Ագրարայինը անտեր վիճակում է

Ագրարայինը անտեր վիճակում է

Hraparak.am-ը անդրադարձել էր ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի վերջին նիստին: Խորհուրդը հաստիքացուցակում կրճատել է շուրջ 60 հաստիք: Սա իր մեջ չի ներառում կրճատվող դասախոսների թիվը: Հետաքրքիրն այն է, որ այս որոշմանը կողմ են քվեարկել խորհրդում ներկայացված համալսարանական ներկայացուցիչները՝ դասախոսներն ու ուսանողները: Մեր տեղեկություններով համալսարանում դժգոհության մեծ ալիք է հասունանում, և աշխատակիցները խորհրդում ներկայացված դասախոսներից պահանջելու են քննարկման առարկա դարձնել ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանին անվստահություն հայտնելու հարցը:

Մի քանի հարց ուղղեցինք հոգաբարձուների խորհրդի անդամ, ամբիոնի վարիչ Աղավարդ Խաչատրյանին։

- Դուք և ձեր գործընկեր դասախոսներն ու ուսանողները քվեարկել եք շուրջ 60 հաստիքների` ռեկտորի պարտականությունները կատարողի կողմից արված առաջարկին: Ինչ հիմնավորումներ են ընկած ձեր այդ որոշման հիմքում:

- Նախ 60 հաստիք չի եղել, եղել է 12 մարդու հարց, ընդ որում՝ սխալ ներկայացում է եղել, ներկայացրել են կոնկրետ հաստիքացուցակի փոփոխություն, որտեղ հաստիքները իրականում գոյություն չունեն կամ իրենց դիմումի համաձայն արդեն դուրս են եկել։ Դրան քվեարկելուց հետո մենք հաջորդ օրն իսկ ճշտել ենք, որ այդ 12-ի հետեւում կենդանի մարդիկ կան եւ Հոգաբարձուների խորհրդի մեծամասնությամբ անմիջապես որոշում ենք կայացրել դրա չեղարկման հարցը դնել խորհրդի հաջորդ նիստին, ուստի՝ ոչ մեկ աշխատանքից չի ազատվել, չի ազատվի, մենք առաջիկա նիստում՝ հավանաբար հաջորդ շաբաթ, կհավաքվենք եւ այդ հարցը կլուծենք եւ թույլ չենք տա, որ որեւէ մեկն աշխատանքից ազատվի։

- Բոլոր դեպքերում՝ Հոգաբարձուների խորհրդի որոշման նախագիծում ներկայացված է եղել 60 հաստիքի մասին, ինչու նախապես չի ստուգվել, որ դրանք գոյություն չունեցող հաստիքներ են, իսկ գուցե աղմուկի՞ց եք ընկրկել։

 -Ես ասում եմ՝ նման թիվ գոյություն չի ունեցել ի սկզբանե, այնպես որ հանգիստ եղեք, սպասեք մեկ շաբաթ, առավել եւս, որ որեւէ ծանուցում որեւէ մեկին չի ուղարկվել, նման որոշում չկա։ Ես լուրջ մարդ եմ, ինչ ասում եմ, ճիշտ եմ ասում, 12 մարդու մասին է խոսքը։ Եղել է թյուրըմբռնում, անգամ Հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը՝ ուսխորհրդի նախագահը պարզվեց՝ նույնպես եղել է այդ ցուցակում, անվանական ոչ մեկի անունը չկար, ուստի ինքն էլ է քվեարկել իր դեմ։

- Հիմա վերջը քանի՞ մարդու կրճատման համար եք քվեարկել, քանի՞ մարդ է ազատվելու։

- Քվեարկել ենք 12 մարդու, բայց ոչ մեկ չի ազատվելու, որովհետեւ, քանի որ հաջորդ օրն առավոտյան, երբ մենք պարզեցինք, որ ոչ մի ստորաբաժանման ղեկավար այս 12 ղեկավարներից որեւէ թիվ չի ներկայացրել վերադասին, անմիջապես դիմեցինք նախագահին, որ կասեցնեն և որեւէ որոշում չկայացնել։

- Աշխատակիցները պահանջելու են ձեզանից և ձեր գործընկերներից խորհրդում քննարկման առարկա դարձնել ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանին անվստահություն հայտնելու հարցը: Կխնդրեինք հայտնել ձեր տեսակետը այս հարցի շուրջ: 

- Դուք միանգամից անակնկալի բերեցիք ինձ։ Գիտեք՝ հիմա առանց այն էլ բուհն անտեր վիճակում է, եթե անվստահություն են հայտնում, այդ դեպքում գոնե իմանանք՝ ում վստահենք, պետք է իրենց հայտարարությունը տեսնենք, դիմեն, մենք հասկանանք ում են առաջարկում, ում քվեարկենք, որպեսզի դառնա ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

- Փաստորեն, սկզբունքորեն դեմ չեք անվստահություն հայտնելուն, պարզապես խնդիրը այն է, թե ով պետք է փոխարինի, դուք ո՞ւմ եք օրինակ տեսնում։

- Պրովոկացիաներ մի արեք, դա երկար ժամկետի քննարկման, մտածելու հարց է, ես չեմ տեսնում․․․ Նախարարությունից են ներկայացրել, որպես կանոն, եթե ռեկտորը գնում է, պրոռեկտորներից որեւէ մեկին են վերապահում, ունեինք դոկտոր պրոֆեսոր, որը հրաժարվեց՝ ոտքի վնասվածքի պատճառով։

Հ․Գ Մեզ են տրամադրել Հոգաբարձուների խորհրդում հաստիքացուցակի կրճատման նախագիծը, որում եւս գրված է, որ խոսքը 60 հաստիքի մասին է, պարզապես մեր լուրից հետո, բարձրացած աղմուկը ստիպել է բուհի անձնակազմին ընկրկել եւ հետողորմյա անել ընդունած որոշումը։