Օտարը՝ «իր» երկրում
ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձը հասել է այն մակարդակին, որ Արցախի իշխանություններին դիմում է այնպես, ինչպես տարիներ շարունակ Հայաստանին էին (եւ են) դիմում արտերկրից: Հատկապես՝ արեւմտյան երկրների ու կազմակերպությունների ղեկավարները: Այսինքն՝ օգտագործում է այն բառապաշարը, որ նկատվում է նրանց խոսույթում: Երբ նրանք շփվում են հենց իր հետ կամ հայտարարություն են անում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ: Ներկայացնեմ մի հատված նրա ելույթից, որն ապացուցում է իմ այս միտքը: Խոսելով Կոռնիձորի մոտ լռված հումանիտար բեռի մասին՝ հույս է հայտնում, որ «Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի մեխանիզմ կստեղծվի, ու մենք Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում ու քաջալերում ենք՝ ներգրավվել նման երկխոսության մեջ»: Այս մեջբերումը վկայում է, որ ինքը ոչ միայն Հայաստանը չի համարում Արցախի անվտանգության երաշխավոր, այլեւ ամբողջովին օտարվել է Արցախից: Եվ իրեն պատասխանատու չի համարում Արցախի ճակատագրի հարցում: Իր առջեւ դրված է երկու խնդիր, եւ ինքը փորձում է լուծել դրանք: Առաջինն Արցախի հանձնումն է Ադրբեջանին, երկրորդը՝ Ռուսաստանի հեռացումը մեր տարածաշրջանից: Սակայն լուծումը չի ստացվում այնպես, ինչպես կուզեր ինքը, ու այդ պատճառով էլ ընկնում է տարուբերումների մեջ:
Գանք թեկուզ ժամանակավոր, սակայն մեկ այլ կարեւոր իրադարձությանը՝ երեւանյան ընտրություններին: Վերջին սոցհարցման արդյունքներով՝ Ավինյանին ձայն կտա ընտրողների 22.5 տոկոսը, ինչը նշանակում է, որ նա անձամբ ունի զրոյական վարկանիշ: Այո, չզարմանաք, քանի որ 20-25 տոկոս վարկանիշ ունի եւ միշտ ունեցել է գործող իշխանությունը: Դա ի սկզբանե իշխանության ղեկավարին կամ նրան մերձ ներկայացուցչին տրվող վարկանիշն է մեզանում: Եվ եթե քաղաքապետի ընտրությունը կատարվեր երկփուլանի տարբերակով, ինչպես նախագահի ընտրությունն էր նախկինում, ապա երկրորդ փուլում Ավինյանը հաստատ կպարտվեր իր մրցակցին: Բայց քանի որ քաղաքապետն ընտրվում է միջնորդավորված՝ ավագանու ընտրության եղանակով, ապա կարող եմ վստահ պնդել, որ ընտրությունը շահելու են ՔՊԿ-ականները: Եվ Ավինյանին էլ «ընտրելու» են քաղաքապետ: Հենց այդ պատճառով էլ այս պարբերության սկզբում օգտագործեցի «ժամանակավոր» բառը:
Ի դեպ, ավելացնեմ, որ ավագանու միջոցով Երեւանի քաղաքապետի ընտրությունը նախկինների քաղաքական նվերն է Նիկոլին եւ նրա իշխանությանը: Այն «հագուստը, որ կարում» էր ՀՀ երրորդ նախագահն իր ու հանրապետականների համար, ամբողջությամբ բաժին հասավ Նիկոլին ու ՔՊԿ-ականներին: Եվ Նիկոլը, եթե երախտագիտության մի փոքր զգացում ունենար, ապա շնորհակալություն կհայտներ նախկիններին: Եվ ոչ թե քրեական գործեր «կկարեր» Սերժ Սարգսյանի նկատմամբ, որ հետո էլ ստիպված լիներ կասեցնել այն: Եվ, ընդհանրապես, շնորհակալություն կհայտներ ոչ միայն այս, այլեւ բազմաթիվ այլ «նվերների» համար:
«Հրապարակ»-ը գրել է, որ ժամանակին քննարկվել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի առաջադրման հարցը, քանի որ նրա հեղինակությունը, ըստ սոցհարցումներից մեկի, շատ ավելի բարձր է եղել, քան Ավինյանինը: Եթե դա այդպես է, ապա կարող եմ «շնորհավորել» պարոն Թաթոյանին: Որովհետեւ նա ունեցել է իր կյանքում քաղաքական մեծ թռիչք կատարելու հնարավորություն, բայց բաց է թողել այն: Դա մոտավորապես նման է ավստրիացի գրող եւ դրամատուրգ Ստեֆան Ցվայգի «Մարդկության աստեղային ժամերը» ժողովածուի մանրապատումների հերոսներից մի քանիսի ճակատագրին: Երբ, ինչպես Ցվայգն է գրում, «ժողովուրդների պատմության մեջ, ինչպես առանձին մարդու կյանքում, անդարձ կորսված րոպեն ափսոսանքներով ետ չես դարձնի, եւ հազարամյակն անզո՛ր է ետ բերելու մի ժամում կորցրածը»: Կարծում եմ, որ պարոն Թաթոյանն իսկապես կորցրել է իրական հնարավորություն՝ սկզբում քաղաքապետի, իսկ հետո՝ վարչապետի պաշտոնում գրագետ ու հայրենասեր զանգվածի օգնությամբ վերականգնել մեր կորուստները: Եվ Հայաստանը վերջապես դուրս բերել գոյութաբանական սպառնալիքների հորձանուտից:
Կարծիքներ