Փառք տվեք Նիկոլին, որ բզեզի նման նորակառույցի առէջում ննջեք․․․

Փառք տվեք Նիկոլին, որ բզեզի նման նորակառույցի առէջում ննջեք․․․

Մեր շրջապատում մարդիկ կան, ու թիվը քիչ չէ, ովքեր դեմ են այս իշխանության վարած, եթե կարելի այսպես անվանել, քաղաքականությանը , տեղն ընկած  տեղը ամենավերջին բառերով քննադատում են, բայց խուսափում են հանրային հարթակներում գնահատական տալ, հանրային հարթակներում երևալ։  Նրանք լռում են։  Դեմ լինելով՝ լռում են։ Ինչու՞։ Շատերը գրում են, որ առաջնորդ են ուզում, առաջնորդող են ուզում։ Ոմանք գրում են, որ 44-օրյա պատերազմից, Արցախը հանձնելուց, Հայաստանը խոցելի դարձնելուց  հետո մարդիկ ուշքի չեն եկել։  Մի մասն էլ, որը օգտվում է իշխանության կերակրատաշտից,  թմբկահարում է, որ ժողովուրդը կողմ է Նիկոլի վարած քաղաքականությանը, դեմ է նախկինների գալուն,  դրա համար դուրս չի գալիս։  Դրանք բոլորը՝ միասին վերցրած, քաղաքական մեկնաբանություններ են։ Կա ավելի լուրջ պատճառ, որը զուտ հոգեբանական բնույթ է կրում, ու դրան ոչ ոք չի անդրադառնում։ Խոսքս հիմնականում վերաբերվում է հանրության մեջ քիչ թե շատ ճանաչում ունեցող մտավորականներին, որոնց մեծ մասը կամ լռում կամ սոցիալական ցանցերում «անվնաս» թեմաներ են շոշափում։

Դա մի պարզ բացատրություն ունի։ Լռությամբ, պասիվությամբ նրանք պաշտպանում են սեփական եսի տարածքը։   Լռությունը որպես պաշտպանական զրահ են օգտագործում։ Ասեմ, որ լռությունը իմաստություն է համարվում, բայց այս դեպքում, երբ զոհասեղանին դրված է հայրենիքը, այդ լռությունը հանցագործ լռություն է։ Շատերը դա կարող են անվանել վախկոտություն, բայց դա ամենամեղմ բառն է այս պարագայում։ Վախկոտությամբ կեղծել իրականությունը, նշանակում է կանգնել այն մարդու կողքին, ով լռությունդ օգտագործելով ոչնչացնում է տունդ, ընտանիքդ։ Հազարավոր մարդիկ են ինձ գրում՝ «Չենք լայքում, բայց քեզ հետ համաձայն ենք։ Դե գիտես, երեխա, ընտանիք ունենք, հետևներիցս կընկնի»։ Երևի շատ լրագրողներ, քաղաքական գործիչներ են նույն իրավիճակում հայտնվել, երբ բոլորը համաձայն են, երբ գայլին գայլ ես ասում, բայց իրենք դա չեն ասում, որ աղավնու փետուր հագած գայլը իրենց չհոշոտի։ Այսինքն նրանք, լավ իմանալով, որ աղավնու փետուրների տակ գայլ է թաքնված, անցաթուղթ են տալիս, որ նա հոշոտի հոտը, բայց ոչ իրենց։ Բայց հոտը անվերջ չէ, հերթը հասնելու է իրենց։ Ուրեմն ինչու՞ չմիանալ ու ժամանակին կանխել այն աղետը, արհավիրքը, որը բոլորս տեսնում ենք։ Ինչու՞ գայլին գայլ չասենք․ սա է ողջ խնդիրը։ Ժամանակին Լեռ Կամսարն ասել է․ «Փա՞ռք եք ուզում տալ՝ առանց այդ դժվարություններին ենթարկելու ձեզ. համեցեք սովետական Ռուսաստան, փառք տվեք Լենինին ու ապրեք նորակառույց շենքում՝ օժտված մաքուր սենյակներով, խոհանոցով, արտաքնոցով ու բաղնիքով»։ 

Հիմա մենք այդ ժամանակներում ենք ապրում։ 

Փառք տվեք Նիկոլին, որ բզեզի նման նորակառույցի առէջում ննջեք․․․Քանի՜, փառք տվողներ նորակառույց շենքերում բնակարաններ, բիզնեսներ  ունեցան։ Մեկի տեղ մի քանիսն ունեցան։  Հայրենիքի կործանման ֆոնին, իսկ դա արդեն փաստ է, մեր մտավորականը  փառք է տալիս Նիկոլին ու ապրում արքայավարի, բայց դա փոքրիկ խումբ է ամբողջության կողքին։ Մյուս խմբերը լռում են տարբեր պատճառներով՝ մեկը չի ուզում կորցնել իր հանգիստ կյանքը, չի ուզում ավելորդ «թշնամի ստեղծի» , մյուսի երեխան, ամուսինը պետական պաշտոն ունի, չի ուզում կորցնել, մի այլը՝ վախենում է գործ կարեն իր վրա․․․ Լռելու հազարավոր հոգեբանական պատճառներ կան, բայց ոչ մեկը արդարացված չէ, որովհետև, նորից եմ ասում, զոհասեղանին հայրենիքն է, բոլորս ենք։ Եվ ամենազորեղ լռության պատճառն այն է, երբ խոսողին, գայլին գայլ ասողին ձերբակալում, հետապնդում է իշխանությունը, երբ մարդուն զրկում են աշխատանքից, ընտանիքը դատապարտում սովի, հանրությունն անտարբեր է։ Հանրության անտարբերությունը՝ իշխանության կողմից հասարակությանը պառակտելն  է եղել, որն իր դառը պտուղները տվել է։