Անտեսանելիները

Անտեսանելիները

Բռնություն է համարվում նաև իշխանության կողմից անտեսումը։  Այո, այո, անտեսումը։ Կա՞ մեկը, որը չի բարձրաձայնել՝ ինչ ուզում եք ասեք, ինչ ուզում եք գրեք, ինչ ուզում եք նկարահանեք, մեկ է՝ ո՞վ է բանի տեղ դնում։ Իրենք էլի իրենց ուզածն անում են։ Ու՞մ չեն հարցրել՝ որ այդքան գրում եք, որևէ մեկը լսու՞մ է։ Արձագանքում են միայն այն դեպքում, երբ աթոռի նկատմամբ մի քիչ անհանգստություն են զգում։ Եվ արձագանքը այն է լինում, որ քրեական գործ են հարուցում կամ սկսում «օխտը պորտով հետապնդել»։  
Մեզ ոչ ոք բանի տեղ չի դնում, մենք միայն խոսում ենք,- աջուձախից սա ենք լսում։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ դա է օգտագործում իր փիառի համար։ Ասում է՝ դեմոկրատիա է, ով ինչ ուզում՝ ասում է։ Բայց հակառակ երեսը չի բացում՝ ո՞ր մի ասածին են ուշադրություն դարձրել։ Երկրի կոճի թելը թշնամու ձեռքին է դրել ու ասում՝ չգիտեմ ինչքան է ուզում, թող քաշի, տեսնենք։ «»

Ամբողջ օնլայն հարթակը հայհոյանք, անեծք, մղկտոց ու ողբ է։ Իրենք չեն լսում, ոչ մի բանի ուշադրություն չեն դարձնում։ Ու եթե փորձես տրամաբանություն գտնել այս ամենի մեջ, կընկնես անհարմար վիճակի մեջ։ Այս իշխանության ոչ մի քայլի մեջ տրամաբանություն չկա, աշխատում են՝ ինչքան հնարավոր է երկարաձգել իրենց իշխանությունը։  Այնպիսի մի իրավիճակ են ստեղծել, ասես  այս երկրի անտեսանելիներն են իրենք ՝ նրանք ոչ երևում, ոչ լսում, ոչ տեսնում են։ Ոչ մի պաշտոնյայից ռեալ պատասխան հնարավոր չէ լսել, որովհետև ներքին հրահանգ կա՝ չխոսել, որ հանկարծ տեղները չիմանան, հանկարծ չիմանան,  որ կան։ Ու այդպես էլ հինգ տարի ապրում ենք անտեսանելիների հետ, որոնք «մարդ են փախցնում» ,երբ տեսնում են, որ իրենց մի քիչ մոտեցել ու տեղը կարող է հայտնի դառնալ։  Որոնք ավերում ու ասում են, որ իրենք  ոչ մի բանից տեղյակ չեն։ Ոչ մի ողբ, ոչ մի արհավիրք, ոչ մի ցավ նրանք չեն զգում։ Երբեմն մտքովս անցնում է՝ նրանք զգայարան ունե՞ն՝ ինչ որ բանից ազդվում, տխրու՞մ են, թե նրանցը միայն «պահի կենացն է»։ Նրանք տեսանելիության իրենց միսիան ավարտել ու ապրում են անտեսանելիության, անշոշափելի աշխարհում։ Ու սպասել նրանցից որևէ տեսանելի բան, անհնարի՜ն է։ Նրանք ոչ մեկին չեն տեսնում, բացի իրենց գույնի էակներին։ 

Մի քանի օր է փորձում եմ անուն գտնել իշխանության ղեկը վերցրածների վարքագծի մասին, հասկանալ, թե ինչու՞ են այդպես անտեսում, բանի տեղ չեն դնում, ուշադրություն չեն դարձնում, ունկնդիր չեն լինում  հանրության ահագնացող ցասմանը,  բողոքին, մեկ էլ հանդիպեցի բռնության դասակարգման տեսակները․  
Ֆիզիկական,
Սեռական,
Հոգեբանական,
Անտեսում։
Փաստորեն մեր ժողովուրդը իշխանության կողմից ենթարկվում է «անտեսում» բռնության ձևի։ Մյուս ձևերը՝ հոգեբանական, ֆիզիկական, օգտագործում է, երբ իրենց տեսանելիությանը մոտ բան են նկատում։