Մեկը տղամարդ էր՝ կնոջ անուն էր ուզում վերցնել, մյուսը՝ հակառակը

Մեկը տղամարդ էր՝ կնոջ անուն էր ուզում վերցնել, մյուսը՝ հակառակը

Ստամբուլյան կոնվենցիան, ասում են, Հայաստանում ապահովելու է, որ գեյերը, լեսբիներն ու տրանսգենդերներն իրենց պաշտպանված զգան։ Բայց արդյոք ՀՀ գործող օրենսդրությունը որեւէ կերպ ոտնահարո՞ւմ է նրանց իրավունքները։ Պարզվում է՝ ոչ։ Օրինակ՝ այսօր էլ, ՀՀ առկա օրենսդրությամբ, որեւէ տղամարդու չի արգելվում իրեն կին զգալ, որեւէ կնոջ՝ տղամարդ կամ որեւէ այլ սեռի ներկայացուցիչ եւ այդ ամենն ամրագրել օրենքով։ Դիցուք, եթե որեւէ տղամարդ, թեեւ սեռով արական է, իրեն ավելի շատ կին է զգում, քան տղամարդ, կարող է դիմել համապատասխան ատյաններին եւ իր անունն էլ, սեռն էլ փոխել։

Բայց քանի որ Հայաստանում շատ բարդ է իրականացնել սեռափոխություն, քանզի դա շատ մեծ ծախսերի հետ է կապված, բարդ վիրահատական միջամտություն է հարկավոր դրա համար, եւ Հայաստանում էլ չեն իրականացնում՝ պետք է դուրս մեկնել, ուստի ովքեր շատ են տենչում իրենց սեռը փոխել, բավարարվում են սոսկ անվանափոխությամբ։ Օրինակ՝ մեկը, ով սեռով արական է, անունն էլ, ասենք, Գառնիկ, բայց իրեն ավելի շատ Սյուզի է զգում, շրջապատում էլ իրեն Սյուզի են կոչում, բայց հնարավորություն չունի իգական սեռ դառնալ, ստիպված փոխում է անունը, որ գոնե անվանապես իրեն կին զգա։ Թեպետ մեր օրենսդրությամբ հստակ սահմանված չէ՝ որն է կնոջ անուն, որը՝ տղամարդու, եւ պարտադրանք չկա, որ արական սեռի ներկայացուցիչը պետք է անպայման «արական» անուն կրի։ Ի դեպ, նման անուններ շատ կան, օրինակ՝ Կարեն անունը մեզանում տղամարդու անուն է, դրսում՝ կանացի, նույն՝ մեր վարչապետի անունը՝ Նիկոլ, Հայաստանում տղամարդու անուն է, դրսում՝ ե՛ւ տղամարդու, ե՛ւ կնոջ։

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ասաց, որ նախ ՔԿԱԳ գրասենյակով պետք է փոխեն իրենց տվյալները, նոր դրա հիման վրա անձնագրում են անունը փոխում։ «Իհարկե, լինում է անվանափոխություն, դա բնականոն գործընթաց է, բայց հենց էնպես չի կարող, ասենք, Մարտիրոսյան Արմենը գա ասի՝ իմ անունն ինձ դուր չի գալիս, ուզում եմ ուրիշ անուն դնեմ։ ԶԱԳՍ-ով (ՔԿԱԳ) անվանափոխություն են անում, անվանափոխության վկայականով նոր դիմում են մեզ»,- ասաց պարոն Բիչախչյանը։ Իսկ եղե՞լ է, որ սեռը փոխելու խնդրանքով դիմեն իրենց․ Բիչախչյանն ասաց, որ ինքը մի անգամ փորձել է սեռը փոխելու վիճակագրություն հանել, բայց չի կարողացել, քանի որ անձնագրում սեռը փոխելու դեպքերը շատ են՝ հազարավոր, բայց դրանց մեծ մասը կարող են տեխնիկական վրիպակներ լինել ընդամենը՝ արականի փոխարեն իգական են գրել կամ հակառակը։ Ուստի դժվար է զատել՝ դրանցից քանիսն է իրական սեռափոխություն։

«Եթե ԶԱԳՍ-ով փոխում են անունը, մենք փոխում ենք, եթե փոխում են նաեւ սեռը, մենք սեռն էլ ենք փոխում»,- ասաց Բիչախչյանը։ Նա նշեց, որ առանձնացված բազա չունեն, թե ով է տղամարդու անունը փոխել կնոջ անունով կամ հակառակը, բայց, ըստ նրա, դա համատարած բնույթ չի կրում՝ կարող է տարվա ընթացքում 2-3 դեպք լինել։
Զանգահարեցինք նաեւ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մեկ-երկու գրասենյակ՝ հասկանալու, թե իրենց մոտ ինչ պատկեր է այս մասով։ Օրինակ՝ ՔԿԱԳ Էրեբունու եւ Նուբարաշենի տարածքային բաժնի պետ Աննա Մկրտչյանն այս թեմայով մեր զրույցում ասաց․ «Ձեզ ի՞նչ է հետաքրքիր, վիճակագրությո՞ւն։ Սեռափոխություն քիչ է լինում, գրեթե չենք արել էս տարի, իսկ անվանափոխության համար դիմումներ շատ ունենք։ Քաղաքացիները դիմում են, մենք հատուկ անվանափոխման կարգ ունենք՝ կառավարության կողմից սահմանված, այդ հիմքով փոխում ենք»։

Անդրադառնալով կոնկրետ տվյալներին՝ Աննա Մկրտչյանն ասաց, որ իրենք այս տարի անուն փոխել են առանց սեռափոխության, այսինքն՝ առանց բժշկական միջամտության։ «Մենք տեսել ենք, որ անունը փոխում է, այլ սեռի ներկայացուցիչ է, ասենք՝ տղա է, բայց փոխում է, աղջկա անուն է վերցնում։ Ոչինչ չենք կարող անել, որովհետեւ ինքն այդ անունն է ուզում, ասում է՝ ես փաստացի այդ անունն եմ կրում, ինձ շրջապատում բոլորն այդ անունով են ճանաչում, այդպես է հիմնավորում, մենք էլ այդպիսի կետ ունենք օրենսդրության մեջ, փոփոխություն ենք կատարում ծննդյան ակտում, հետո հիմքեր ենք տալիս, որպեսզի անձնագրային բաժինները փոխեն»։
ՔԿԱԳ Էրեբունի եւ Նուբարաշեն տարածքային բաժնի պետի խոսքով՝ նմանատիպ դեպքերը շատ չեն, իրենք երկու-երեք տարվա ընթացքում ընդամենը երկու-երեք նմանատիպ գործ են արել։

«Այս տարի, օրինակ, եթե չեմ սխալվում, երկու այդպիսի գործ ենք ունեցել, մեկը տղամարդ էր՝ կնոջ անուն էր ուզում, մյուսը՝ հակառակը»,- ասաց մեր զրուցակիցը։ Հարցին՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը կարո՞ղ է որեւէ կերպ ազդել այսօրինակ դեպքերի վրա, տիկին Աննան չբացառեց․ «Իհարկե, բնականաբար, դա կարող է ազդել, որպեսզի իրենց իրավունքներն ավելի շատ իրենք քննարկեն, դա էլ է, չէ՞, իրավունք, որ փոփոխության ենթարկի իր ծննդյան հիմքերը եւ անձնագիր ստանա։ Բայց նախկինում էլ է եղել նման բան»։

Փորձեցինք որոշ տվյալներ ստանալ նաեւ ՔԿԱԳ Շենգավիթի տարածքային բաժնից։ Բաժնի պետ Սուսաննա Ավետիսյանի հետ մեր զրույցը սկզբում մի քիչ բարդ ընթացավ։ Նա նախ չէր հավատում, որ մենք հենց այն անձն ենք, որպիսին ներկայացել ենք։ Մինչեւ համոզեցինք, որ հենց այն ենք, ինչ կանք՝ ո՛չ սեռ ենք փոխել, ո՛չ անուն, ո՛չ մասնագիտություն, տիկին Ավետիսյանը որոշեց մեզ առաջարկել այդ հարցով դիմել արդարադատության նախարարություն։ «Որովհետեւ, ճիշտն ասած, դա անձնական գաղտնիքներ են, ես դա ո՞նց ասեմ։ Մի հատ ես տամ, վարչության պետի հետ Դուք խոսեք, հա՞, ես նախարարության հետ ճշտեմ՝ նման տվյալներ կարո՞ղ եմ տալ, թե չէ, նոր։ Եվ, կներեք, ես Ձեզ չեմ տեսնում եւ չգիտեմ՝ ինձ հարցնողն ով է»,- ասաց Շենգավիթի ԶԱԳՍ-ի ղեկավարը, որը թերեւս շփոթել էր վիճակագրական տվյալներն անձնական տվյալների հետ։ Խնդրեցինք միայն վիճակագրական, այլ ո՛չ անձնական տվյալներ տրամադրել մեզ։

Հարցին՝ իրեն երբեւէ դիմե՞լ են սեռափոխության հարցով, Ս․ Ավետիսյանն ասաց․ «Սեռափոխության հարցով՝ չէ, մինչեւ չունենան իրենք դատաբժշկական եզրակացություններ, չենք կարող։ Իհարկե, դիմողներ եղել են»։ Իսկ որ տղամարդը կնոջ անուն ուզենա կրել կամ հակառակը, նման դեպք եղե՞լ է։ «Ես չեմ ունեցել, բայց կոնսուլտացիա անող եղել է, ասել եմ՝ չեմ կարող, որովհետեւ լրիվ կանացի անուն էր իրենը, ասացի, երբ որ կունենաք համապատասխան փաստաթղթեր, եկեք՝ նայեմ։ Ու քանի որ ինքը Շենգավիթի բնակիչ չէր, էլ չեկավ, հենց էնպես հարցնում էր»,- ասաց տիկին Ավետիսյանը՝ այստեղ էլ հավանաբար մոռանալով, որ օրենսդրությունը չի արգելում քաղաքացուն կրել ցանկացած անուն՝ անկախ սեռից։