1998-ի հունվարին Տեր-Պետրոսյանին եղավ արտաքին աջակցության առաջարկ, սակայն նա աներկբա մերժեց

1998-ի հունվարին Տեր-Պետրոսյանին եղավ արտաքին աջակցության առաջարկ, սակայն նա աներկբա մերժեց

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ երկրի առաջին դեմքի հրաժարական եղել է երկու անգամ․ 1998թ․ փետրվարի 3-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «հայտնի ուժերի պահանջով», եւ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2018-ի ապրիլի 23-ին՝ ժողովրդի պահանջով։
23 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց․ «Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը եւ հայտարարում իմ հրաժարականը: Զերծ եմ մնում որեւէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով։ Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար եւ ով է իրականում ծախում այն։ Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես Հայաստանում խաղաղության եւ արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել»։

Անմիջապես հրաժարականներ ներկայացրեց թիմի գրեթե ողջ քաղաքական կազմը․ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյան, փոխնախագահներ Արա Սահակյան, Կարապետ Ռուբինյան, խորհրդարանական հանձնաժողովների նախագահներ Սամվել Գեւորգյան, Վիգեն Խաչատրյան, Տեր Հուսիկ Լազարյան, արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյան, տարածքային կառավարման նախարար Գալուստ Գամազյան, Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյան, ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյան եւ այլք։ 

ԱԺ քաղաքական մեծամասնության 190 հոգանոց իշխանական «Հանրապետություն» եւ «Բարեփոխումներ» խմբերից արտահոսք-առնետավազք սկսվեց․ նրանք մի գիշերում դարձան Վազգեն Սարգսյանին սատարող գործիչներ ու երկրապահներ։ Իսկ «Բարեփոխումներ» խմբից գործարարները 2-3 տարի անց համալրեցին հայաստանյան առաջին օլիգարխների շարքերը։ Իշխանական բլոկի մեջ գտնվող կանանց «Շամիրամ» խմբակցությունը մեկ օրվա մեջ վերածվեց ընդդիմության, իսկ Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն, կոմունիստները՝ Սերգեյ Բադալյանի գլխավորությամբ, հայտնվեցին հաղթողների թիմում։ 

Այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հրաժարական տված ԱԺ նախկին փոխնախագահ, այժմ «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արա Սահակյանին հարցրինք, թե ինչ տրամադրություններ կային իշխող թիմում Տեր-Պետրոսյանի հրաժարականից առաջ։ «Թիմի ներսում կար միասնական տեսակետ, որ Հայաստան-Ադրբեջան ռազմական եւ տնտեսական գրեթե հավասար ու համեմատելի հաշվեկշիռը քաղաքական վճիռ ընդունելու բարեպատեհություն է տվել, եւ դրանից պետք է օգտվել։ Մենք հավատում էինք, որ ճիշտ են մեր մոտեցումները, բայց նաեւ տեսնում էինք, որ մեր ծրագրի իրագործումը ցավոտ է լինելու, եւ չունենք հանրային աջակցություն։ Մենք այնքան խելք ունեինք, որ հասկանում էինք՝ մարդկանց տրամադրությունները չպետք է կշռել միայն ընդդիմության հետեւորդների քանակով կամ ակտիվությամբ։ Պարզորոշ գիտակցում էինք՝ հասարակության ճնշող մեծամասնությունը չի հարում որեւէ ճամբարի կամ ինքնամեկուսացել է քաղաքական առումով անվտանգ տեղում»,-ասաց Արա Սահակյանը։ 

Հիշում է նաեւ՝ թիմում, սակայն, կային հատուկենտ դեմքեր, որոնք պնդում էին՝ հարկավոր է շարունակել բանավեճը, օգտագործել իշխանության լեգիտիմ հնարավորությունները, փորձել մեղմել ծայրահեղ մոտեցումները։ Ինքը դրանցից մեկն էր։ 

«Բայց նախագահ Տեր-Պետրոսյանի հեղինակությունն անբեկանելի էր, եւ մենք գնացինք ամենաթույլ դիմադրության ճանապարհով։ Իհարկե, կրքերը բորբոքված էին, անարդար կերպով չհասկացված լինելու ցավ կար։ Բայց պետության կայունությունն ամեն ինչից վեր դասեցինք։ Հրաժարական տալու մտադրության մասին ինձ ասվեց ուրբաթ օրը՝ հունվարին 29-ի ուշ երեկոյան։ «Հանրապետություն» խմբակցությունից արտահոսքն աշխուժացավ ԱԽ հայտնի նիստից հետո։ Հեռացան բոլոր «երկրապահականները» եւ մեզ դաշնակցած մանր քաղաքական խմբակները»,- ասաց Արա Սահակյանը։  Հարց՝ Տեր -Պետրոսյանը  փորձում էր փաստի առաջ կանգնեցնել իր «Պատերազմ և խաղաղությամբ»-ով , Նիկոլ Փաշինյանը իրագործեց ու հետո փաստի առաջ կանգնեցրեց։ Արա Սահակյան․ « 97֊ին  Տեր-Պետրոսյանն իր հոդվածով,  98թ. հունվարի 6֊7֊ին կայացած ԱԽ նիստում ելույթով քաղաքական հրապարակային բանավեճ հրահրեց։ Իշխանության ներսում երկու ճամբար առաջացավ, պետության կառուցման հակադիր հայեցակարգեր բախվեցին։ Այժմ՝ իշխանությունը ծրագրված ձախողվեց կարգավորման բանակցությունները, չկանխեց պատերազմը, անդառնալի մարդկային ու տարածքային կորուստներով ծնկի բերեց Արցախն ու Հայաստանը, ծածուկ ընդունեց հաղթողի միակողմանի պահանջ֊ պայմանները։ Ընդ որում, նենգաբար փաստաթղթի այնպիսի ձև ընտրվեց («հայտարարություն»), որ խորհրդարանում կքննարկվի ու չվավերացվի։ Ժողովրդից թաքուն կատարվեց ամոթալի գործարք»։

Հիշեցնենք․ դրան նախորդել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը՝ 97-ի աշնանը։ Հունվարից սկսած՝ շուրջ մեկ ամիս ակտիվ գաղափարական պատերազմներ էին գնում «հաղթողական» եւ «պարտվողական» թիմերի միջեւ։ Վերջինիս քարոզչությունն այն ժամանակ համակարգում էր ՀՌԸ ներկայիս նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ՀՀՇ-ի «Հայք» պաշտոնաթերթում։ 

Արա Սահակյանին հարցրինք՝ ինչո՞ւ թիմի մի մասը հրաժարական տվեց, մի մասը մնաց։ Թիմում քննարկե՞լ էին հրաժարականների հարցը։ Ասաց․ «Հրաժարականների հարցի քննարկում չի եղել։ Լինելով հիմքում քաղաքական՝ դրանք դրսեւորվեցին որպես անձնական վճիռներ։ Եվ դա ճիշտ էր։ Իսկ ովքեր հարմարվեցին փոփոխված իրավիճակին, բարոյական արդարացում ունեին, չէ՞ որ շարունակելու էին աշխատել մեր երեկվա ընկերների՝ Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ։ Բարդ շրջան էր, մեզնից ոմանք ու մեր հարազատները անարդար հետապնդումների ենթարկվեցին։ Մեր նկատմամբ մերժողական մթնոլորտ կար։ Հեշտ չէր ապրել հորինված մեղադրանքների բեռի տակ։ Բայց քաղաքական կյանք մտնողը դա պետք է աչքի առաջ ունենա միշտ»։

Ի՞նչ տարբերություններ ու նմանություններ է տեսնում 98 թ․ եւ 2021 թ․ քաղաքական իրավիճակների միջեւ։ Ասաց․ «98-ին հրաժարականի պահանջ էր ներկայացված հաղթած առաջնորդին, այժմ՝ պարտվածին։ 98-ին քննարկվում էր խաղաղ կարգավորման պլան, որը շանս էր տալու փոխադարձ զիջումների ճանապարհով եւ առանց արյուն թափելու հաստատել խաղաղություն, ապաշրջափակել հաղորդակցության ուղիները, զարգացնել տնտեսությունը։ Այժմ ոչինչ չի քննարկվում հայկական կողմերի հետ, մեր քայլերը պարտադրված են կապիտուլյացիայի ակտով։ 98-ին գործում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այժմ՝ ոչ։ 98-ին Արցախի իշխանությունների ձայնը հնչում էր կոշտ դիրքերից։ Այժմ նվաղած ու խեղճ ձայնարձակումներ են գալիս երբեմն։ Եվ շատուշատ ահռելի տարբերություններ կան։ Անհամեմատելի է իրավիճակը։ 98-ին մենք չկառչեցինք աթոռներից, այժմ իշխանությունը կենաց-մահու աթոռակռիվ է տալիս»։

