Միլիոնների ծախս՝ «Գյումրու օր» եւ Համահայկական ամառային 8-րդ խաղեր անցկացնելու համար

Միլիոնների ծախս՝ «Գյումրու օր» եւ Համահայկական ամառային 8-րդ խաղեր անցկացնելու համար

Գյումրի համայնքի ավագանին այսօրվա նիստին փոքր-ինչ երկար քննարկեց «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությանը նվիրված միջոցառումների եւ Համահայկական ամառային 8-րդ խաղերը անցկացվելու համար համայնքի բյուջեից կլորիկ գումար հատկացնելու հարցերը։ Ոմանք մանրակրկիտ նախահաշիվ էին պահանջում , ոմանք՝ միջոցառումները պատշաճ եւ բարձր մակարդակով կազմակերպելու երաշխիք։ 

Համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի համար դժվար եղավ ավագանու անդամներին բացատրել, թե «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության համար նախատեսված 9 մլն․ դրամն ինչպես եւ որտեղ է ծախսվելու։ Բաժնի պետը վստահեցրեց, թե որևէ արտիստի, կազմակերպության կամ այլ ծառայությունների պահանջվող գինը նախապես որոշել հնարավոր չէ։ Մինչդեռ ավագանու անդամները հակադարձեցին․ «Եթե տիկին Թովմասյանին չճանաչեի, կմտածեի՝ առաջին օրն է աշխատում, բայց մենք ձեր պրոֆեսիոնալիզմի աստիճանը  շատ լավ գիտենք,դուք այն մարդն եք, որ, եթե ձեր մտքին լինի,  երկու օրվա ընթացքում կարող եք հաշվետվություն ներկայացնել, ասել, թե ով ինչ  գնով է ծառայություն մատուցում։ Բառեր պետք չէ շռայլել, մեզ որևէ բան համոզել, տիկին Թովմասյան․․․»,-նկատեց ավագանու ընդդիմադիր անդամ Վարդևան Հակոբյանը։

Տիկին Թովմասյանն էլ իր հերթին փորձեց արդարանալ՝ նշելով․ «Առայժմ իմ մասնագիտական հմտությունները թույլ չեն տալիս կանխատեսումներ անել, թե ով ինչ գնով ծառայություն կարող է մատուցել․․․․»։ Նշենք, որ համայնքապետարանը «Գյումրու օրվա» համար 9 մլն դրամ ծախս է նախատեսել մի շարք ծառայությունների համար։ Միայն 5 մլն-ը նախատեսված է բեմական սարքավորումների, լուսաձայնային տեխնիկայի վարձակալութան, սպասարկման համար, բեմական սարքավորումների վարձակալություն, 3մլն-ը ծախսվելու է նվագախմբերի, բենդերի, մենակատարների, արտիստների, հաղորդավարների, կազմակերպչական կազմի վարձատրության համար, գովազդատեղեկատվական նյութերի համար էլ 1 մլն․ է հատկացվել։ Ավագանին բուռն քննարկվեց նաև Համահայկական ամառային 8-րդ խաղերին հատկացվող 13մլն․ դրամ հատկացնելու հարցը, չնայած որ համայնքապետարանի սպորտի բաժինը 17մլն․ դրամի նախահաշիվ էր ներկայացրել ։

232 մարզիկի, մարզիչի և պատվիրակության շքերթային և մարզական հագուստների արժեքը նախնական կազմել է մոտ 12.000.000 դրամ, մոտ 5.000.000 դրամ էլ կազմել է գործուղման ծախսերը։ Ավելի ուշ պարզվեց, որ քննարկելու դեռ շատ հարցեր կան, օրինակ՝ մեկ մարզիկի գիշերակացը բավականին էժան են հաշվարկել՝ 3000 դրամ, մինչդեռ գոնե 5000 պետք է սահմանվեր։ Ավագանու անդամներին, սակայն, այլ հարց էր հետաքրքրում։ Ինչպես է Գյումրու համայնքապետարանը պատրաստվում 5000-ից ավել մասնակից ընդունել, լուծել գիշերակացի, կերակրման հարցը։ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը վստահեցրեց, որ առաջիկայում հրավիրվելու են բոլոր կառույցների՝ հյուրանոցների, ռեստորանների եւ այլ ոլորտների ներկայացուցիչները, որպեսզի քննարկում անցկացնեն։ Նշեց նաև, թե Համահայկական ամառային 8-րդ խաղերի մեկնարկը՝ բացումն է Գյումրիից, խաղերի փակումը Երևանում է նախատեսվում, հետո վստահաբար շեշտեց, թե մտահոգվելու առիթ չկա, հյուրերի կեսը հաստատ Գյումրիում չի մնալու։

Հիշեցնենք, որ համահայկական ամառային 8-րդ խաղերը անցկացվելու են 2023 թ-ի օգոստոսի 5-19-ը, 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: