«Հրապարակ»․ Հայաստանը նախորդ տարվա հոկտեմբերին կարող էր դիմում գրել ու ՀԱՊԿ-ից դուրս գալ

«Հրապարակ»․ Հայաստանը նախորդ տարվա հոկտեմբերին կարող էր դիմում գրել ու ՀԱՊԿ-ից դուրս գալ

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն է:

- Մինչ ադրբեջանական կողմը ագրեսիվ տոնայնությամբ նոտաներ է հղում Հայաստանին` Տավուշի գյուղերն իրեն հանձնելու մասին, ՀՀ վարչապետը կրկին ակտիվորեն շրջանառության մեջ է դրել «Խաղաղության խաչմերուկ» ասվածը, որը ներկայացրել է իր բրյուսելյան հանդիպումների ժամանակ` գրեթե բոլոր զրուցակիցներին: Փաշինյանը վստահ է, որ այդ խաչմերուկն անհրաժեշտ ու կարևոր է մեզ համար, իսկ ի՞նչ է մտածում Ադրբեջանն այս մասին:

- Ադրբեջանի մասով հստակ չեմ կարող ասել, բարդ է ասելը, սակայն Հայաստանի հնարավորությունները որպես կոմունիկացիոն` տրանզիտ երկիր դառնալու փորձերը գնահատում եմ խիստ նվազ: Հայաստանը շատ սպեցիֆիկ երկիր է և ունի չնչին հնարավորություններ: Տրանզիտ երկիր դառնալու համար գլխավորապես Իրանի համար կարող է ունենալ նման միտում, եթե Իրանի ու Եվրամիության միջև հաստատվեն տնտեսական հարաբերություններ: Միայն այդ պարագայում ՀՀ-ն որպես տրանզիտ տարածք կարող է հետաքրքրություններ ունենալ այստեղ: Բայց ավելին գնալ չենք կարող, իսկ իմ նշածն այնքան էլ հեռու գնացող պատկեր չէ: Այսօր` այս պահին Հայաստանը ոչ մի հետաքրքրություն որևէ պետության համար չի ներկայացնում: Նույնիսկ ադրբեջանական այն թեզը, թե կա անհրաժեշտություն Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապ հաստատելու, չի ենթադրում խաղաղության խաչմերուկ և ըստ էության, հորինված թեզ է, որովհետև այսօր նույն այդ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապված է Իրանի տարածքով և արդեն 30 տարի է, այդպես գործում է: Այսօր ասել, թե նույն կապն անհրաժեշտ է Հայաստանի տարածքով հաստատել, կեղծիք է, սուտ, չի կարող նման բան լինել: Այս հարցը շրջանառության մեջ են դնում միանգամայն այլ քաղաքական նպատակներով` խաղաղության երբեք չհասնելու համար: Նորից շեշտեմ` Հայաստանը տրանզիտ առումով երբեք չի կարող խաչմերուկ լինել: Հորինվածք է, հեքիաթ: Թուրքիան ու Ադրբեջանը կապված են երկաթգծով, ինչպես նաև Վրաստանի միջոցով: Նույնիսկ այդ ճանապարհները այս պահին աշխատում են իրենց կարողությունների չնչին տոկոսով: «Խաղաղության խաչմերուկ» ասվածը քաղաքական միֆ է, որը Փաշինյանը մեջտեղ է բերել իր կառավարության ծրագրերին գեոպոլիտիկ երանգներ տալու համար: Դատարկ, փուչ բան է, այն ներդրումները, որոնք արվել են Հայաստանի ճանապարհները բարելավելու համար բավականին քիչ են, էլ ուր մնաց նոր ճանապարհներ կառուցվեն` միջազգային նշանակություն ունեցող, որոնք կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին:

- Նիկոլ Փաշինյանը խոսում է նաև սահմանազատման մասին և հայտարարում է, որ Տավուշում կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է Ադրբեջանին հանձնել, հակառակ դեպքում պատերազմ տեղի կունենա: Նա խոսում է սահմանազատման մասին, սակայն իրականում ուղղակի գյուղեր է հանձնում Ադրբեջանին: Ի՞նչ գնահատական կտաք այս պրոցեսներին:

- Շատ ճիշտ եք նկատել, սահմանազատումը քարտեզի վրա արվող աշխատանք է, շատ հստակ ու կոնկրետ աշխատանք, այնտեղ որոշվում է միջպետական սահմանը, երկու կողմերն էլ հաստատում են այն: Առհասարակ սահմանազատում տեղի է ունենում խաղաղության պայմաններում, մեր պարագայում` առնվազն նոր խաղաղության պայմանագիր կնքելուց հետո: Միայն այդ պարագայում կողմերը կարող են բանակցել սահմանի վերջնական տեսքի վերաբերյալ, ինչից հետո իսկապես պետություններն անցնում են իրենց բնականոն կյանքին: Այսօր նման բան տեղի չի ունենում, չկա խաղաղության որևէ պայմանագիր, չկա խաղաղության մասին խոսք անգամ, իսկ թե ինչ սահմանագծման աշխատանքներ են տարվում, դա էլ անհայտ է: Այն, ինչ կատարվում է այսօր սահմանում, ոչ մի կապ չունի սահմանազատման հետ: Ադրբեջանը նպատակ ունի տապալել ապրիլի 5-ին սպասվող հանդիպումը, որը պետք է կայանա Բրյուսելում: Ադրբեջանը վերջնագիր է ներկայացրել Հայաստանին շփման գծից հետ քաշել զորքերը և ժամկետ է դրել: Եթե մինչև շաբաթվա վերջ այն կյանքի չկոչվի, ռազմական գործողություններ են սկսելու` խախտելով հրադադարը: ԱՄՆ-ն ու Եվրամիությունը հայտարարել են, որ պաշտոնապես պետք է Հայաստանին համագործակցության առաջարկ անեն, Ադրբեջանը նախքան այդ պրոցեսները, պատերազմ վերսկսելով, նպատակ է դրել առհասարակ տարածաշրջանում ապակայունություն ստեղծելու: Ադրբեջանի նպատակներից մեկը Հայաստանին եվրաինտեգրման պրոցեսներից զերծ պահելն է:

- Այսինքն` ակնարկում եք, որ Նիկոլ Փաշինյանը չի՞ ցանկանում փոխել արտաքին քաղաքական վեկտորը` գնալ դեպի Արևմուտք:

- Դա միայն Նիկոլ Փաշինյանից չի կախված: ԱՄՆ-ն ու Եվրամիությունը Հայաստանին ակնարկել են գնալ այդ ուղղությամբ: Այդպիսի առաջարկները մերժելն ունի հետևանքներ: Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որը կարող է բախման հանգեցնել:

- Ինչի՞ց եք ենթադրում, որ Փաշինյանը մերժում է Արևմուտքին:

- Նրա արտաքին քաղաքականության առաջնայնությունները Ռուսաստանն ու Թուրքիան են: Եվրամիությունը Փաշինյանի համար երրորդ տեղում է, առաջին տեղում Ռուսաստանն է: ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են առաջնային լինել Հայաստանի համար, բայց ՌԴ-ի և Թուրքիայի հետ համագործակցությունն այդպես էլ չի ստորադասվում օրվա իշխանության համար:

- Իսկ Փաշինյանի այն հայտարարությունները, թե Հայաստանն իր հարաբերությունները սառեցրել է ՀԱՊԿ-ի հետ, ինչի՞ համար էին:

- Նա ստիպված եղավ նման հայտարարություն անել այն ժամանակ, երբ իրավական մի շարք փաստաթղթեր վերակնքվեցին: Հայաստանը նախորդ տարվա հոկտեմբերին կարող էր դիմում գրել ու ՀԱՊԿ-ից դուրս գալ, սակայն այդպես էլ չգնաց այդ քայլին: Իսկ ի՞նչ է նշանակում մնալ որպես ՀԱՊԿ անդամ պետություն, միևնույն ժամանակ սառեցնել հարաբերությունները: Նման եզրույթ գոյություն չունի իրականում: Նիկոլ Փաշինյանը հակասական իրավիճակ է ստեղծել, Փաշինյանը Հայաստանի հարաբերությունները պահպանում է Ռուսաստանի Դաշնության հետ: Սառեցում ասելով` նա նկատի ուներ միջոցառումներին չմասնակցելը, ինչը չի նշանակում դադարեցնել համագործակցությունը: