Երանի այդ օրը…

Երանի այդ օրը…

2023 թվական, խոր աշուն: ՔՊ-ական իշխանություններն իրենց պադավատներով լքում են Հայաստանը:

Արցախից տեղահանվողների քարավանը ոչինչ էր սրանց քոչի համեմատությամբ: Բեռնախցիկներն այնքան ուտելիք էին խցկել, որ ճամպրուկներին տեղ չէր մնացել: Դրանք կապել էին մեքենաների տանիքներին՝ մի քանի շարք իրար վրա դարսած: Ջիպերի հետեւից՝ քարշարկների վրա, բենզինի կանիստրներ էին տանում: Ամեն ինչից երեւում էր, որ երկար ճանապարհ են գնալու: Դուրս էին եկել գիշերով, որ առավոտյան, դեռ լույսը չբացված, Մարգարայի կամուրջն աննկատ անցած լինեն:

Նիկոլի ավտոմեքենաները գնում էին առջեւից, բայց Նիկոլը նրանցից ոչ մեկի մեջ չէր երեւում: Շշուկներ էին տարածվել, որ նա խառնվել է Աննայի ընկերուհիների խմբին եւ ՀՀ պետական սահմանը հատել է «Զվարթնոց» օդանավակայանով: Ասում էին՝ վարչապետի ընտանիքի անդամներն իրենց գլխի ճարը տեսել են անհատապես, որպեսզի միասին չբռնվեն ու նույն հոդվածով չդատվեն: Իսկ շարասյունն էլ միացել էր ՔՊ-ի ընդհանուր քոչին, որ լրագրողներին ավելորդ կասկածանքների առիթ չտան: Իսկ այդ էկզոտիկ քարավանի շուրջ լրագրողների պակաս իսկապես չկար: Սրա ավտոմեքենայից նրա ավտոմեքենայի մոտ էին վազում, միկրոֆոններով թխկթխկացնում ապակիներին, որ փախստականներից տեղեկություններ իմանան, բայց փախստականները չէին էլ բարեհաճում ապակիներն իջեցնել: Պարեկներին ոչ մի կերպ չէր հաջողվում հանգստացնել լրագրողներին: Առավել համառներին սպառնում էին բերման ենթարկել: Նույնիսկ կարմիր բերետավորներին էին կանչում… Այսպես շարունակվեց ՔՊ-ի երթը մինչեւ Աշտարակի խճուղի, մինչեւ այն պահը, երբ լսվեց առաջին ավտոմեքենայի ապակու փշրվելու ձայնը: Վախ արա, հորս արեւ՝ բղավեցին ավտոմեքենայի միջից ու մի կերպարանք դուրս թռավ՝ ապակին կոտրող լրագրողին խեղդելու պատրաստ: Լկտի, գոռում էր գազազած կերպարանքը, դու ո՞վ ես, որ ՀՀ քաղաքացու ավտոմեքենան ջարդես…

Քարավանի կանգնելուն պես հետաքրքրասերների մի խումբ անմիջապես շրջապատեց կռվողներին՝ բոլորն անխտիր կաստում-շլվարներով ու փողկապներով: Ո՞վ է, ի՞նչ է, ի՞նչ է պատահել, ապակի են կոտրե՞լ… Սկսեցին կերպարանքին համոզել՝ ախպեր դրա ժամանակը չի, ուշանում ենք, արի նստի մեր ավտոն… Չէ, համառում էր կերպարանքը… Եվ դրա նմաններն ի դեմս ընդդիմադիր պատգամավորների, պաշտպաններ ունեն Ազգային ժողովում… Այ ցավդ տանեմ, դրա ժամանակը չէ, ի՞նչ ընդդիմադիր պատգամավոր, ի՞նչ Ազգային ժողով, վերջ, հասկանո՞ւմ ես, վերջացավ, գնում ենք… Կերպարանքն անսպասելի դիմեց կողքին հայտնված կարմիրբերետավորին եւ ցույց տալով լրագրողին համարյա ճչաց.
- Տարեք դրան:
- Ո՞ւր տանեմ:
- Ձեր տուն տար, անասուն, ո՞ւր են տանում ՀՀ քաղաքացու ավտոմեքենան ջարդողներին:

Կարմիրբերետավորը մի պահ շփոթվեց՝ էս ոնց որ իրեն ասին անասո՞ւն… Դեմքը կարմրեց, ձուլվեց բերետին: Հետաքրքրասերների խումբը, վատ բան գուշակելով, կես քայլ հետ գնաց: Ավտոմեքենայից դուրս թռած կերպարանքը մենակ մնաց զգեստապահարան հիշեցնող կարմիրբերետավորի հետ… Վերջինս պայթեց.
- Տո արի ստեղ, ասեմ, արա… դու ո՞վ ես, այ դավաճան, հողատու, ձրիակեր սրիկա, որ օրենքի մարդուն անասուն ասես…
Կերպարանքի ոտքերը կտվեցին գետնից… Հետաքրքրասերների խումբն ավելի մեծ շրջան բացեց կռվողների, իսկ ավելի ճիշտ՝ կռվողի համար: Դժվար է ասել, թե ինչով կավարտվեր այդ միակողմանի ըմբշամարտը, եթե ուրիշ կարմիրբերետավորներ չմիջամտեին: Կերպարանքը լեշի նման փռված էր գետնին:
- Բա հիմա սրան ի՞նչ անենք,- հարցրեց մի ջահել կարմիրբերետովոր:
- Կոխեք «Վիլիսը»…
- Տո լավ, այ ախպեր, ի՞նչ «Վիլիս», ամոթ ա, իշխանական պատգամավոր ա, ի վերջո,- միջամտեց մեկը` հետաքրքրասերների խմբից ու փորձեց ոտքի կանգնեցնել գետնին փռված կերպարանքին:
- Լավ,- համաձայնեց կարմիրբերետավորը,- նստեք ավտոմեքենաները, շարժվում ենք:
- Պարոն հրամանատար, հենց նոր SMS ստացա, որ ԱԳԼՃԿ նախարարի մարդու հեռախոսը լիցքաթափվել է, շտապ հոսանքի աղբյուր է պետք:
- ԱԳԼՃԿ չի այ տղա, ԿԳՄՍ կլինի…
- Վայ, հա, ԿԳՄՍ:
- Դուռդոմ, իսկական դուռդոմ… Սրանք բացարձակ պատկերացում չունեն իրավիճակի մասին… Պադումայեշ, նախարարի մարդու հեռախոսը նստել ա… Գնա ասա՝ զարյադկի լարը մտցրու… (մնացածը գրելու չի):
Քարավանը շարունակեց երթը: Չնախատեսված հաջորդ կանգառը Գյումրիի մատույցներում էր: Բանից անտեղյակ գյումրեցիները փակել էին Երեւան-Գյումրի ճանապարհը եւ պահանջում էին, որ Նիկոլ Փաշինյանը գա ու պատասխան տա, թե ինչու իրենց քաղաքում «Բոինգ»-ի գործարանը չբացվեց եւ Գյումրին չդարձավ նավահանգիստ…