Պատերազմի ժամանակ հենց այդ հրթիռները կրակվել են, հիմա էլ ասում են, թե անորակ են եղել

Պատերազմի ժամանակ հենց այդ հրթիռները կրակվել են, հիմա էլ ասում են, թե անորակ են եղել

Երեկ՝ հունվարի 20-ին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդություն էր ներկայացվել։

Տոնոյանի համար երաշխավորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, «Նավակ Ճոճող» մականունով հայտնի Վիլեն Գաբրիելյանը և Արամ Զավենի Սարգսյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, երեկ քննարկվել է բոլոր մեղադրյալների խափանման միջոցի հարցը՝ բացի Ստեփան Գալստյանից, նրա խափանման միջոցի հարցը քննվում է հենց հիմա, նիստը մեկնարկել է ժամը 11։00-ին։

Այս գործով, հիշեցնենք, կալանավորված են Դավիթ Տոնոյանը, Ստեփան Գալստյանը, Ավետիք Մուրադյանը, Դավիթ Գալստյանն ու Արտյոմ Համբարյանը։  

«Այսօրվա նիստին պաշտպանները ներկայացնում էին այն հիմնավորումները, որոնք վկայում էին, որ մեղադրվողները պետք է ազատ արձակվեն, որովհետև նրանց այս պահի դրությամբ կալանքի տակ պահելու հիմքեր չկան։ Դատախազներն էլ քիչ առաջ ներկայացրին արդեն իրենց հիմնավորումները, թե ինչու են գտնում, որ կալանքի տակ պահելու հիմնավորումները շարունակում են առկա մնալ։ Խնդիրն այն է, որ մենք ամեն կերպ փորձում էինք լուրջ հիմնավորում ստանալ, ասում էինք՝ խնդրում ենք, տեղեկացրեք, թե ինչու եք այդպես գտնում ու սա վերաբերվում է յուրաքանչյուր ամբաստանյալի խափանման միջոցին։ Իրոք նրանց հիմնավորումները շատ վերացական են, միայն նշում են, թե ազատության մեջ լինելու դեպքում ամբաստանյալները կարող են ազդել գործի վրա։ Իրականում գործի վրա ազդելու որևէ խնդիր չկա, որովհետև նախաքննությունը ավարտված է, ապացույցներ հավաքելու փուլն էլ, բնականաբար, ավարտվել է։ Այս պահին կանգնել ու ասել, թե դուք կարող եք որևէ փաստաթուղթ պահել, ուղղակի սա աբսուրդ կհամարվի»։ Այս մասին քիչ առաջ դատարանի շենքում լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիք Մուրադյանի պաշտպան Երեմ Սարգսյանը  

«Հարգելիներս, անմեղության կանխավարկած գոյություն ունի։ Որևէ մեկը չի կարող ասել, որ հանցանք է կատարվել։ Ասում էին, թե հրթիռները չի կրակվում, դրանք ոչ պիտանի են, բայց ես ձեզ տեղեկացնում եմ, որ պատերազմի ժամանակ դրանք կրակվել են, կրակվել են ու պիտանի են եղել։ Որևէ մեկը չի կարողանում դա հերքել ու չի էլ կարողանում, հիմա էլ փորձում են պնդել, թե դրանք անորակ են եղել։ Հիմա օբյեկտիվ քննություն է պետք իրականացնել վերջինը հասկանալու համար, բայց կալանքն այստեղ հարկավոր չէ։ Թող այս մարդիկ ազատության մեջ լինեն, թող քննությունն էլ շարունակվի, մարդիկ էլ, բոլորս էլ տեսնենք՝ ինչ է տեղի ունեցել։ Այո, Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել ու շատ անհասկանալի կլինի, եթե այս միջնորդությունը մերժվի։ Ենթադրվում է, որ այո, դատարանն ամեն դեպքում այսօր կգնա խորհդակցական սենյակ որոշում կայացնելու»,- հավելեց Սարգսյանը։