Արա Սահակյանն այլ տարբերություններ էլ է նշում․ «Այժմ իշխանությունը ծրագրված ձախողեց կարգավորման բանակցությունները, չկանխեց պատերազմը, անդառնալի մարդկային ու տարածքային կորուստներով ծնկի բերեց Արցախն ու Հայաստանը, ծածուկ ընդունեց հաղթողի միակողմանի պահանջ-պայմանները։ Ընդ որում, նենգաբար փաստաթղթի այնպիսի ձեւ ընտրվեց («հայտարարություն»), որ խորհրդարանում չքննարկվի ու չվավերացվի։ Ժողովրդից թաքուն կատարվեց ամոթալի գործարք»։

Մյուս կողմից, այդ ժամանակ փակված էր Դաշնակցությունը, միջազգային դիտորդները բացասական գնահատականներ էին տվել 95-96 թթ․ կեղծված ընտրություններին ու Սահմանադրությանը, Հայաստանի իշխող վարչակարգի նկատմամբ կայի՞ն միջազգային ճնշումներ։ Այս հարցին ի պատասխան՝ Արա Սահակյանն ասաց․ «Կար արտաքին աջակցության բացակայություն։ Բազում ճիշտ ու սխալ մեղադրանքներ են եղել մեր հասցեին, սակայն արտաքին աջակցությամբ իշխանության գալու կամ այն պահելու մեղադրանք՝ ոչ։ Ավելին, նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին 98-ի հունվարին աջակցության առաջարկ եղել է, սակայն նա աներկբա մերժեց այն։ Ո՞ր երկրից, ի՞նչ մակարդակից էր առաջարկը, մանրամասներ չեմ հայտնի»։

Արա Սահակյանի խոսքով՝ միջազգային հանրության վերաբերմունքը կտրուկ շրջվեց Արցախի շուրջ տարածքները մեր վերահսկողության տակ վերցնելուն համընթաց։ Ե՛վ ՄԱԿ ԱԽ 1993թ. չորս բանաձեւերը, ե՛ւ ԵԱՀԿ 1996թ. դեկտեմբերի 3-ի Լիսաբոնի գագաթնաժողովը դրա ապացույցն են։

«Հայկական բանակի հաղթանակի պտուղներն ավելի ու ավելի դառնահամ էին դառնում, եւ 97-98-ին փորձ կատարվեց փոխզիջումներով ԼՂ հակամարտության նկատմամբ արտաքին ճնշումները դարձնել մեզ համար նվազ վտանգավոր։ Մեր թիմը պարտվեց։ Հաղթեցին status quo-ն պահպանելու կողմնակիցները»,- ասում է Արա Սահակյանն ու ավելացնում․ «Սակայն ո՛չ մենք, ո՛չ մեզնից հետո իշխողները երբեք չեն ձախողել բանակցությունները, չենք հրահրել պատերազմ, չենք թուլացրել բանակը, պահպանել ենք հրադադարի ռեժիմը, զարգացրել դաշնակիցների հետ հարաբերությունները։ Ամենաաներեւակայելի կոշմարում անգամ մեր մտքի ծայրով չի անցել, որ չենք կարողանա կանխել պատերազմը կամ սկսվելու դեպքում այն հիմնովին տանուլ կտանք։ Մենք հասկանում էինք, որ Արցախի շուրջ տարածքները կարեւոր քաղաքական, ռազմական գործոն են կարգավորման բանակցություններում, բայց կորցնել նախկին ԼՂԻՄ տարածքներն ու Շուշի՞ն... Անմեղսունակ այս իշխանության ջանքերով ընկանք կորուստների պարունակ եւ դրանից դուրս կարող ենք գալ նրանից ազատվելուց հետո՝ երկարատեւ ջանքերի գնով»։

1998թ. փետրվարի 4-ից ապրիլի 9-ը ՀՀ նախագահի պաշտոնակատարն էր ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, որն 98 թ․ մարտի ընտրություններին դարձավ ՀՀ նախագահ։