Բեռլինյան ղողանջներ կամ՝ աղաչանք-պաղատանք

Բեռլինյան ղողանջներ կամ՝ աղաչանք-պաղատանք

Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդում Նիկոլ Փաշինյանի ելույթը եւ ապա՝ ներկաների հետ հարցուպատասխանը, վստահ եմ, աշխարհն ընդունելու է որպես նոր Զելենսկու հայտնություն առաջադեմ մարդկությանը: Զելենսկին քիչ էր, հիմա էլ՝ սա… Ահավասիկ, հասել է Բեռլին, որ ասի՝ ձեր գնահատականներով՝ մենք ժողովրդավար երկիր ենք, ժողովրդավարության կղզյակ Հարավային Կովկասում, եկեք, փրկեք մեզ ու մեր ժողովրդավարությունը, քանզի մեր հասարակության ներսում արդեն կասկածներ են առաջանում, որ ժողովրդավարությունը խաղաղություն հաստատելու հիմքեր չի տալիս: Պատեֆոնը զլել էր ու մի գլուխ Ադրբեջանին էր կոխում ցեխը՝ հարձակվեց Արցախի վրա, ներխուժեց Հայաստան, հիմա էլ Լաչինի միջանցքն է փակել ու չի ենթարկվում Հաագայի դատարանի վճռին: Ալիեւն ուզում է Արցախը հայաթափել, հասեք, քանզի Հայաստանում անշրջելի դարձած դեմոկրատիան չի կարողանում Ալիեւի դեմն առնել:

Թե բա՝ ԵՄ Արեւելյան գործակցության մեջ Հայաստանը կարեւոր երկիր է, հասեք, խաղաղություն բերեք մեզ: Ուղղակի լավ պրծանք, որ Նիկոլ Փաշինյանն այդ պահին ելույթ էր ունենում Բեռլինում եւ ոչ թե ՆԱՏՕ-ի որեւէ կենտրոնակայանում: Պատկերացնո՞ւմ եք, ոչ մի խոսք այն մասին, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է, ԵԱՏՄ-ի հիմնադիրներից մեկը, որ լիքը երկկողմ ու բազմակողմ պայմանագրեր ունի Ռուսաստանի եւ նշված կառույցների անդամ մյուս պետությունների հետ: Դե իսկ հղումները 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրին իսկական զավեշտ էին: Ոչ մի նշում այն մասին, որ այդ փաստաթուղթն ստորագրվել, եւ պատերազմը դադարեցվել է ոչ թե Արեւմուտքի, այլ հենց Ռուսաստանի ջանքերով:  Մի խոսքով՝ Զելենսկու ոճով կարգին ծիծաղեցրեց գերմանացիներին: Ամոթը մի քիչ էլ կորցներ՝ Գերմանիայի արտաքին քաղաքականության ռահվիրաներին կասեր` եկեք, մեզ տիրեք…

Ու մեկ էլ հայտարարեց, թե Հայաստանը (իմա՝ ինքը) տարանջատել է Արցախի եւ հայ-ադրբեջանական կարգավորման խնդիրները: Գերմանացիները, բնականաբար, ապշեցին՝ սա Զելենսկուց էլ անդին է… Ոնց որ Զելենսկին Ղրիմը ճանաչի Ռուսաստանի մարզ եւ հայտարարի, որ դրանով ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորումը տարանջատում է Ղրիմի հարցից, այլ խոսքով՝ Կիեւը դադարում է լինել Ղրիմի ժողովրդի անվտանգության երաշխավոր: Բայց Նիկոլին ի՞նչ կա, միայն թե քաղաքական բլթոցներ հնչեցնի հանուն սեփական պարտությունների արդարացման: Գոնե Գերմանիայում նման բան չասեր, մի ժողովրդի առաջ, որ 50 տարի շարունակ պայքարեց իր հայրենիքի վերականգնման համար եւ ի վերջո հասավ իր արեւմտյան եւ արեւելյան հողերի վերամիավորմանը: Ինչ գնով՝ արդեն էական չէ: Ասեք՝ ԽՍՀՄ փլուզումից հետո դա դարձավ հնարավոր: Հայաստանն ու Արցախն էլ ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացան, 30 տարի շարունակ, մինչ Գերմանիան դեռ Բեռլինի պատով մասնատված էր (ԳՖՀ եւ ԳԴՀ), Հայաստանն ու Արցախը երկու հայկական պետություններ էին, առանց պատի ու պատնեշի: Եվ ինչպե՞ս եղավ, որ ԳՖՀ-ն երբեք ռուս-գերմանական հարաբերությունների կարգավորումը չտարանջատեց ԳՖՀ-ի եւ ԳԴՀ-ի վերամիավորման հարցից:

Էն ո՞ր ֆիլմի մեջ է ասում՝ տո Երվանդը սեղան նստող ա, կենաց ասող ա… Ո՞վ է Նիկոլին նախապատրաստում այսպիսի «աշխատանքային» այցերի: Այդ մարդուն գոնե պիտի հասկացնեին, չէ՞, որ Գերմանիայում չխոսի արեւմտյան դիտորդական առաքելության՝ հայ-ադրբեջանական սահմանին ծանրակշիռ ներկայության ու դերակատարության մասին: Հասկացանք, որ Գերմանիան շատ լայն ներկայացված է այդ առաքելության մեջ, բայց չէ՞ որ այդ նույն Գերմանիա զեկույցներ են հասնում իրենց ներկայացուցիչներից, որ այստեղ ո՛չ սահման կա, ո՛չ դիտարկելու բան, եւ, առհասարակ, սա մի «կայֆ» տեղ ա, հանգստյան տուն, որտեղ իրենք սրճարաններում ու հյուրանոցների ֆոյեներում առավոտից գիշեր սուրճ են խմում: Ու մեր Զելենսկու դուխը չի հերիքում մի հատ էդ գերմանացիներին ասել՝ մենք ձեզ սուրճի չենք հրավիրել, մենք ձեզ կանչել ենք, որ արձանագրեք ադրբեջանական զինուժի ներթափանցումները մեր երկրի տարածք ու դուրս քշեք նրանց: Իսկ գիտե՞ք ինչու դուխը չի հերիքում: Չի հերիքում, որովհետեւ, երբ ջոմարդ-ջոմարդ հայտարարում էր, որ Շուռնուխն Ադրբեջանի տարածք է, որ Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանով է անցնում, որ մեզ ձյունոտ լեռներ ու Սեւ լիճ պետք չեն, գաղափար անգամ չուներ, թե որն է հայ-ադրբեջանական սահմանը: Նա այսօր էլ գաղափար չունի այդ սահմանի մասին: Պիտի Մոսկվայից ասեն, թե որտեղով է անցնում հայ-ադրբեջանական սահմանը, իսկ մինչեւ ասեն, գերմանացի դիտորդները պիտի թթվեն եւ առավոտից գիշեր սուրճ խմեն Ջերմուկի ու Գորիսի սրճարաններում՝ ձեռքի հետ էլ բզբզեն հայ-ադրբեջանական կարգավորումներից տարանջատված Արցախի հարցը՝ այնտեղից ռուս խաղաղապահներին օր առաջ հեռացնելու նպատակով:

Ինչ ճիշտն է ճիշտը՝ Նիկոլի ու Զելենսկու մոտ լավ է ստացվում արեւմտյան ժողովրդավարությունը խայտառակելու գործը: Ահավասիկ, Փաշինյան Նիկոլը Բեռլին տեղ հայտարարում է, թե ձեր ժողովրդավարությունը, որին մենք հավատացինք, չի նպաստում խաղաղության դարաշրջան բացելու մեր ծրագրերին, եւ այսօր մեր հանրության մեջ հարցեր են առաջացել ժողովրդավարություն կոչվող երեւույթի հետ կապված: Եվ, իսկապես, այդ երբվանի՞ց է ժողովրդավարության օրրան համարվող Արեւմուտքը ժողովուրդներին դժոխք քշելը դարձրել սեփական արտաքին քաղաքականության բաղադրիչ: Ենթադրենք, մի հատ Զելենսկի էլ այս տղան է ու խնդրում է, ի հեճուկս ռուս խաղաղապահների, արեւմտյան դիտորդներ ուղարկել Հայաստան: Պիտի ուղարկե՞ն, Հայաստանը պիտի դարձնեն Ռուսաստանի ու Արեւմուտքի առճակատման թեժ գի՞ծ, նպաստե՞ն, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն իրենց վրա, ի դեմս արեւմտյան դիտորդական առաքելության, «տղա բերող» Հայաստանին ռադ անեն բոլոր տեսակի բանակցություններից: Լավ, էդ եվրոպաներում մի խելքը գլխին մարդ չկա՞ր, որ Նիկոլի ելույթը լսելուց հետո ասեր՝ սա ոչ միայն Արցախի ու Հայաստանի խնդիրները կտարանջատի միմյանցից, այլեւ հայ ժողովրդին՝ իր հայրենիքից: