Բռնապետական սկզբունքից սերված ու սնված ժողովրդավարություն 

Բռնապետական սկզբունքից սերված ու սնված ժողովրդավարություն 

Մեկն ու մեկդ Նիկոլին ասեք, որ վերացական երևույթըն ինքնին ուժ ունենալ չի կարող: Այդ երևույթին ուժ կարող են հաղորդել այն սուբյեկտները, որոնք առաջնորդվում են այդ երևույթով և միաժամանակ ունեն բավարար ուժ: Նշված երկու պայմանների բացակայության դեպքում այնպիսի վերացական երևույթի նկատմամբ հավատը, ինչպիսին ժողովրդավարությունն է, կարող է հանգեցնել հիասթափության: Եվ եթե այն ավարտվի զուտ հիասթափությամբ, ապա դրա առումով կարելի է նույնիսկ ուրախ լինել, քանի որ այն կհարստացնի մարդուն փորձառությամբ: Սակայն կարող է պատահել այնպես, որ այդ փորձառությունը լինի վերջինը: Թե՛ առանձին մարդու և թե՛ ողջ ժողովրդի կյանքում: Դժբախտաբար, մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ շատ ավելի հավանական տարբերակ է երկրորդը, քան թե առաջինը: Սա է, որ չի գիտակցվում ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձի կողմից: Որպես օրինակ բերեմ մեր հարևան վրացիների դաժան փորձառությունը. ուղղորդվելով արևմտյան երկրների կողմից, 2008 թվականին հավատացին ժողովրդավարության ուժին և անվերադարձ կորցրին Հարավային Օսիան և Աբխազիան: Կամ գոնե տեսանելի ապագայի առումով՝ եթե դա իրենց թեթևություն կբերի:

Դա՝ մեկ, և երկրորդ. Նիկոլի հիշատակած ուժը տեսականորեն կարող էր գործել, եթե ոչ միայն Հայաստանը, այլև Ադրբեջանը լիներ ժողովրդավարական երկիր: Եվ բացի դրանից, մեր երկրների միջև գոյություն ունենար ոչ թե հարյուրամյա թշնամություն, այլ վերջերս ծագած թյուրիմացություն: Կամ էլ հարյուրամյա թշնամության դեպքում գոնե դրա կիսով չափ ժողովրդավարության ավանդույթ: Եվ երկուսն էլ տեղակայված լինեին ոչ թե Հարավային Կովկասում, այլ Եվրոպայի արևմտյան կամ կենտրոնական մասում: Որպեսզի շրջապատված լինեին այնպիսի պետություններով, որոնք համարում են իրենց ժողովրդավարական: Եվ գործում են ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան: Այնինչ, վերը նշված պայմանները չեն գործում Հայաստանի պարագայում: Ավելին, հանուն խաղաղության ժողովրդավարության ուժին հավատ ընծայող Նիկոլը գործ ունի տիպիկ արևելյան բռնատիրական երկրի ղեկավարի հետ, որը թքած ունի վերջինիս (իբրև թե) դավանած արժեքների վրա: Եվ, ի տարբերություն Նիկոլի, հավատում է ոչ թե վերացական երևույթների, այլ փողի քսակի և դրանից ածանցված՝ զենքի ուժին: Այն ուժին, որի օգնությամբ են լուծվել միջպետական խնդիրներն անցյալում, լուծվում են այսօր և դեռևս երկար ժամանակ կլուծվեն ապագայում: Սա է, որ չի գիտակցում Նիկոլը: 

Եվ փոխանակ, որպես ՀՀ վարչապետ և գլխավոր հրամանատար, ապահովի պետության անվտանգությունը՝ վերականգնելով դրա հիմքը կազմող զինված ուժերը, խելքը տվել է ժողովրդավարության վարկանիշային աղյուսակներին: Կարծես թե վաղը, երբ հերթական անգամ ադրբեջական զինվորականները խախտեն իր ասած 29800 քառակուսի կիլոմետր տարածքի սահմանները, հենց այդ վարկանիշային աղյուսակներն են դուրս վռնդելու թշնամուն: Իսկ որ դա անհրաժեշտ է՝ վկայում է հենց այս շաբաթ թշնամու կողմից Սյունիքի մարզի Տեղ գյուղի հողատարածքներում առաջանալը: ԱԱԾ-ի հաղորդագրությունից էլ իմացանք, որ նախապես եղել են ինչ-ինչ պայմանավորվածություններ, սակայն թշնամու կողմից դրանք խախտվել են: Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ չպետք է խախտվեին որ, ո՞վ էր խանգարողը... գլխավոր հրամանատար Նիկոլը, ՊՆ Սուրիկը, թե մեր երբեմնի ռազմավարական գործընկերը, որը Նիկոլի մանկամիտ քաղաքականության շնորհիվ դարձել է համարյա թշնամի: ՄիայնՆիկոլն ու իր շրջապատը կարող էին մեր բարեկամների թիվը մեծացնելու փոխարեն՝ ինչի կարիքը մենք միշտ զգալու ենք որպես այս աննորմալ տարածաշրջանում գտնվող փոքր պետություն, ավելացնել թշնամիների թիվը՝ բարեկամներին վերածելով թշնամիների: Ու դա անվանեին տարածաշրջանային խաղաղության օրակարգի նախաձեռնում:

Եվ մի հարց էլ՝ եթե դուք փորձում եք լեզու գտնել թշնամու հետ, ապա ինչ տրամաբանությամբ եք շարունակում նախկինների, սևերի և այլ՝ ձեզ համար ոչ ընդունելի հայաստանցիների հետապնդումը: Դրսի թշնամուն չատող անձը ինչպե՞ս կարող է ատել ներքին մրցակցին կամ թեկուզ հակառակորդին: Իսկ դուք վարվում եք հենց այդպես: Ինչը նշանակում է, որ դուք կա՛մ իսկապես ոչ թե հայաստանյան, այլ արտաքին թշնամու կողմից մեր վզին փաթաթված օտար իշխանություն եք, կա՛մ էլ կիլոմետրերով հեռու եք պարզագույն քաղաքականությունն ընկալելուց: Էլ չեմ խոսում ժողովրդավարությանը իբրև թե հավատարիմ իշխանության վարքագծում երկակի չափանիշների առկայությունից: Եթե ձեզանից որևէ մեկն է խորհրդարանում կռիվ սարքում, ապա ոստիկանների օգնության բնականաբար չեք դիմում: Եթե ձեզանից մեկի սադրանքն արժանանում է համապատասխան վերաբերմունքի՝ անմիջապես հիշում եք ոստիկաններին: Իսկ նրանք էլ, բնականաբար, ձեր ուղղորդմամբ իսկապես ազգընտիր պատգամավորին նվաստացնելով բերման են ենթարկվում: Կարծում եմ, որ ձեր, այսպես կոչված, ժողովրդավարությունն իրականի հետ չունի որևէ աղերս: Այն արևելյան բռնապետական սկզբունքից սերված ու սնված, երկակի չափանիշներով գործող՝ ուժեղից խեղճացող, թույլին հետապնդող իշխանություն է: