Թե ինչպես Վահան Տերյանին մերժեցին

Թե ինչպես Վահան Տերյանին մերժեցին

Վահան Տերյանը ոչ միայն տիրապետում էր ֆրանսերենին, այսինքն՝ ֆրանկոֆոն էր, այլ նաեւ իր թարգմանություններով ու գործունեությամբ նպաստում էր ֆրանսասիրության տարածմանը Հայաստանում: Բայց դա միակողմանի չէր: Ենթադրում եմ, որ հենց ֆրանսերենի իմացությունն օգնեց նրան հեղափոխել հայ պոեզիան եւ տաղաչափությունը: Հայտնի է, որ հայոց համարյա բոլոր բառերի շեշտն ընկնում է վերջին վանկի վրա, ինչը խիստ սահմանափակում է տաղաչափության հնարավորությունները: Հայ բանաստեղծները կաշկանդված էին դրանով, եւ այդ պատճառով հայոց տաղաչափության համար ամենից բնորոշը յամբն ու անապեստն էին: Ֆրանսերենում նույնպես բառերի շեշտն ընկնում է վերջին վանկի վրա:  Ֆրանսիական պոեզիայի գիտակ Տերյանին հաջողվեց շրջանցել այդ խոչընդոտը, եւ նա դարձավ արեւելահայ շեշտական բանաստեղծության հիմնադիրը` քորեյ, դակտիլ, ամֆիբրաքոս: Բացի այդ, նա առաջինն էր, որ հայկական պոեզիա ներմուծեց ֆրանսիական բանաստեղծական ձեւերը`սոնետը, տրիոլետը, ռոնդոն եւ բազում այլ գրական ձեւեր, նաեւ` ալիտերացիա-բաղաձայնույթներ:

2011 թվականն էր: Հայաստանը 2009-ից դարձել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ եւ հերթական անգամ տոնելու էր ֆրանկոֆոնիայի տասնօրյակը: Այդ կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանատանը կայացած մամլո ասուլիսին մասնակցում էր նաեւ լուսահոգի Քրիստիան Տեր-Ստեփանյանը, որն այն ժամանակ ՀՀ արտգործնախարարի խորհրդականն էր` ֆրանկոֆոնիայի հարցերով: Նա պատմեց տեղի ունենալիք միջոցառումների մասին: Նաեւ այն մասին, թե Հայաստանն ինչ հետագա ծրագրեր է նախատեսում իրականացնել ֆրանկոֆոնիայի շրջանակներում: 

Ասուլիսից հետո մոտեցա Տեր-Ստեփանյանին եւ առաջարկեցի այդ ծրագրերին ավելացնել եւս մեկը՝ տպագրել երկլեզու ուսումնական ձեռնարկ՝ ֆրանսերենն ուսումնասիրողների համար: Այդ գրքույկում պետք է զետեղվեին Շարլ Բոդլերի «Փոքրիկ արձակ պոեմները» եւ Վահան Տերյանի կողմից կատարված դրանց հայերեն թարգմանությունները: Ընդսմին, մի էջում պետք է զետեղվեր ֆրանսերեն բնագիրը, իսկ կողքի էջում՝ դրա թարգմանությունը: Մինչ այդ ֆրանսերենի մասնագետներն ինձ հավաստիացրել էին, որ Տերյանի թարգմանությունն անթերի է: Այդ նույն ձեռնարկում կարելի էր տեղադրել նաեւ ֆրանսերենից Տերյանի կատարած այլ ստեղծագործությունների թարգմանություններն ու դրանց բնագրերը:  

Երեւանում արդեն իսկ բացվել էր Ֆրանսիական համալսարանը: Ֆրանսերենը դասավանդվում էր ԵՊՀ-ում, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, այլ բուհերում, ֆրանսիական թեքումով երկլեզու թիվ 45 եւ 48 դպրոցներում, ֆրանսիական թեքումով թիվ 119 դպրոցում: Ձեռնարկն օգտակար կլիներ ուսումնական այդ հաստատություններում սովորողների համար: Քրիստիան Տեր-Ստեփանյանը ոչ միայն համաձայնեց ներառել ձեռնարկի տպագրումը ֆրանկոֆոնիայի շրջանակներում պլանավորվող միջոցառումների շրջանակում, այլեւ … ապշեցրեց ինձ: Նա առաջարկեց իրականացնել Վահան Տերյանի բոլոր բանաստեղծությունների թարգմանությունը եւ հրատարակումը ֆրանսերենով: Իմ հարցին, թե արդյո՞ք դա հնարավոր է, նա դրական պատասխան տվեց:   

Տարվա ընթացքում մի քանի անգամ զանգահարեցի նրան, բայց նա ասաց, որ նորություն չկա: Հաջորդ տարի Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված մամլո ասուլիսից առաջ մոտեցա Տեր-Ստեփանյանին եւ հիշեցրի տված խոստման մասին: Նա առաջարկեց այդ հարցով դիմել դեսպանատան մշակութային հարցերով նորանշանակ խորհրդականին, որն ուներ հայկական ազգանուն, բայց լրագրողների հետ շփվում էր բացառապես ֆրանսերենով՝ թարգմանչուհու օգնությամբ: Տեր-Ստեփանյանին խնդրեցի ներկայացնել ինձ եւ թարգմանել իմ ասածը: Նա հայտնեց, որ այդ խորհրդականը ծանոթ է հարցին եւ լավ հայերեն գիտի: Մոտեցա խորհրդականին եւ ներկայացա: Լսելով Տերյան ազգանունը, նա իսկույն ասաց, որ պոետի բոլոր բանաստեղծությունները ֆրանսերեն թարգմանելու հնարավորություն չկա: Ես փորձեցի բացատրել, որ իմ խնդրանքը եղել է ոչ թե բոլոր բանաստեղծությունների թարգմանությունը, այլ երկլեզու ուսումնական ձեռնարկի հրատարակումը, բայց խորհրդականն այլեւս չլսեց ինձ եւ հեռացավ:  

Շատ ափսոս, որ ուսումնական այդ օգտակար ձեռնարկի հրատարակման գործը տապալվեց: Չգիտեմ, թե որն էր պատճառը՝ լուսահոգի Քրիստիան Տեր-Ստեփանյանի մաքսիմալիստական նկրտո՞ւմը, թե՞ այն, որ Ֆրանսիայի դեսպանատան մշակութային հարցերով ազգությամբ ֆրանսիացի խորհրդականին փոխարինել էր ազգությամբ հայը: Գուցե նա կուսակցակա՞ն էր: ՀՅԴ անդամ, որը տեղյակ չէր, որ Վահան Տերյանը դարձել էր բոլշեւիկյան կուսակցության անդամ եւ ստանձնել էր Հայկական գործերի կոմիսարիատի փաստացի ղեկավարի պաշտոնը` հուսալով, որ հնարավորություն կստանա լուծել Հայոց ցեղասպանության հատուցման հարցը: Այն է՝ ստեղծել Թուրքահայաստան անկախ պետությունը, ուր կվերադառնան ցեղասպանությունից ողջ մնացած հայ փախստականները: Չգիտեր նաեւ, որ Տերյանին պաշտոնից հեռացնելու, նրան նացիոնալիզմի մեջ մեղադրելու եւ դեպի մահ գործուղելու պատճառներից էր նաեւ այն, որ նա բանտից եւ գնդակահարությունից կարողացել էր ազատել բարձրաստիճան դաշնակցականների, որոնց պատանդառել էին բոլշեւիկները: Այդ մասին, սակայն, քչերը գիտեն: Որովհետեւ Վահան Տերյանի այդ գործունեության մասին ճշմարիտ տեղեկատվությունն արգելված էր, եւ նա ներկայացվել է որպես հավատացյալ բոլշեւիկ: 

Մինչդեռ, ինչպես Տերյանի հետ կոմիսարիատում աշխատած լուսահոգի ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանն էր վկայում, Տերյանը նույնիսկ մատերիալիստ չէր: Ինչը պարտադիր պայման էր կոմունիստ լինելու համար: Իշխանության գալու սկզբնական շրջանում բոլշեւիկներին ոչ թե Վահան Տերյանն էր անհրաժեշտ, այլ այնպիսի հեղինակավոր, ազնիվ, ժողովրդի կողմից սիրված մարդկանց աջակցությունը, ինչպիսին Տերյանն էր: Իսկ փոխկոմիսարի պաշտոնը զբաղեցրած Տերյանի առաջին գործը եղավ այն, որ նա գրեց Թուրքահայաստանի մասին զեկուցագիրը եւ Թուրքահայաստանի մասին դեկրետի նախագիծը: Նաեւ կարողացավ հասնել նրան, որ Լենինն ու Ստալինը ստորագրեն դեկրետի՝ Ստալինի կողմից խմբագրված տարբերակը:

Գրիգոր Էմին-Տերյան