Սկզբունքային սխա՞լ է թույլ տրվել

Սկզբունքային սխա՞լ է թույլ տրվել

Այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» Թուրալ Գյանջալիեւը, որ Ադրբեջանի ԱԳՆ աշխատակից է, հայ-ադրբեջանական լրագրողական փոխայցերի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է, որ Բաքվում հայ լրագրողները հանդիպել են «Ադրբեջանի հանրապետության Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ»:

Ամփոփելով՝ Գյանջալիեւն ասել է, որ այդ փոխայցելությունները «հանդիսանում են Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տեղաշրջանի հայ եւ ադրբեջանական համայնքների միջեւ երկխոսությանը ներդրում» եւ որ իրենք «մշտապես սատարել եւ խրախուսել են երկխոսությունը, Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տեղաշրջանի ադրբեջանական եւ հայկական համայնքների խաղաղ գոյակցությունը» եւ  «հատկապես այդ տեսանկյունից են գնահատում նման այցերն ու հանդիպումները»:

Եթե Գյանջալիեւի փոխանցած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա հարկ է ցավով եւ ափսոսանքով արձանագրել, որ Ադրբեջան այցելած հայ լրագրողական եռյակը թույլ է տվել սկզբունքային սխալ՝ համաձայնելով հանդիպել «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների» հետ: Դա Ադրբեջանի դիվանագիտական «կապույտ երազանքն» է՝ հասնել այսպես կոչված «միջհամայնքային երկխոսության» եւ չեզոքացնել բանակցություններին Արցախի լիարժեք մասնակցության՝ հայկական կողմի նախաձեռնությունը: Լրագրողական փոխայցելությունների հիմնական կազմակերպիչը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  գրասենյակն է: Եւ, ամենայն հավանականությամբ, դիվանագիտական այդ ծուղակն ստեղծել է անձամբ դեսպան Կասպրշիկը: Հայ լրագրողական եռյակը, ցավոք, տրվել է սադրանքի, եթե, կրկնենք, Թուրալ Գյանջալիեւի ասածը համապատասխանում է իրականությանը: Ի՞նչ կասի Ադրբեջան այցելած հայ լրագրողական եռյակը: Ո՞րն է խնդրի շուրջ հատկապես Արցախի ԱԳՆ տեսակետը: Չէ՞ որ եռյակից մեկը՝ Էդգար Էլբակյանը, ներկայացրել է Արցախի հանրային հեռուստատեսությունը: