Մեդվեդեւը խոսել է Լեռնային Ղարաբաղյան իրադրության մասին

Մեդվեդեւը խոսել է Լեռնային Ղարաբաղյան իրադրության մասին

ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւն այսօր մի շարք ԶԼՄ-ների տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ ԼՂ խնդրին։ Նա մասնավորապես ասել է, որ իրականում ԼՂ կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ եւ դա բոլորին հայտնի իրողություն է, սակայն ԼՂ կարգավիճակի քննարկում հիմա չի կարելի, քանի որ այդպիսի ցանկացած քննարկումը էլեկտրականացնում, լարում է դաշտը, իսկ դա հանգեցնում է նրան, որ էլեկտրալիցքերը բախվում են։ Այս կերպ նա հասկացրել է, որ այս փուլում կարգավիճակը չի քննարկվի, քանի որ կողմերի միջեւ լարվածություն պետք չէ։

Մեդվեդեւը նաեւ ֆիքսել է, որ կարգավիճակի հարցում կողմերի դիրքորոշումները տարբերվում են եւ նույնիսկ Հայաստանի ներսում բանավեճ կա այս առնչությամբ։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը նույնիսկ ԼՂ-ն չի ճանաչել եւ շեշտել է, որ կարգավիճակի հարցը ավելի լավ է հետաձգել։ Ինչպես եւ կարելի էր սպասել, Մեդվեդեւը բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերակատարումը ԼՂ խնդրի կարգավորման շուրջ աշխատանքներում: «Դա շատ նուրբ աշխատանք է եղել, որին օրերից մի օր կարողացել եմ հետևել»։

Նա ասել է, որ Պուտինը շարունակ քննարկումներ էր ունենում հակամարտության բոլոր կողմերի հետ, եթե չլիներ նրա աշխատանքը, հակամարտությունը մինչև հիմա կարող էր շարունակվել: Մեդվեդեւը նկատել է, որ այս հսկայական աշխատանքի համար թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը պետք է շատ շնորհակալ լինեն Ռուսաստանի նախագահին։ Նա գոհունակություն է հայտնել, որ հակամարտության ակտիվ փուլն այս պահին դադարեցված է, «իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է և, ամենակարևորը, մարդիկ չեն մահանում, կա զարգացման հնարավորություն»: