Այսօրվա Հայաստանի ղեկավարից ամեն ինչ սպասելի է

Այսօրվա Հայաստանի ղեկավարից ամեն ինչ սպասելի է

Սերժ Սարգսյանի մոտալուտ ձերբակալության մասին նրա փեսայի՝ Միքայել Մինասյանի հայտարարությունը զարմացրել է ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին։ «Կարդացի Միշայի ասածները, եւ ինձ համար շատ զարմանալի էր»,- մեզ հետ զրույցում ասաց Միհրանյանը։ «Փաշինյանը խոստացել էր, որ ոչ մի վենդետա չի լինելու, բայց նա ամեն ուժ գործադրում է, որպեսզի վրեժխնդիր լինի Քոչարյանից, իսկ Սերժ Սարգսյանի հետապնդումը կլինի տխմարության կամ երախտամոռության բարձրագույն աստիճանը, որովհետեւ Սերժ Սարգսյանը սկուտեղի վրա իշխանությունը հանձնեց Փաշինյանին ու գնաց։ Եվ ամենաբուռն երեւակայությունս թույլ չի տալիս, որ նման բան պատկերացնեմ։

Գիտեմ, որ Փաշինյանը պոպուլիստ է, բայց չեմ կարծում, որ այդքան եւ իրեն կդնի նման վիճակի մեջ»,- շարունակեց քաղաքագետը։ Պարոն Միհրանյանին փոխանցեցինք, որ գոնե ՀՔԾ-ից երեկվա դրությամբ հավաստիացնում էին, որ Սերժ Սարգսյանը որեւէ գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի, եւ ավելին՝ այդ մասին լուրերը գեներացվում են հենց ՀՀԿ-ից։ Խնդրեցինք, որ, որպես քաղաքագետ, պատասխանի՝ ինքը դրա բացատրությունն ունի՞։

Ի պատասխան՝ Անդրանիկ Միհրանյանն ասաց․ «Դժվար է ինձ ասել, հարցրեք Միշայից, որ ինքը կարողանա բացատրի, բայց որոշ իմաստով կարող եմ մեկնաբանել, որ գուցե դա հասարակության որեւէ մասին մոբիլիզացման ենթարկելու անհրաժեշտությո՞ւնն է՝ ցույց տալով, որ այդ վտանգները կան։ Եվ նաեւ այլ իմաստ էլ կա՝ ցույց տալ, որ այսօրվա Հայաստանի ղեկավարից ամեն ինչ սպասելի է։ Նույնիսկ այդպիսի՝ իր համար կործանարար մի քայլ։ Այսինքն՝ իռացիոնալ է, էմոցիոնալ եւ դեմագոգ, որ ամեն տեսակի քայլեր նրանից հնարավոր են եւ սպասելի»։

Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Երեւանին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության դիմումը: Չնայած կրեմլյան շրջանակներից սնվող ռուսաստանցի վերլուծաբաններն ու քաղաքագետները սկզբնական շրջանում հայ լրագրողներին հավաստիացնում էին, որ ոչ միայն հայտնի Պանամայի օֆշորի գործով, այլեւ մի շարք այլ ծանրացուցիչ դրվագներով մեղադրվող Պողոսյանը  կարտահանձնվի։ Ինչո՞ւ Մոսկվան չհանձնեց Միհրան Պողոսյանին։ Անդրանիկ Միհրանյանն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել, քանի որ․ «Ես կարծես թե գիտեի բոլոր մինիստրներին, նախագահներին եւ գրեթե բոլոր գեներալներին, բայց նույնիսկ չգիտեմ, թե Միհրան Պողոսյանն ով է»։ 

Մեկ այլ խնդրի մասին, որը վերաբերում է Նախիջեւանի հետ սահմանին։ Մասնավորապես, ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն օրերս լրատվամիջոցներին հայտնել էր, թե Նախիջեւանում, որտեղ, ի դեպ, տեղի է ունենում թուրքերի վերաբնակեցում, Թուրքիան ռազմաբազա է նախապատրաստում տեղակայել։ Ակադեմիկոս Սաֆրաստյանը, իհարկե, նշել էր, որ այդ վտանգը չեզոքացվում է նրանով, որ դա ակնհայտորեն դուր չի գա Ռուսաստանին, որն էլ կփորձի խոչընդոտել բազայի տեղակայմանը։ Անդրանիկ Միհրանյանն ի պատասխան ասաց, որ Մոսկվայում այդ հարցի շուրջ որեւէ ինֆորմացիա չկա, ոչ էլ որեւէ մեկը խոսում է։

«Առաջին անգամ ես այդ մասին լսել եմ Զորի Բալայանից, որ Նախիջեւանում ինչ-որ տագնապալից իրադարձություններ են կատարվում, եւ նա դեռ այն ժամանակ էր փորձում փոխանցել ինչ-որ մարդկանց, որոնց դա հետաքրքիր կլիներ, բայց ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ բացի ընդհանուր խոսակցություններից, այն էլ՝ Հայաստանից, ոչ թե Մոսկվայից, ուրիշ բան չեմ լսել»,- ասաց քաղաքագետը։