88 հոգով ցանկացած անհեթեթություն կարելի է անցկացնել, ի՞նչ է եղել

88 հոգով ցանկացած անհեթեթություն կարելի է անցկացնել, ի՞նչ է եղել

Սահմանադրագետ Վարդան Այվազյանի կարծիքով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագիծը ընդամենը մի նպատակ ունի՝ շրջանցել Սահմանադրական դատարանը․

«Ըստ ինֆորմացիաների՝ ես որքան հասկացա օրենսդրական փոփոխություններով ուզում են հանրաքվեի անցկացումը լինի առանց ՍԴ-ի որոշման։ Դա Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետն, որ ցանկացած փոփոխություն, որը ՍԴ-ին դուրս կթողնի, կշրջանցի, այն արդեն լինելու է հակասահմանադրական»։

Իշխանական խմբակցությունը ցանկանում է հնարավոր հակասահմանադրական նախագիծը անցկացնե՞լ՝ հարցրինք այվազյանին․

«Միանգամից շատ եք առաջ գնում, նախագիծը սահմանադրակա՞ն կլինի, թե՞ հակասահմանադրական, մենք ոչ մի բան չենք տեսել, չտեսած բանի մասին ճիշտ չի լինի կարծիք հայտնել»։

Այդ դեպքում ինչի՞ն է ծառայելու այս նախագծի ընդունումը, ո՞րն է վերջնական քաղաքական նպատակը․

«Նախագիծը նպատակ ունի շրջանցել ՍԴ-ն, իսկ Սահմանադրությամբ առանց ՍԴ-ի ոչ մի հանրաքվե չի կարող լինել։ Իսկ այդ քաղաքական նպատակի մասին խնդրում եմ հարցրեք քաղաքական գործիչներին, ես իրավաբան եմ, ես միայն իրավական մասի համար եմ պատասխանատու, իսկ քաղաքական գնահատականները թող քաղաքական գործիչները տան»,- պատասխանեց Այվազյանը։

Նրան հարցրինք նաև, թե ի՞նչ է կարծում, եթե Հովակիմյանի հեղինակած նախագիծը դրվի քննարկման, այն կդիմանա՞ քննադատությանը, Այվազյանը պատասխանեց․

«Մեր երկրում ոչ մի գործընթացում՝ սկսած 1991 թվականից՝ անկախությունից ի վեր, ոչ մի գործընթաց իրավական տիրույթում չի եղել, առավել ևս այսօր, 88 հոգի մեծամասնությամբ ցանկացած անհեթեթություն կարելի է անցկացնել, ի՞նչ է եղել»