Ասում են` նամակ գրեք, ի՞նչ նամակ` դուք նամակով եկա՞ք մեր երեխեքին տնից տարաք

Ասում են` նամակ գրեք, ի՞նչ նամակ` դուք նամակով եկա՞ք մեր երեխեքին տնից տարաք

44-օրյա պատերազմում անհետ կորած Քիմիկների զորամասի զինծառայողների ծնողները պետական մակարդակով որոնողական աշխատանքների արդյունքներից այնքան են դժգոհ, որ իրենց կապերով ու անձնական միջոցներով են ուզում ինչ որ գործընթաց իրականացնել։

Անհետ կորած զինվորի մայր Անահիտ Ադոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց․ «Ոչ՛ պետություն ունենք, ո՛չ իշխանություն, որեւէ մեկի չենք հավատում, ոչ մեկ վստահելի չէ, մենք ինքներս ենք փորձում ինչ-որ բան անել»։ Ծնողները դժգոհ են նաեւ իրավապահ համակարգից։  «Քիմիկների» քրեական գործի քննությունն առաջ չի գնում, Հակակոռուպցիոն դատարանը ամիսը 2 անգամ է դատական նիստեր նշանակում, հարցաքննում է միայն ծնողներին, մինչդեռ, ըստ տիկին Անահիտի, հարցաքննության պետք է կանչեն զորքը լքած զինվորականներին։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանին եւ Քիմիկների զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին։ «Մարգարյանն ու Աբգարյանը մեր էրեխեքին ծախել են ու հետ են եկել։ Քանի որ գործը Սասունի հիմնարկում է՝ Հակակոռուպցիոն կոմիտեում, սայլը տեղից չի շարժվում։ Մեղադրական եզրակացությունը կա, այս դավաճանությանը 150 հոգի վկա կա։ Եթե ամիսը 2 դատ են անում, եւ դատին կանչում են 2 հոգի, քանի՞ տարի կտեւի այս դատավարությունը։ Արդեն 2 տարի է դատական պրոցեսը գնում է, Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը միայն ծնողներին է կանչում։ Դու ծնողներին կանչում ես որպես ի՞նչ, ծնողը այդ դավաճանության պահին այդտեղ է եղե՞լ։ 22 վիժվածքներ փախել, հետ են եկել, բա դրանց բերեք` հարցաքննեք։ Այդ անձինք հիմա պաշտոն են զբաղեցնում, մի մասին էլ երկրից դուրս են ուղարկել, որ բերանները փակեն»,-նշեց անհետ կորածի մայրը։

Քիմիկների զորամասի 62 զինվորականների շրջափակումից հրամանատար Աբգարյանի հետ դուրս են եկել միայն 22-ը, իսկ մնացած 40 զինծառայողների մի մասը սպանվել է, իսկ 23 հոգի մինչեւ այժմ անհետ կորած են։ Անահիտ Ադոյանի խոսքով՝ ծնողները վստահ են Փաշինյանի մատը խառն է, որ այսքան դանդաղ է գործը առաջ գնում, մի քանի տարի անց կասեն՝ վաղեմության ժամկետի հիմքով գործը կարճվում է։

«Չգիտեն, որ ծնողները տարին տարվա վրա ավելի են կատաղում։ Մենք անցած տարի օրերով ճամփա ենք փակել, ընդամենը շեղված շիզոֆրենիկ Նիկոլը պիտի գար ասեր՝ թե ուր են մեր տղերքը, թողեր գնար։ Դա էլ չարեց, ո՞վ է նա։ Ճանապարհ էինք փակել, Վահե Ղազարյանը պիտի մեզ հետ հանդիպեր, ոստիկանները խաբեցին, թե` դիմում գրենք, հանդիպենք։ Ի՞նչ նամակ, դուք նամակով եկա՞ք մեր երեխեքին տնից տարաք։ Նիկոլը պիտի դադարեցնի տալ ծնողներին հատկացվելիք ամսական գումարները, հենց փակեց այդ աղբյուրը, բոլորը ոտքի կկանգնեն, կփնտրեն իրենց երեխեքին»,- զայրույթը մի կերպ է զսպում անհետ կորածի մայրը։

Անահիդ Ադոյանը «Անհետ կորածների ընտանիքների աաջակցության կենտրոն» ՀԿ նախագահն է, ասում ՝ ծնողները խորապես հիասթափված են պետությունից, եկեղեցուց, բարերարներից։ Տիկին Անահիտն անվանական թվում է այն մարդկանց, որոնց դիմել է եւ օգնություն չի ստացել։ 
«3,5 տարի է դիմում-խնդրանքներ եմ ուղարկում կառավարություն, եկեղեցի, «Կարմիր խաչ», Սամվել Ալեքսանյանին, Գագիկ Ծառուկյանին, «Արաքս» թռչնաֆաբրիկայի տիրոջը եւ այլ մեծահարուստների, որ գոնե առիթից-առիթ, օրինակ՝ Երեխաների պաշտպանության օրը, տարվա մեջ գոնե մեկ անգամ Զատիկին օգնություն տան։ Եկեղեցի նամակ եմ ուղարկել, պատասխանել են՝ կներեք, բյուջե չկա։ 1 տուփ ձուն, որ 900 դրամ է, որեւէ մեկը չի ուզում ուղարկի այդ կարիքավոր ընտանիքներին»,-նշեց նա։
Միայն Արմավիրի մարզում անհետ կորածների 41 ընտանիք է ապրում, Ադոյանի խոսքով՝ ծնողները ուշադրության կարիք են զգում․ «6 ընտանիք կա, որ ծայրահեղ ծանր վիճակում են ապրում, գոնե իրենց օգնեն»։