«Լավանդա սիթին» հայտնվել է Քննչական կոմիտեում

«Լավանդա սիթին» հայտնվել է Քննչական կոմիտեում

Ակնահաճո «Լավանդա սիթի» թաղամասում, որ գտնվում է Սեւան քաղաքում, այսօր խայտառակ իրավիճակ է տիրում: Բնակիչները չէին պատկերացնում, թե Սեւանի ափին բնակարաններ գնելուց հետո ինչ լուրջ խնդիրների մեջ կընկնեն: Այս թաղամասը կառուցվել է «Լավանդա սիթի-շին» ՍՊԸ-ի կողմից, իսկ կառուցումից հետո մեկ այլ՝ «Լավանդա սիթի» ՍՊԸ-ն բնակիչների հետ պայմանագիր է կնքել, որ տվյալ տարածքում ծառայություններ իրականացնի, տարածքը բարեկարգի, խաղահրապարակ եւ մարզադաշտ կառուցի:

Սակայն Լավանդա սիթիի կառուցումից հետո լճի մակարդակը բարձրացել է, եւ առաջին շարքում կառուցված քոթեջները մնացել են ջրի տակ։ Սկսել են քրեական գործեր հարուցվել՝ մեկը մյուսի հետեւից: Ջրի մեջ հայտնված քոթեջներից մեկի սեփականատեր Սողոմոն Գալստյանն ասում է․ «Երբ որ ջուրը բարձրացավ, գնացի տեսա, որ տունը ջրի մեջ էր, հետո հանկարծ իմանում եմ, որ տունը չկա: Փորձում եմ հասկանալ՝ ինչ ա եղել, ասում են՝ տունը քանդել ենք: Հարցնում եմ՝ ո՞վ ա ձեզ թույլատրել իմ տունը քանդել: Իմանում եմ, որ «Լավանդա սիթի» ՍՊԸ-ի տնօրեն Վահագն ա քանդել տվել: Ես ոստիկանություն հաղորդում տվեցի, գործը տեղում դոփում ա, ոչ մի բան չեն կարում անեն, ուղարկել են ապրանքագիտական փորձաքննության, չեն կարողանում հայտնաբերել, թե ինչի ա էդ տունը քանդվել: 2006 թվականին 21 հազար դոլարով եմ գնել, տնից բան չի մնացել՝ հիմնահատակ քանդել են, այդ շարքի վրա մի 4 հատ կար, ոչ մի տուն չի մնացել: Վահագի հետ խոսեցի, ասեցի՝ ինչի՞ եք քանդել, ասաց, որ ազգային պարկից գրություն ա եկել, որ ջրի մեջ հայտնված տները պետք է քանդվի, մենք էլ քանդել ենք: Ասեցի՝ ինձ ցույց տվեք այդ գրությունը, մի քանի օր ձգեց, ասաց՝ չի գտնում գրությունը: Հետաքրքրվեցի՝ պարզվեց, որ գրություն չի էլ եղել: Քննիչն ասում է՝ չեմ կարում պարզել, թե ով ա քանդել, ես ասում եմ՝ ձեզ տեսանյութ եմ ուղարկում, որտեղ պարզ ասում են, որ այս տարածքի տները քանդում են Վահագնի ցուցումով»։ Նույն Վահագնը ոստիկանությունում ասել է, որ տեղյակ չէ, թե ով է քանդել:
Հետաքրքրվեցինք՝ «Դուք պայմանագիր ունե՞ք «Լավանդա սիթի» ՍՊԸ-ի հետ, որն այդ տարածքում սպասարկում է իրականացնում»: «Կար պայմանագիր, հիմա չգիտեմ, թե որտեղ է: Սկզբից գումար վճարում էի, տեսա, որ մի բան էն չի, դրա համար էլ գումար չեմ վճարել»:

Վերջերս այդ թաղամասում հրդեհ բռնկվեց: Վնասվել է թաղամասի բնակիչ Վարդան Բարսեղյանի քոթեջը։ «Սեւանի բաժին հաղորդում եմ տվել, խոսք են տվել, որ ամեն բան կպարզեն: Ասեմ, որ իրենք են զանգ տվել ինձ, եկել եմ, տեսել եմ տան վիճակը, նկարել եմ, թե ինչ վիճակում է գտնվում»,- ասում է նա։ Ի՞նչ եք կարծում՝ դիտավորյա՞լ են հրդեհել, թե՞ փորձել են տարածքն անցանկալի չոր թփերից ազատել, այրել են չոր խոտը, եւ հրդեհ է բռնկվել: «Ես դա չեմ կարող ասել, եթե մտածեմ էդպես, որ չոր կամիշներ կային այդ տարածքում, մաքրելու համար որոշել են վառել, իրենց կարճ խելքով՝ վառելուց հետո էլ կրակն այնպես ա տարածվել, որ չեն կարողացել հանգցնել»: Իսկ պայմանագիր ունե՞ք «Լավանդա սիթի» ՍՊԸ-ի հետ: «Էն ժամանակ, որ տունն առել եմ, պետք ա որ պայմանագիր էլ լիներ, ես ունեմ կտրոնները, որ իրենց վճարել եմ․․․ 2016 թվականից էլ էդտեղ չեմ ապրում, քանի որ ապրելու որեւէ պայման չկա: Ես առաջիններից եմ, որ առել եմ, լիճը բարձրացրին, ջուրն առաջ եկավ, եկան հոսանքն անջատեցին: Ես ունեմ սեփականաշնորհման վկայական, այդ տունն իմ սեփականությունն ա, բայց հնարավոր չի այդտեղ ապրել, դա քիչ էր, հիմա էլ այս հրդեհը»:

Լավանդա սիթիի մեկ այլ բնակիչ՝ Վանիկը, մեզ հետ զրույցում պատմեց, որ հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի պետական կոմիտեի. ««Լավանդա սիթիից» որ տուն առանք, զուտ էդ սպասարկման համար առանք, թե չէ Ծաղկաձորում կառնեինք: Մինչեւ իմ տունը ջրի մեջ հայտնվելը սպասարկումն իրականացնում էր այդ ընկերությունը: Ջրի տակ մնալուց հետո մոռացան իրենց պարտականությունները, զիբիլն էլ չէին տանում: Խմելու ջուրն անգամ մենք մեզ հետ բերում ենք: Տունս ջրի տակ մնալուց հետո վերեւի մասում իբր փոխհատուցեցին՝ պատերն իրենք կառուցեցին, մնացած աշխատանքները ես եմ արել: Հիմա չեմ կարողանում այդ տան սեփականության վկայականը հանել: Դատարան եմ դիմել, Կադաստրի պետական կոմիտեն ասում է, որ սեփականության վկայական չեն կարող տալ, պատճառ են բերում, որ իբր ես ժամանակին իրենց չեմ դիմել եւ գծագիր չեմ վերցրել իրենցից: Ես պայմանագիր ունեմ Սեւան ազգային պարկի հետ եւ ջրի տակ մնացած տան համար տարիներ շարունակ փող եմ մուծել, մի կոպեկ պարտք չեմ պետությանը, բոլոր կտրոններն ունեմ»:

«Ազգային պարկը որեւէ գրություն չի ուղարկել այդ տարածքում սեփականության վկայական ունեցող բնակչի տունը քանդելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Սեւան ազգային պարկի տնօրենի տեղակալ Արայիկ Հունանյանը: Բնակիչներն ազգային պարկին հողի հարկ վճարո՞ւմ են, թե՞ ոչ։ «Ով մեզ հետ պայմանագիր ունի կնքած, վճարում է, իսկ ով չունի, ինչի՞ պիտի վճարի»: Պայմանագիրը քանի՞ տարով են կնքել։ «Հիմա 3 տարով ենք մենք բնակիչների հետ կնքում պայմանագիր»:

Թե ինչ ճակատագրի են արժանացել բնակիչների դիմում-բողոքները, դիմեցինք ՀՀ քննչական կոմիտե: «Վարդան Բարսեղյանի բնակարանը հրդեհի պատճառով վնասվելու, ինչպես նաեւ ազգային պարկի տարածքում առաջացած հրդեհի դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Առաջինի դեպքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, իսկ երկրորդի դեպքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ մասերով։ Երկու վարույթները միացվել են, դրանցով կատարվում է ընդհանուր քննություն։ Նշանակվել են դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ, որոնց արդյունքները դեռեւս չեն ստացվել։ Ե՛վ քաղաքացին, ե՛ւ ազգային պարկը վարույթով ճանաչվել են տուժող։ Նախաքննությունը շարունակվում է, քննություն է կատարվում հրդեհի պատճառները պարզելու ուղղությամբ, որտեղ, բնականաբար, էական նշանակություն է ունենալու փորձաքննությունների եզրակացությունը։ Սողոմոն Գալստյանի ներկայացրած հաղորդման առթիվ էլ քրեական գործ է հարուցվել նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Վարույթը նախաքննության փուլում է, նշանակված են համապատասխան փորձաքննություններ, սակայն առերեւույթ հանցագործություն կատարած անձին կամ անձանց դեռեւս հնարավոր չի եղել պարզել։ Այսինքն՝ այս վարույթով քրեական հետապնդում դեռեւս որեւէ անձի նկատմամբ չի հարուցվել»,- պատասխանեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Ի դեպ, «Լավանդա սիթի» ՍՊԸ տնօրեն Վահագն Խաչատրյանը, ով աշխատել է երկար տարիներ եւ քաջատեղյակ է ողջ անցուդարձին, 2021-ին ազատվել է աշխատանքից, եւ տնօրեն է նշանակվել Գրիգոր Փարսյանը: Հետո, անհասկանալի պատճառներով, Փարսյանին էլ են ազատել աշխատանքից եւ կրկին տնօրեն են նշանակել Վահագն Խաչատրյանին: Խաչատրյանը մեր հարցերին չպատասխանեց, մեզնից մի քանի օր ժամանակ խնդրեց, հավանաբար, որպեսզի ճշտի սեփականատիրոջ՝ Արայիկ Հայրապետյանի դիրքորոշումը: