Տղամարդու արևելյան ակումբային պորտապար՝ Երևանում

Տղամարդու արևելյան ակումբային պորտապար՝ Երևանում

Երեկ Toms.am կայքում հանդիպեցինք այս տարվա հոկտեմբերի 25-ի համար նախանշված մի էկզոտիկ՝ տղամարդու պորտապարի երեկոյի մասին ազդի։ Ըստ այդմ՝ Երևանում ելույթով հանդես կգա «արևելյան պարի ոճում միշտ տարբեր և անկանխատեսելի, ամենապահանջված և խարիզմատիկ արտիստներից մեկը» ՝ 2010 թվականի աշխարհի չեմպիոնն ու պորտապարի ակումբային ոճի հիմնադիրը։ Շոուին կմասնակցի նաև պորտապարի համառուսական մրցույթի դափնեկիր, պարի այդ ոճի ամենահայտնի կատարողներից մեկը՝ անզուգական Ռոքսաննա Ջենիդը։

Ինչ-ինչ, բայց տղամարդու պորտապար Հայաաստանում դեռ չի եղել, և այս առումով հետաքրքիր է, թե կազմակերպիչ ընկերությունը ինչ հանդիսատեսի ակնկալիք ունի, և արդյոք ունեն հետազոտություն՝ կա՞ Հայաստանում տղամարդու արևելյան պորտապարի պահանջարկ ունեցող հասարակություն։

Կազմակերպիչ ընկերության կարծիքը հաջողվեց ստանալ «clubing  in Yerevan» ֆեյսբուքյան էջի միջոցով։ Այնտեղից ընկերության սոցիալ մարքեթինգային մենեջեր Լիլիան, ի պատասխան հայ հասարակության պահանջարկի մասին հարցի, հայտնեց, որ գործում են Մոսկվայում, մասնաճյուղ ունեն Սանկտ Պետերբուրգում, և որ չկա այդպիսի ինստիտուտ, որը կարող է պատասխանել, թե շոու բիզնեսի ոլորտում Հայաստանում ինչպիսի պահանջարկ կա։
«Բայց որ հայերը սիրում են արևելյան երգ և պար, դա փաստ է»,- մեզ այսպես է պատասխանել  ընկերության սոցիալ մարքեթինգային մենեջերը։

Նշենք, որ սույն էկզոտիկ երեկոյի տոմսերի արժեքը կազմում է  5000, 10000, 15000 դրամ։ Հարցրեցինք նաև, թե որքա՞ն տոմս են վաճառել։ Այս հարցին կկարողանան պատասխանել արդեն հոկտեմբերի կեսերին։

Նշենք, որ նույն կազմակերպությունը Հայաստանում կազմակերպում է նաև  մեկ այլ՝«Եվդոկիմով շոու», որի մենակատարը ևս էկզոտիկ արտաքինով մի տղամարդ է՝ Անատոլի Եվդոկիմովը։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց գովազադային գործակալը՝ շատերը նրա դիմանկարն ու ազդը տեսնելիս՝ մտածում են, որ նա տրանսգենդեր է, սակայն նա «Եվդոկիմով շոու» պարոդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։ «Եվդոկիմով շոու»-ն պարային, թատերականացված ներկայացում է, որի ընթացքում նաև ճանաչված մարդկանց նմանակումներ են կատարվում: Այս շոուն միակն է Ռուսաստանում , որ որպես երկրի լավագույն շոու 2 անգամ արժանացել է NIGHT LIFE AWARDS մրցանակին: