Լենգսթոն Հյուզ.  Խաղաղություն

Լենգսթոն Հյուզ.  Խաղաղություն

ԿՅԱՆՔԸ ՀՐԱՇՔ Է

Իջա գետի մոտ, 
Ափին նստեցի։
Փորձեցի մտածել, չստացվեց,
Ջուրը նետվեցի եւ խորտակվեցի:
Մի անգամ դուրս թռա ու գոռացի,
Երկրորդ անգամ ցատկեցի ու լաց եղա,
Եթե ջուրն այդքան սառը չլիներ,
Ես կարող էի սուզվել ու մեռնել:
Բայց ջուրը սառն էր, հարմար չէր մեռնել: 
Ես վստահ ներս մտա վերելակ,
Գետնից բարձրացա տասնվեց հարկ։
Իմ անտակ սիրո մասին մտածեցի, 
Պետք է ցած նետվեմ, որոշեցի: 
Այնտեղ կանգնած՝ ես գոռացի,
Տեղում անշարժ՝ ես լաց եղա։
Եթե շենքն այդքան բարձր չլիներ
Ես կարող էի ցատկել ու մեռնել:
Բայց շենքն այդ բարձր էր, հարմար չէր մեռնել:
Ես դեռ այստեղ եմ ու դեռ ապրում եմ,
եմ՝ տակավին էլի կապրեմ:
Այո, կարող էի սիրո համար մեռնել,
Բայց ապրելու համար եմ ծնվել:
Թեեւ դու կարող ես լսել իմ գոռոցը,
Կարող ես տեսնել, որ լաց եմ լինում,
Բայց կսկսեմ արագ շնչել, իմ քա՜ղցր սեր,
Եթե դու տեսնես, որ մեռնում եմ ես:
Կյանքը հրաշք է, անուշ, ինչպես գինի, կյանքը՝ անգին...

ԵՐԳԵՐ

Մթության մեջ գահակալել 
եւ երգում էի նրա համար,
իմ երգերն էին ու խավար:
- Խոսքերը  
չեմ հասկանում,- ասաց նա։
Իսկ ես ասացի.
- Խոսքեր չկան։

ՈւՇԱՑԱԾ ԵՐԱԶԱՆՔ

Ի՞նչ է պատահում
ուշացած երազանքի հետ՝
չորանո՞ւմ է
ինչպես չամիչն արեւի տակ, 
կամ վերքի պես 
բորբոքվո՞ւմ է
ու սկսում է հոսե՞լ: 
Այդ երազանքն անտես 
հոտո՞ւմ է մսի պես,
թե՞ մրգի ու շաքարի
քաղցրահամ օշարակի
անուշ բույր ունի,
գուցե թուլացնո՞ւմ է քեզ
դժվարակիր բեռան պես:
Իսկ չլինի՞ թե թաքնված՝ 
երազանքն այդ ուշացած
պայթում է հանկարծ...

ԵՐԱԶԱՆՔՆԵՐ

Ամուր բռնիր երազանքներդ,
Թե չէ՝ եթե նրանք մահանան,
Մի անթեւ թռչուն կդառնա կյանքդ,
Էլ երբեք ճախրել չես կարողանա:
Երազանքներդ ամուր բռնի՜ր,
Թե չէ՝ եթե գնան քեզանից,
Կյանքդ կդառնա մի դաշտ ամայի՝ 
Ցրտահարված պաղ ձյուներից:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Անցանք գերեզմաններով՝
զոհվածների,
հաղթողների կամ
պարտվողների,
ով ով էր՝ հայտնի չէր...
Մթության մեջ
անհնար է տեսնել, 
թե հաղթանակը
ով է շահել:

ԴԵՌ ԱՅՍՏԵՂ 

Սպիներ շատ ունեմ, ինձ ծեծել են հաճախ,
իմ հույսերը քամին ցրեց,
ձյունն ինձ սառեցրեց,
արեւը՝ այրեց: 
Այդ ամենի կոչը մեկն էր.
Մի՛ ծիծաղիր, մի՛ սիրիր, դադարիր ապրել, 
բայց դա ինձ չի հուզում բնավ,
դեռ այստեղ եմ, ապրում եմ, կամ:

ՓԱԽՍՏԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

Ազատության պես բառեր կան,
Որ հնչում են քաղցր ու հրաշալի,
Անկախությունը երգում է սրտիս լարերին 
Ամեն ժամ եւ օր, ողջ տարին:
Ազատության պես բառեր կան,
Ինձ լաց լինել են ստիպում,
Թե իմանայիք՝ ինչ ես գիտեի,
Կհասկանայիք, թե ինչու…

ՄԱՅՐԸ՝ ՈՐԴՈՒՆ

Լսիր, տղաս, քեզ ինչ կասեմ.
կյանքն ինձ համար 
բյուրեղյա սանդուղք չի եղել,
այն ուներ նաեւ
ցից-ցից բեկորներ,
կոտրված տախտակներ
եւ տեղեր, ուր գորգ չկար հատակին՝
ամբողջը բաց էր: 
Բայց ես անվերջ
մագլցել եմ,
միշտ դեպի վեր, ուր շատ կային
բեկումներով սուր անկյուններ,
մթության մեջ անթափանց, 
գնում էի առաջ: 
Ուրեմն ի՞նչ, տղաս՝
ետ չդառնաս։
Չիջնես սանդուղքով ցած,
կարծելով, թե 
բարին դա է քեզ տրված,
չիջնե՜ս, տղաս: 
Տես, դեռ գնում եմ ես,
բարձրանում եմ, սիրելիս,
եւ հիմա էլ կյանքն ինձ համար  
բյուրեղյա սանդուղք չէ հարմար:

Թարգմանությունն անգլերենից՝ Սիրան Գրիգորյանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