Կողմ ենք, բայց․․․

Կողմ ենք, բայց․․․

Ոչ մեկը դեմ չէ կոռուպցիայի դեմ պայքարին, ավելին՝ երկու ձեռքով կողմ ենք, բայց դեմ ենք կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ ընդդիմությանը պաշտպանող, իշխանություններին քննադատող փաստաբանին կալանավորելուն, երբ իրական կոռուպցիոներներն ազատ շրջում են։ Ոչ մեկը դեմ չէ խաղաղությանը, ավելին՝ երկու ձեռքով կողմ ենք, բայց դեմ ենք մեր դեմ զենք ճոճողի, մեր երկիրը ոչնչացնել ցանկացողի, մեր զավակներին մորթողի հետ սիրախաղերին։ Դեմ ենք մեր երկիրն առանց կռվի թշնամուն զիջելուն, պատերազմի շանտաժով ստորացուցիչ պայմանագրեր կնքելուն։ Ոչ մեկը չի ասում՝ Նիկոլ Փաշինյան, աթոռդ զիջիր փողոցից եկող հերթական քայլողին, բայց աթոռը պահելը չի կարող ինքնանպատակ լինել, առավել եւս՝ չի կարելի այն պահել ցանկացած՝ անգամ հայրենիքի կործանման գնով։ Հարկավոր է ուժ գտնել եւ հրաժարվել այդ աթոռից՝ որքան էլ դա դժվար լինի։ Հարկավոր է այդ չարաբաստիկ աթոռը զիջել ուրիշներին, գուցե նրանց մոտ ստացվի երկիրն այս փոսից հանելը։

Պետք է ուժ գտնել եւ խոստովանել, որ քեզ մոտ չստացվեց՝ որքան էլ այդ խոստովանությունը ցավոտ լինի։ Հաստատ՝ ավելի ցավոտ չէ, քան մեր երկրի վիճակը։ Առհասարակ՝ ցավոտ ու ծանր խոստովանություններ պետք է անեն բոլորը՝ 2018-ին Գյումրիից քայլելով Երեւան եկածները, ՔՊ-ի հիմնադիր անդամները, հեղափոխություն արած, հեղափոխականներին համակրած, հեղափոխության հաղթանակը ողջունած բոլոր անձինք։ Պետք է գիտակցեն, որ, 2018-ից սկսած, մեր երկիրը սխալ ճանապարհով է գնացել։ Սխալ էր նախկին իշխանության շատ ներկայացուցիչներին, փորձ եւ մասնագիտական հմտություններ ունեցող մարդկանց հալածելն ու երկրի կառավարումից մեկուսացնելը։ Սխալ էր երկիրը պառակտելն ու մեր պատմությունը զրոյական կետից սկսելը։ Սխալ էր մեծամտանալն ու խորհուրդներ չլսելը։