Ի լուր աշխարհի մենք պետք է հրապարակենք՝ ինչպես է ադրբեջանական խուժանը գնդակահարում մարդկանց

 Ի լուր աշխարհի մենք պետք է հրապարակենք՝ ինչպես է ադրբեջանական խուժանը գնդակահարում մարդկանց

Չափազանց կարևոր է, որ թեև դեռևս Ադրբեջանը չի վավերացրել այս արձանագրությունը, վստահ եմ՝ առաջիկայում չի էլ վավերացնելու, բայց պետք է քայլեր ձեռնարկել, գործողություններ իրականացնել, որպեսզի կարողանանք ի լուր աշխարհի արձանագրել, որ գործ ունենք մարդատյաց, մարդակեր, ոչ մի կանոնի չենթարկվող ռեժիմի հետ։ Այս մասին քիչ առաջ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Այո, մահապատիժը վերացնելու փաստն ու անվերապահ բացառիկ իրավունքը ամրագրված է Հայաստանի Սահմանադրության մեջ, հետևաբար՝ այստեղ ինչ-որ նոր լրացուցիչ պարտավորության անհաժեշտություն չկա»,- ասաց Մինասյանը։

«Ի լուր աշխարհի մենք պետք է ևս մեկ անգամ արձանագրենք,  հրապարակենք, հայտարարենք, նաև տեսագրություններով է ֆիքսված, թե ինչպես է ադրբեջանական վայրագ ռեժիմը Հադրութի հրապարակում գնդակահարում մարդկանց, ինչպես են տարբեր տեղերում գնդակահարում գերեվարված անձանց, ինչպես է բանակ կոչված ադրբեջանական խուժանը թե քաղաքացիական անձանց, թե արդեն անպաշտպան զինվորականների նկատմամբ իրականացնում մահապատիժ։ Սրանք արձանագրումներ են, որոնք պետք է մեզ ու միջազգային հանրության համար հետագայում դառնան Ալիևի և նրա վարչակազմի ու այդ հանցագործությունները կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու իրական հնարավորություն»,- պնդեց Արծվիկ Մինասյանը։