Վահագն Վերմիշյանը կարող էր ժամանակից շուտ բացահայտել հայ-թուրքական մերձեցման պլաննե՞րը

Վահագն Վերմիշյանը կարող էր ժամանակից շուտ բացահայտել հայ-թուրքական մերձեցման պլաննե՞րը

Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանն արդեն մեկուկես տարուց ավելի է՝ անազատության մեջ է: Նրան մեղադրում են խոշոր ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու մեջ: 

Գործով անցնում է 8 անձ, այդ թվում՝ նաեւ Վարազդատ Պողոսյանը, ում Վերմիշյանի խորհրդով Վաստակավոր շինարարի կոչում է տրվել: Քանի որ սա մեղադրանքի թերեւս ամենաաբսուրդային դրվագն է, հանրային կարծիքն արձանագրում է՝ Վերմիշյանին դատում են կոչում շնորհելու համար: Այս մեկ տարում Վերմիշյանը ձեռք է բերել առողջական խնդիրներ, որոնք մինչեւ կալանավայրում հայտնվելը չի ունեցել՝ գլխուղեղի արյան շրջանառությունն է խախտված, փսխումներ ու գլխապտույտներ ունի: 

Վերջին նիստերից մեկի ժամանակ նա դատարանից պահանջել է մեկ րոպե լռությամբ հարգել նույն դատավորի՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ կայացած նիստի ժամանակ վախճանված պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հիշատակը: Այս կոչը համարվեց անհարգալից վերաբերմունք դատավորի նկատմամբ: Դատավորը 10 ժամով հեռացրեց Վերմիշյանին դատական նիստի դահլիճից: «Տո քեզ ա պետք հեռացնել, այ Մացո: Մեկի անունը որ Մացո լինի, այ անասուն: Նման անասունների պատճառով դարձավ նահատակ»,- արձագանքել էր Վերմիշյանը, ինչից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր: 

Մացոն միակը չէ, ում հակաճառել է Վերմիշյանը: Պաշտոնյա եղած ժամանակ նա մի քանի անգամ դեմ է արտահայտվել Փաշինյանի դիրքորոշումներին՝ տարբեր աշխատանքային հարցերով, ընդ որում՝ հրապարակավ:

Արմատավորված կարծիք կա, որ հենց այդ հրապարակային քննադատությունների համար էլ Փաշինյանը պատժում է կենսաթոշակի տարիքին մոտ Վերմիշյանին: Դատական նիստերը լինում են երկու ամիսը մեկ: Վերջինը կայացել է հունիսի 25-ին, նորը նշանակված է հոկտեմբերի 4-ին: 
Դատարանն ավարտել է վկաների հարցաքննությունը: Գործի շուրջ զրուցեցինք Ալեքսանդր Կոչուբաեւի հետ, խնդրեցինք ամփոփել դատարանի դահլիճում լսված վկայությունները: «Մենք հարցաքննել ենք 50-ից ավելի անձանց, նրանցից մեղադրական բնույթի որեւէ ապացույց չի ներկայացվել: Կան ձայնագրություններ, որոնցով ոչ մի կերպ չի բացահայտվում, որ Վահագն Վերմիշյանը կաշառք է վերցրել կամ լիազորություն է չարաշահել, ու ամբողջությամբ տակը մեզ մնում է կարծել, որ սա բացառապես քաղաքական մոտիվացիա ունեցող գործ է»,- ասաց փաստաբանը: 

- Ի՞նչ քաղաքական մոտիվացիա, եթե նա նախկիններից չէ, ընդդիմություն չէ:  

- Նախեւառաջ, նա երբեւէ չի հարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, թավշյա իշխանափոխության գործընթացներին որեւէ ձեւով չի մասնակցել, Նիկոլ Փաշինյանի կամ նրա մերձավոր շրջապատի հետ որեւէ կապ չի ունեցել: Նա իշխանափոխությունից հետո հրավիրվել է ՌԴ-ից՝ որպես աշխարհահռչակ ճարտարապետ, իր գործի գիտակ: Նա եկել էր բարելավելու քաղաքաշինության կոմիտեի աշխատանքը, իսկ այս իշխանությունները ոնց որ թե այդպիսի ծրագրեր չունեին: Վերմիշյանը միակ պաշտոնատար բարձրաստիճան անձն է, որը կառավարության նիստի ժամանակ նրա առաջարկած մոտեցումները քննադատել է: Նա քննադատել է երկաթի արտահանման գործընթացը: Եթե հիշում եք, դա հայտնի տեսանյութն է, որում Վերմիշյանն օրինակ է բերում, որ մենք 90-ականներին զանգերը ձուլում էինք, որ փամփուշտ ստանանք, եւ կատեգորիկ դեմ էր եղել երկաթի արտահանմանը: Մինչդեռ դա այսօրվա բարձրաստիճան իշխանավորների համար բիզնես-պրոյեկտ էր, եւ, բնականաբար, Վերմիշյանի այս կեցվածքը խանգարում էր նրանց: 

- Դա միակ քննադատությունը չէ՞ր: 

- Այո, Վահագն Վերմիշյանը «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում քննադատության էր ենթարկել կառավարության գործողությունները, մասնավորապես, ներկայում էլ առողջապահության նախարարությունում, այլ գերատեսչություններում առկա են ճարտարապետական բաժիններ, որոնք պատասխանատու են ոլորտների ճարտարապետական, քաղաքաշինական ծրագրերի համար: Վահագն Վերմիշյանը սա քննադատել էր, մատնանշել, որ կա քաղշինկոմիտե, որը պետք է զբաղվի դրանով, իսկ առանձին բաժիններ պահելը ոչ նպատակային ծախս է, եւ ստացվել էր այնպես, որ հենց կառավարական թերթում՝ «ՀԺ»-ում, նա քննադատել էր կառավարությանը, ու սա եւս մեկ ազդակ էր, որ չպետք է լիներ այս իշխանության կազմում, որը քննադատության ենթարկեր կառավարության քաղաքականությունը: 

- Կարծում եք, սրա՞ համար են կալանավորել: Դրա համար կարող էին ուղղակի ասել՝ դիմում գրի, գնա: 

- Հաջորդ ու կարեւոր խնդիրը Գյումրիի մաքսատան կառուցումն էր: Նա վարչապետին զեկուցել էր, որ մաքսատները կառուցվում են այն կետերում, որտեղ կա ակտիվ առեւտուր: Նա վարչապետին հարցրել էր, թե արդյոք մենք ունե՞նք Թուրքիայի հետ ազատ առեւտուր իրականացնելու հեռանկարներ, եւ դա եղել է 19-20 թվականներին: Այսօր, երբ հետ ենք նայում, հասկանում ենք, որ նման ծրագրեր իշխանություններն ունեցել են, բայց ժամանակից շուտ այդ ծրագրերի մասին խոսելն իշխանության համար ցանկալի չէր, որովհետեւ կարող էր ժամանակից շուտ բացահայտել հայ-թուրքական մերձեցման պլանները: Նա նաեւ քննադատում էր առանձին պաշտոնյաների, խանգարում նրանց կոռուպցիոն գործերին, եւ այս ամենը չէր կարող աննկատ անցնել իշխանության բարձր դերակատարների աչքի տակով: Այս պատճառով էլ սանձազերծվեց այդ հետապնդումը:

- Վաստակավոր շինարար Վազգեն Պողոսյանը, որը եւս ամբաստանյալ է, դատարանում հարցաքննվե՞լ է, ի՞նչ է ասել:  

- Իրավիճակի աբսուրդը եկեք հասկանանք: Քաղշինկոմիտեի նախագահն ի պաշտոնե չունի իրավասություն՝ վաստակավոր շինարարի կոչում շնորհելու համար, հետեւապես չէր կարող դրա համար կաշաք վերցնել: Վերմիշյանն ընդամենը ներկայացրել է Պողոսյանին որպես թեկնածու:

- Վերմիշյանին շինարարների կողմից գումար փոխանցվե՞լ է: 

- Այո, բայց դա եղել է այն ժամանակահատվածում, երբ Վերմիշյանը 4-5 ամիս առաջ Պողոսյանին ներկայացրած է եղել կոչման: Այսինքն՝ վերցնել գումար, կատարել ինչ-որ գործողություն՝ կաշառքի այս շղթան չկա: Ամենակարեւորը՝ Վերմիշյանին փոխանցված գումարի մասին․ դեպքից մի քանի օր առաջ Ջիմ Թորոսյանի ընտանիքի մեդալները հանված են եղել վաճառքի Վերնիսաժում, եւ սա իսկապես խարան է եղել ճարտարապետների համար, եւ Վերմիշյանը սեփական միջոցներից գումար է ծախսել, դրանք գնել ու նվիրել է թանգարանին, թանգարանն էլ շնորհակալություն է հայտնել, տեսանյութ է պատրաստել այդ մասին: Սրանից հետո արդեն Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանն իմացել է, որ Վերմիշյանը սեփական միջոցներից գնել է մեդալներն ու պատվոգրերը, մոտեցել է, ի դեպ՝ դա կա գաղտնալսումների մեջ, որ դա ընկալվել է որպես ոչ միայն Վերմիշյանի, այլեւ բոլորի խնդիրը: Շինարարների միության անունից նա 5 հազար դոլար է փոխանցել: Թանգարանի հրապարակած տեսանյութում նա ասում է, որ դա ոչ միայն իր, այլեւ ընկերների նախաձեռնությունն է: Ինքը ծախսել է 8 հազար դոլար, իսկ Շինարարների միությունը փոխանցել է իրեն 5 հազար: Ահա, այս գործողությունը մեկնաբանվել է, իբրեւ թե Գալստյանը փոխանցել է այս 5 հազարը Վերմիշյանին, որպեսզի Վազգեն Պողոսյանը ստանա վաստակավոր շինարարի կոչում: Խոսել կաշառքի մասին՝ նման փաստարկման պայմաններում, իրատեսական չէ: 

- Ինչո՞վ են հիմնավորում կալանքը: Ի՞նչ պետք է անի ազատության մեջ կենսաթոշակին մոտ տղամարդը, որը ո՛չ ազդեցիկ ուժային է եղել, ո՛չ դատված է եղել, ո՛չ գոնե օլիգարխ է: 

- Իբրեւ թե, մնալով ազատության մեջ՝ կխոչընդոտի քննությանը, եւ սա այն դեպքում, երբ հուլիսի 25-ի դրությամբ հարցաքննվել են բոլորը, ովքեր պետք է հարցաքննվեին: Սա մեկ անգամ եւս ապացուցում է, որ Վերմիշյանի հետապնդումը բացառապես քաղաքական է: