Պետություն չկա՞

Պետություն չկա՞

Երեկ պարենային խանութներում տիրող իրավիճակը հիշեցնում էր 2020-ի կորոնավիրուսի համաճարակի առաջին շրջանի տեսարանները, երբ անգամ ԱՄՆ-ում՝ խանութներից ռուլոններով զուգարանի թուղթ եւ այլ կենցաղային ապրանքներ էին մարդիկ կրում։ Կրկին սովի, դեֆիցիտի վախը մտել է հայ սպառողների մեջ։ Ուկրաինայում պատերազմը եւ Ռուսաստանից տարբեր ապրանքների ու սննդամթերքի արտահանման արգելքը մտավախություն է առաջացրել, որ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ շաքարավազի, ալյուրի, ձեթի, ձավարեղենի դեֆիցիտ կլինի, եւ սով կսկսվի։ Մարդիկ խանութներից կրում են ամեն ինչ՝ այդ ապրանքների պաշարներ կուտակելով իրենց տներում։ Պարզ է, որ այդ պաշարները չեն կարող անսպառ լինել եւ երկարաժամկետ ապահովության զգացում առաջացնել, քանի որ վաղ թե ուշ կավարտվեն, բայց մարդիկ մտածում են՝ գոնե ինչ-որ ժամանակ յոլա կգնանք, մինչեւ տեսնենք որտեղից է «լույս բացվում»։

Իհարկե, պետությունն ինքը պետք է հոգ տանի ստրատեգիական պաշարներ ամբարելու եւ ազգաբնակչությանն ապահովելու մասին։ Նաեւ պետք է փարատի մարդկանց վախերը եւ համոզի, որ սով կամ երկարաժամկետ դեֆիցիտ մեզ չի սպառնում՝ այդ ապրանքների մատակարարման աղբյուրներ կգտնեն եւ կկարգավորեն իրավիճակը։ Բայց ո՞վ է հավատում այսօրվա իշխանությունների խոստումներին եւ վստահում հարցեր կարգավորելու նրանց հմտությանը։ Ոչ ոք։ Կյանքը ցույց է տվել, որ նրանք անգամ ամենատարրական հարցեր չեն կարողանում լուծել, եւ մեր հասարակությունն անպաշտպան է ցանկացած աղետի, վտանգի ու արհավիրքի առաջ։ Գուցե անգամ հակառակը՝ եթե բարդ խնդիրների լուծմամբ զբաղվեին շարքային քաղաքացիները, արդյունքներն ավելի լավ լինեին։ Ասենք, 2020 թվականի պատերազմը՝ եթե հանրային ու ֆիդայական ուժերով վարեինք, ամեն ինչ այդքան վատ չավարտվեր։