Մի դեպքում սպառնալիք է, մյուս դեպքում` ո՞չ

Մի դեպքում սպառնալիք է, մյուս դեպքում` ո՞չ

Դատախազությունը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի կողմից ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի նկատմամաբ առերևույթ սպառնալիքների առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնել։ Այս մասին «Հրապարակի» հարցմանն ի պատասխան տեղեկացնում են դատախազությունից՝ հավելելով, որ դատախազությունը հաղորդում չի ստացել, մինչդեռ դատախազությունը մամուլի հրապարակումների մշտադիտարկում է իրականացնում և դրանք կարող է համարել որպես հանցագործության մասին հաղորդում և վարույթ սկսել։ Արթուր Հովհաննիսյանն այդ օրը, հիշեցնենք, իրեն «Ռեմբոյի» տեղն էր դրել, և սպառնում էր լեզու ու ականջ կտրել։ Երբ Էդգար Ղազարյանը խոսեց 2018 թվականի հեղափոխությունից և օգտագործեց ադրբեջանաթուրքական արտահայտությունը, Արթուր Հովհաննիսյանն ընդհատեց. «Դու գիտես՝ այս երկրում ո՞վ է  հեղափոխություն արել, հեղափոխություն արած ժողովրդին դու անվանում ես ադրբեջանաթուրքական հեղափոխություն, էս ժողովրդին մեկն ու մեկդ հանկարծ փորձեք անվանարկել՝ չփոշմանեք։ Նայի, դու էլ չմտնես մկան ծակերը։ Սիրելի հայրենակիցներ, լեզուն կկտրենք, ով մեր ժողովրդին համարձակվի անվանարկի, լեզուները կկտրենք, ականջներն էլ՝ հետը»։ Երբ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը պատգամավորին զգուշացրեց, որ սպառնալիք է հնչեցնում, Արթուր Հովհաննիսյանն ասաց.
«Ընդունեք սա որպես սպառնալիք՝ լեզուն կկտրեմ, ականջներն էլ՝ հետը»:

Դատախազությունը, սակայն, պատգամավորի այս հասցեական հայտարարությունները չլսելու է տալիս, մինչդեռ այս իշխանության օրոք ընդունված Քրեական օրենսգիրքը սպառնալիքների հետ կապված մի քանի հանցակազմ պարունակող հոդվածներ է նախատեսել։ Օրինակ՝ ՔՕ 194-րդ հոդվածը սահմանում է, որ «Սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման  սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով»: 

Հետաքրքիր է, որ դատախազությունն անտեսում է հասցեական սպառնալիքի դեպքը, սակայն 2019 թվականին հասարակական գործիչ Արթուր Դանիելյանը ոստիկանության կողմից իր աշխատասենյակից ձեռնաշղթաներով բերման էր ենթարկվել, որովհետև ասուլիսներից մեկի ժամանակ ասել էր․ «...Էս ամեն ինչի արդյունքում շուտով կարողա մի օր էլ մենք կոչ անենք, որ Նիկոլ Փաշինյանի գլուխը պետք ա քարով ցխեն»։ Ոստիկանությունը սա համարել էր առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիք։ 

Նույն սկզբունքով քրեական գործ հարուցվեց եւ դատաքննություն է ընթանում Նարեկ Մալյանի կողմից Չաուշեսկուի գլխատման պրոցեսը բեմականացնելու համար: Իրավապահներն այստեղ եւս տեսել էին Նիկոլ Փաշինյանի հետ հաշվեհարդար տեսնելու մտադրության հանցակազմ:

2020 թվականին դատախազությունը քրեական գործ էր հարուցել, երբ ինչ-որ անձ զանգահարել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության գրասենյակ և, ըստ հաղորդագրության, սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցրել։ 

Մեզ հետ զրույցում Էդգար Ղազարյանն ասաց, որ դատախազությանը հաղորդում անպայման ներկայացնելու են, այս պահին աշխատում են այդ ուղղությամբ, տեսնենք, թե ի՞նչ կանի դատախազությունն արդեն հաղորդումն ունենալու դեպքում։