտնում։

Ինչպես նաեւ դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 6 դիմում: Մասնավորապես, թվով 3 ուսումնասիրություններին վերաբերող 4 դիմումները դատարանի կողմից արդեն իսկ բավարարվել են, մեր տեղեկություններով՝ չորս անշարժ գույքի վրա արգելանք է դրվել․ «Նշված 3 ուսումնասիրության շրջանակում համապատասխան շահագրգիռ անձինք արդեն ծանուցվել և հրավիրվել են` ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին ծանոթանալու և ստացված տվյալների առնչությամբ իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար»: Սակայն մեզ չհաջողվեց պարզել՝ ներկայացե՞լ են արդյոք, թե՞ ոչ։ 

Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը չցանկացավ պատասխանել որեւէ հարցի, մյուսների հետ կապ հաստատել չհաջողվեց։ Նշենք, որ ծանուցման փուլի ավարտից հետո գործը տեղափոխվում է դատարան, եւ գույքի ապօրինի լինելու փաստի ապացուցման բեռը դրվում է դատախազության վրա։

Նկատենք նաեւ, որ նման դատավարությունները կարող են երկար տարիներ տեւել, ապա գործերը՝ եթե բավարարվի պետության հայցը, կարող են գնալ Եվրադատարան, որտեղ, որպես կանոն, սեփականության իրավունքի հանդեպ մեծ հարգանք կա, եւ շատ հազվադեպ են ունեզրկման պրոցեսներն իրավական լուծում ստանում։