Նեոօսմանության վախճանը

Նեոօսմանության վախճանը

Դեռևս չծնված՝ նեոօսմանությունը կնքեց իր մահկանացուն: Կարծում եմ, որ հընթացս վախճանվեց նաև Թուրքիայի գերակայության տեսլականը թյուրքախոս աշխարհում: Ենթադրում եմ, որ այդ երկրի նախագահն էլ հերթական ընտրությունից հետո չի լինելու այլևս Էրդողանը: Եվ այդ բոլոր գործընթացների պատճառը ղազախստանյան գունավոր հեղափոխության տապալումն էր: Ինչի համար մենք պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն կամ Ճակատագրին (մեծատառով): Որովհետև դրանով լուծվեց Հայաստանի Հանրապետության գոյության խնդիրը: Հերթական անգամ մեր քաղաքական տհասության պատճառով մենք համարյա թե կորցնում էինք մեր պետականությունը: Եվ այն կասեցվեց Ռուսաստանի շնորհիվ մեկ այլ վայրում: Մնում է, որ եղանակի ջերմացման հետ մեկտեղ ՀՀ հասարակության գրագետ ու հայրենասեր հատվածին հաջողությունը ժպտա նաև ներքին խնդիրներում: Որպեսզի վերջնականապես դուրս գանք գոյաբանական պայքարի գործընթացից ու մտածենք կյանքի կոչելու Սպարապետի «21-րդ դարը մերն է լինելու» մարգարեությունը:

Ասեմ, որ տապալված (դրանում կասկած լինել ուղղակի չի կարող) ղազախստանյան գունավոր հեղափոխության ընթացքում անսպասելի իրադարձություններ տեղի չունեցան: Ուկրաինական փորձառությունից դաս առած՝ Ռուսաստանն անմիջապես արձագանքեց սոցիալական բողոքի՝ հունվարի 5-ին զինված հեղաշրջման վերափոխմանը, և կասեցրեց այն: Իհարկե, ճակատագրի ծաղր էր, որ տապալված հեղաշրջման ընթացքը համընկավ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդում Հայաստանի նախագահության ժամանակահատվածի հետ: 2008 թ.-ի մարտի 1-ի խառնակչությունը հրահրող (իմ այսօրվա գնահատականով) և 2018-ի ապրիլին դուռ ջարդելով Ռադիոտուն ներխուժող Նիկոլի որոշմամբ (բնականաբար՝ ձևական) ռուսական դեսանտայինների կասեցրին նույնի կրկնությունը Ալմաթիում: Իսկ Ալմաթիում իրականացված հեղաշրջման հաջողությունը հանգիստ կտարածվեր ողջ երկրով մեկ: Ինչ մնում է դրա արձագանքին, ապա մեզանում նախկինների օրոք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) ներկայացուցիչներն էլ, չդավաճանելով իրենց քաղաքական դիրքորոշումներին (և ոչ թե սկզբունքներին), աղմուկ բարձրացրին ոչ թե ջարդարարության ու սպանությունների, այլ Նիկոլի ձեռամբ որոշման և ռուսական զորքերի մուտքի առումով:  

Եվ մենք հերթական անգամ ականատես եղանք խորքային կամ պետական մտածողության բացակայությանը վերը նշվածների վարքագծում: Եվ հերթական անգամ դրանց հակառուսականությունն իրենց թույլ չտվեց տարբերակելու, թե ինչն ինչոց է և ինչն էր օգուտ կամ վնաս մեր պետականությանը: Ես արդեն ամաչում եմ, որ շուրջ երկու տասնամյակ եղել եմ հայաստանյան հասարակության այդ հատվածի մի մասնիկը, կիսել դրանց դիրքորոշումները: Ինչ մնում է Արևմուտքի պահվածքին, ապա այդ հարցում ևս անսպասել բան տեղի չունեցավ: Նա սպասում էր այնքան՝ մինչև որ Ղազախստանը վերածվեր մահմեդական ծայրահեղականության որջի, իսկ հետո միլիարդավոր դոլարներ ծախսեր նրան դեպի իր կողմը թեքելու նպատակով: Եվ, իհարկե, անհաջողության մատնվեր՝ ճիշտ այնպես, ինչպես Մերձավոր և Միջին Արևելքի մի շարք երկրներում: Արևմուտքի համար կարևորը ոչ թե մարդկանց քաղաքացիական իրավունքներն են՝ ինչպես այս օրերին է ներկայացվում, այլ այն հանգամանքը, որ այդ երկիրը չհայտնվեր ռուսական ազդեցության գոտում՝ «մնացածի վրա թքած» մտայնությամբ: