Եթե Գարիկ Գալեյանի մեղադրանքը քաղաքական չէ, ինչո՞ւ են արգելել տեսակցությունները
Իշխանությունների թիրախում այս անգամ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրն է` Գարիկ Գալեյանը, ով աչքի է ընկնում ծայրահեղ ընդդիմադիր հայացքներով` մշտապես իշխանություններին ենթարկելով սուր քննադատության: Գալեյանին երկու ամսով կալանավորել են` խուլիգանության եւ թմրանյութ իրացնելու համար: Խուլիգանությունը վերաբերում է իշխանական քարոզիչներից մեկին` ոմն Ռոման Բաղդասարյանին, ըստ մեղադրանքի, սպառնալուն եւ քաշքշելուն, իսկ թմրանյութ իրացնելու մասով զոհվածի հայրը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նա դեռ ամիսներ առաջ «Հրապարակին» հայտնել էր, որ Ռոման Բաղդասարյանին ո՛չ քաշքշել եւ ո՛չ էլ սպառնացել է, սակայն մեր «ժողովրդավար» իշխանությունը որոշեց մի անմիտ միջադեպի առիթով կալանավորել զոհված հերոսի հորը՝ արգելելով անգամ տեսակցությունները: Սա՝ այն դեպքում, երբ Գալեյանն ունի մի շարք առողջական խնդիրներ եւ մանկահասակ զավակ:
Իշխանությունների դեմ պայքարող զոհված զինծառայողների ծնողները նրանց ակնհայտորեն վախ են պատճառում, եւ նրանց դեմ ամոթալի քայլեր են արվում: Ամիսներ առաջ էլ Աշոտ Փաշինյանին առեւանգելու կասկածանքով կալանավորվեց 44-օրյա պատերազմում ընկած Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, ում ստիպեցին համաձայնության գալ եւ դադարեցնել պայքարը` ազատության դիմաց: Այսինքն` իշխանությունները փաստացի շանտաժի են ենթարկում զոհվածների հարազատներին, ովքեր նրանց են մեղադրում իրենց կորուստների համար:
Գալեյանի դեպքում էլ թմրանյութի թեման բերեցին ասպարեզ, որ հանրությունը ձեռնպահ մնա նրան աջակցելուց: Մինչդեռ բոլորին հայտնի է, որ հենց իշխանության ամենաբարձր օղակներում է ամենից շատ թմրանյութ գործածվում, եւ երկրում թմրանյութերի օգտագործումն աննախադեպ չափերի է հասել:
Զոհվածի հոր փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Գարիկ Գալեյանի տեսակցություններն արգելված են` բացառությամբ ընտանիքի անդամների հետ տեսակցությունները: Փաստաբանը նշում է, որ կալանավորվածի տեսակցություններն արգելում են այն դեպքում, երբ կա վտանգ, որ անձին տեսակցողները կարող են խոչընդոտել գործի քննությանը: Հովհաննիսյանը նաեւ ասում է, որ Գալեյանին գրեթե բոլոր ընդդիմադիր պատգամավորները փորձել են այցելել, բայց պատգամավորներին, որոնք, ըստ օրենքի, ազատ կարող են այցելել բոլոր կալանավորվածներին, արգելել են։ «Վկայակոչում են դատարանի որոշումը, որն արգելում է բոլոր տեսակցությունները` բացառությամբ ընտանիքի անդամների, սակայն պատգամավորների համար դատարանի որոշումը չի կարող որեւէ խոչընդոտ լինել, որովհետեւ պատգամավորական գործունեությունն իր մեջ նաեւ ներառում է ցանկացած կալանավորված անձի տեսակցելը, ուստի դատարանի որոշումը չի կարող տարածվել պատգամավորների վրա: Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք»,- նշում է փաստաբանը:
Հարցին, թե սովորաբար որ դեպքերում են կալանավորվածի տեսակցություններն արգելում, փաստաբանն ընդգծեց. «Սովորաբար այդպես վարվում են, երբ լինում է չբացահայտված հանցագործության հանգամանք, կարող է այնպես լինել, որ, օրինակ, հանցագործության մի մասը լինի բացահայտված, իսկ մյուս մասը` ոչ, այդ դեպքում եւս կարող են արգելել տեսակցությունները: Նման դեպքերում դատարանը կարող է ողջամտորեն մտածել, որ կալանավորված անձը, շփվելով այլ անձանց հետ, կարող է ազդել չբացահայտված հանցագործության դեպքի հանգամանքների վրա, դրանով իսկ խոչընդոտելով դեպքի հանգամանքի բացահայտմանը: Կարող է լինել նաեւ այնպես, որ հանցագործության մեջ ներգրավված լինի այլ անձ, որը դեռեւս չի կալանավորվել: Օրինակները կարող են բազմաթիվ լինել, սակայն Գալեյանի պարագայում չկա նման որեւէ պատճառ ու հանգամանք: Խուլիգանության նախաքննությունն ավարտական փուլում է, ինչ վերաբերում է թմրամիջոց իրացնելուն, ապա այստեղ եւս մասնակից անձ չկա»:
Գարիկ Գալեյանը երեկ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն` մի քանի ժամով, առաջնահերթ բժշկական օգնություն ստանալու, քանի որ «Վարդաշեն» քրեակատարողականում չկան համապատասխան միջոցներ. «Երեկ «Էրեբունի» ԲԿ-ում ստացել է առաջնահերթ օգնություն, այժմ քրեակատարողականում է: Նա ունի պատիժը բացառող հիվանդություններ: 44-օրյայի ժամանակ նրա գանգուղեղում մետաղական բեկորներ են հայտնաբերվել»: Փաստաբանը դատական ակտը բողոքարկել է, սակայն դեռեւս արձագանք չկա:
Կարծիքներ