Նորից «հավաստի աղբյուրը»

Նորից «հավաստի աղբյուրը»

Եթե խմբագրին, հրապարակախոսին, ընդդիմադիր գործչին ներելի են հռետորական հարցադրումներ անելը, անհասցե մեղադրանքներ հնչեցնելը, որոնք փաստերով հիմնավորված չեն, որովհետեւ նրանք նման փաստեր ձեռք բերելու գործիքակազմ չունեն, ապա իշխանության ներկայացուցչին, այն էլ՝ ամենաբարձր պաշտոնում գտնվողին, ներելի չեն:

Երկրի վարչապետի պաշտոնին նստած անձն իր ենթակայությամբ բազում քննչական մարմիններ, ԱԱԾ, վերահսկողական կառույց ունի, որոնք պետական բյուջեից այնքան բարձր աշխատավարձ են ստանում, որ երկրի հազար խոշոր հարկատուների ցանկում են գտնվում եւ պարտավոր են արդարացնել այդ աշխատավարձը: Ոչ միայն գրագետ քննություններ իրականացնել, այլեւ փաստերով հիմնավորված տեղեկանքներ տրամադրել պետության ղեկավարին:Տեղեկանքներ, որոնք հնարավորություն կտան նրան ոչ թե պոպուլիստական ելույթներ ունենալ, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մասին մաղթանքներ ու կենացներ հնչեցնել, ինչպես անում էր ընդդիմադիր աշխատելու տարիներին, այլ հիմնավորված խոսել` ներկայացնելով, թե ինչ պայքար է տարվել կոռուպցիայի դեմ այս բոլոր տարիներին, եւ ինչ առաջադրանք է դրված այդ մարմինների առաջ: Հակառակ դեպքում կարող է պարզվել, որ աշխատավարձերը բազմապատկվել են, իսկ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը զրոյական է, եւ ստացվել է, որ պետական գանձարանը դարձել է յուրայիններին պարգեւատրելու միջոց, որն ինքնին դասական կոռուպցիա է:

 Եվ ամենակարեւորը` երբ երկրի վարչապետը Հակակոռուպցիոն կոմիտեում հայտարարում է, թե` «պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ ահասարսուռ անուններով հրթիռների միջից պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա», պարտավոր է անուններ հրապարակել, ոչ թե անհայտ աղբյուրից չճշտված տեղեկություններ տարածել: