Չարչյանի ու մյուսների գործն ուղարկվել է դատարան

Չարչյանի ու մյուսների գործն ուղարկվել է դատարան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի եւ մյուսների գործով դատախազը 2023 թվականի մարտի 10-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ քրեական վարույթի նյութերի հետ ուղարկել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Այս մասին, «Հրապարակի» հարցմանն ի պատասխան, հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Գործով, բացի Չարչյանից, որպես մեղադրյալ են անցնում փորձագետներ Հայկազն Չախոյանը, Կարեն Մխիթարյանը, Արմինե Հարոյանը, Վարդան Խաչիյանը։ Առաջադրված մեղադրանքը, հիշեցնենք, վերաբերում է Հաց բերողի մահվան հանգամանքներին։

Հաց բերողը 2016 թ. դեկտեմբերի 30-ին կալանքից ազատվեց միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ, որն արձանագրեց, որ նրա առողջական վիճակը համատեղելի չէ կալանքի հետ, սակայն այդ որոշումից 1 օր անց քննիչը կրկնակի փորձաքննություն նշանակեց: Երկրորդ հանձնաժողովի կազմում էր նաեւ բժիշկ Չարչյանը։ Հանձնաժողովի տված եզրակացությունից հետո Հաց բերողին կրկին կալանավորեցին. նոր եզրակացությամբ՝ նրա առողջական վիճակն անհամատեղելի չէր համարվել կալանքի հետ: Սակայն բանն այն է, որ բժշկական հանձնաժողովը փաստաթղթերի հիման վրա էր եզրակացություն տվել` Արթուր Սարգսյանը բժշկական հետազոտություն չէր անցել, քանի որ չէր ներկայացվել հանձնաժողովին: Ավելին՝ Արմեն Չարչյանը եզրակացության մեջ կամ դրանից զատ հատուկ շեշտել էր, որ եթե Արթուր Սարգսյանին կարողանային զննել, գուցե իրենց եզրակացությունն այլ լիներ։ Արմեն Չարչյանին ներկայացված է մեղադրանք՝ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար:

Նշենք, որ այս գործով վաղեմության ժամկետն ավարտված է, եւ եթե գործով մեղադրյալներն ընդունեին իրենց վերագրվող մեղքը, ապա քրեական հետապնդման չէին ենթարկվի, սակայն Չարչյանն ու մյուսները չեն ընդունել մեղքը՝ որակելով այն ակնհայտ անհիմն ու անօրինական։ 

Փետրվարի 9-ին Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ համաձայնություն էր տվել Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրին: ԱԺ 107 պատգամավորից փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցել էր 68-ը։ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները միջնորդության քննությանը չեն մասնակցել։