«Հրապարակ». Ինչ առաջարկներ է Հայաստանը փոխանցել Ադրբեջանին

«Հրապարակ». Ինչ առաջարկներ է Հայաստանը փոխանցել Ադրբեջանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Արթուր Խաչատրյանը ուրբաթ օրը այցելել էին ՀՀ արտաքին գործերի նախարարություն եւ ծանոթացել Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանին 2024 թ․ հունվարի 4-ին ուղարկած առաջարկների փաթեթին։

Հիշեցնենք․ ընդդիմադիր պատգամավորների՝ տեւական պնդումներից հետո առաջին «ճանաչողական» այցն անցած տարվա դեկտեմբերին էր, այս տարվա հունվարի 4-ին էլ երկրորդ անգամ էին այցելել, երբ Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել հերթական առաջարկների փաթեթը։ Արտաքին գործերի նախարարությունում ծանոթանալով Բաքու ուղարկված հայկական առաջարկների փաթեթի հետ, ընդդիմադիր պատգամավորները եզրակացրել են՝ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում որեւէ դրական տեղաշարժ չկա, եւ բանակցվող փաստաթղթում հայկական շահերն արտացոլված չեն։

«Արձանագրում ենք, որ բանակցային գործընթացում որեւէ էական տեղաշարժ չկա, եւ առաջարկների նախկին փաթեթներին ծանոթանալուց հետո մեր հնչեցրած բոլոր մտահոգությունները, կապված ՀՀ-ի կողմից որեւէ հավելյալ անվտանգային երաշխիք չստանալու, ուժի եւ ուժի սպառնալիքով Ադրբեջանի ձեռքբերումներն ամրագրելու, ՀՀ-ին ուժի սպառնալիքով նոր զիջումներ պարտադրելու հետ, պահպանվում են»,- հայտարարել են նրանք։

Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց՝ իրականում գործընթացի տրամաբանությունն ամբողջապես արտացոլված է Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հրապարակային հայտարարություններում։ «Կողմերի առաջարկների փոխանակությունները հենց այդ տրամաբանությամբ են կազմված, այսինքն՝ Փաշինյանն ինչ ասում է, ձեւակերպված են Հայաստանի անունից ներկայացվող առաջարկներում, Ալիեւի հայտարարություններն էլ՝ Ադրբեջանի ներկայացրածում։ Այդ առաջարկներին ծանոթանալով՝ մենք ո՛չ խաղաղության գործընթաց ենք տեսնում, ո՛չ փոխանակվող առաջարկներում հավելյալ մեխանիզմներ, որով Հայաստանը կարող է ապահովել իր անվտանգությունը, այսինքն՝ չենք տեսնում գործընթաց, որը կարելի է թեկուզ հարաբերությունների կարգավորում անվանել, ուր մնաց թե խաղաղության գործընթաց, տեսնում ենք Ադրբեջանի՝ ուժի պարտադրանքով ձեռք բերածի արձանագրման գործընթաց եւ տեսնում ենք ՀՀ-ի անունից բանակցողների ոչ արդյունավետ, ոչ տրամաբանական փորձերը` հակազդելու դրան։ Ավելի պարզ ասեմ՝ հիմնական սկզբունքների շուրջ անգամ համաձայնություն չկա․ Ադրբեջանը չի ընդունում, որ սահմանագծման-սահմանազատման գործընթացի հիմքը պետք է լինեն 1970-ականների քարտեզները, որոնք առաջարկում են Փաշինյանն ու իր թիմը, Ադրբեջանը որեւէ նշան ցույց չի տալիս, որ պատրաստվում է դուրս գալ մեր սուվերեն տարածքից, եւ բանակցությունները, ըստ էության, այն մասին են, որ Ադրբեջանն ընդունում է, որ իր կողքը կա Հայաստան, բայց թե ինչ տարածքով, ինչ սահմանով, դրա մասին որեւէ ամրագրում չկա։ Ընդհանրապես, մեր տեսած որեւէ առաջարկում չկա ՀՀ տարածքային ամբողջականությունը երաշխավորող մեխանիզմ, չկան հավելյալ երաշխիքներ, որով Ադրբեջանի ագրեսիան կզսպվի, սրանք գաղտնի տվյալներ չեն, եւ այս մասին նաեւ մենք Նիկոլ Փաշինյանին ենք ասել Ազգային ժողովում»,- մանրամասնում է ընդդիմադիր պատգամավորը՝ տարակուսելով, թե ինչպես էին իշխանականները ամիսներ շարունակ հանրությանը հույս ներշնչում, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ է։ Նրա կարծիքով, նոր առաջարկների այս փաթեթով իշխանությունն ընդամենը փորձում է իմիտացիա ստեղծել, թե բանակցային գործընթացը շարունակվում է։ 

Հիշեցնենք․ կողմերը խաղաղության պայմանագրի նախագիծը չեն հրապարակում, ժամանակ առ ժամանակ իրենց առաջարկներն ու խմբագրումներն են փոխանակում։ Բաքվից անցած շաբաթ հայտարարել էին, թե առաջիկայում իրենց պատասխանը կուղարկեն։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ ասել էին, որ հայկական կողմը հետընթաց է տեսել Բաքվի վերջին տարբերակում։ Հայկական կողմի առաջարկներից հասկանալի՞ է, թե ինչում է արտահայտվում հետընթացը, եթե անգամ պայմանագրի անկյունաքարային հարցերում չկա համաձայնություն։ «Եթե նկատել եք, Արմեն Գրիգորյանի ձեւակերպումն այսպիսին էր՝ «բանավոր պայմանավորվածությունների հետընթաց կա գրավոր առաջարկներում», հիմա թե ինչ բանավոր պայմանավորվածությունների մասին է, չեմ կարող ասել, մենք ծանոթացել ենք բացառապես գրավոր առաջարկներին»։

Գաղտնի փաստաթղթին ծանոթացած պատգամավորներին ԱԳՆ աշխատակիցներն ակնարկել են, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վտանգների եւ կեղծ խաղաղության թեզի վերաբերյալ հանրային իրազեկման նրանց ջանքերը հայտնվել են համապատասխան մարմինների «ուշադրության կենտրոնում», եւ ԱԳՆ-ն ուսումնասիրում է՝ ընդդիմադիրների կողմից գաղտնի տեղեկություններ չհրապարակելու դրույթը խախտվե՞լ է արդյոք, թե՞ ոչ։ «Սա մենք ընկալում ենք որպես ազատ խոսքի սահմանափակման փորձ»,- նկատում է Վարդանյանը, միաժամանակ վստահեցնում, որ չեն տրվելու այս սպառնալիքներին` շարունակելու են ժողովրդի համար կարեւորագույն օրակարգի վերաբերյալ իրազեկել մարդկանց, զգուշացնել վտանգների մասին, քանի որ մինչ փոխանակվող առաջարկներին իրենց ծանոթանալն ու դրանց մասին խոսելը, իշխանությունները խաղաղություն կոչվող փաստաթղթի մասին հանրությանը բացարձակապես դրական ինֆորմացիա էին տրամադրում, ինչն իրականությանը, ըստ պատգամավորի, չի համապատասխանում․ «Հիմա վտանգների մասին խոսողները, կարծում եմ, տարօրինակ չէ, որ հայտնվել են համապատասխան մարմինների ուշադրության ներքո»։