Սպարապետը միայն Արամինն ու Արմենինը չէր, ազգինն էր

Սպարապետը միայն Արամինն ու Արմենինը չէր, ազգինն էր

Շուշիի մուտքի մոտ  այլեւս ադրբեջանական դրոշ է, ինչպեսեւ վստահ էինք՝ արդեն հասցրել են պղծել Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին եւ, իհարկե, սպարապետի արձանը։ Վերջին հանգամանքը թեժ բանավեճի առարկա էր դարձել համացանցում, ոմանք վիրավորում էին սպարապետի եղբայրներ Արամ եւ Արմեն Սարգսյաններին, որ արձանը չեն տեղափոխել եւ շարունակում են պաշտպանել Նիկոլ Փաշինյանին։ Ոմանք կոչ էին անում՝ այդ լուսանկարը չտարածել, ոմանք՝ հանգիստ թողնել Արամին ու Արմենին։

Մեզ հետ զրույցում ԵԿՄ նախկին փոխնախագահ ու վարչության ներկայիս անդամ Արա Կետիկյանը արձանը չտեղափոխելու հետ կապված ասաց․ «Վազգեն Սարգսյանը Արամ եւ Արմեն Սարգսյանների սպարապետը չէ, էս ամբողջ ազգի սպարապետն է։ Եթե մեղադրենք, բոլորս՝ յուրաքանչյուրս մեզ պետք է մեղադրենք»։

Հիշեցնենք․ երեկ առավոտյան նաեւ հայտնի դարձավ, որ մահացել է Մանվել Գրիգորյանը։ Պատերազմը սկսվելուց հետո նա, չնայած առողջական ծանր վիճակին, զինակիցների հետ մեկնել էր Արցախ, եւ այնտեղ կտրուկ վատացել էր առողջական վիճակը։ Դրան գումարվել էր նաեւ կորոնավիրուսի վարակը, եւ նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ կնքել է մահկանացուն։ Շատերը կասկածում էին, թե նա կհուղարկավորվի Եռաբլուրում՝ հաշվի առնելով հայտնի քրեական գործը, նախկին հասարակական արձագանքն ու Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը։ Սակայն պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը մեզ հայտնեց, որ որոշվել է Մանվել Գրիգորյանին հուղարկավորել Եռաբլուրում։ Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ Գրիգորյանի հարազատները ցանկանում են նրան թաղել Վազգեն Սարգսյանի կողքին, քանի որ գեներալը նախկինում միշտ ասել է՝ ինձ կթաղեք Վազգենի կողքին, ինչը մեզ հետ զրույցում հաստատեց Մանվել Գրիգորյանի այրին՝ Նազիկ Ամիրյանը։ Մեր այն հարցին էլ, թե, ըստ որոշ տեղեկությունների, ՊՆ-ից իրեն ասել են, որ Վազգենի կողքին տեղ չկա, Նազիկ Ամիրյանն ասաց․ «Մարդ եմ ուղարկել, նայել են՝ Սմբատ Այվազյանի եւ Սպարապետի գերեզմանների միջեւ կա տեղ»։ Կհամաձայնե՞ն արդյոք հուղարկավորել Եռաբլուրի այլ վայրում, եթե, այնուամենայնիվ, ՊՆ-ն մերժի, հետաքրքրվեցինք այրուց։ Նազիկ Ամիրյանն ի պատասխան ասաց, որ այդ հարցին ի վիճակի չէ պատասխանել։

Արա Կետիկյանին հարցրինք․ ի՞նչ է կարծում՝ պետք է Մանվել Գրիգորյանը թաղվի Եռաբլուրո՞ւմ։ ԵԿՄ վարչության նախկին փոխնախագահ ասաց՝ ԵԿՄ նախկին նախագահն ամենաարժանի մարդկանցից էր՝ Եռաբլուրում թաղվելու։