Ձեր թալա՜նը հետ բերեք․․․

Ձեր թալա՜նը հետ բերեք․․․

Մերօրյա ողբալի վիճակին նայելով, կարելի է վստահորեն ասել, որ այս հեղափոխությունը ադրբեջանական ասպատակությունից ոչնչով չէր տարբերվում։ Եկան, ասպատակեցին, գրավեցին ու սկսեցին ավարը իրար մեջ բաժանել՝ պաշտոններ, ունեցվածք, սեփականություն , փող․․․ Հեղափոխությունը ՀՀ քաղաքացու դեմ էր․․․ 

Անվտանգ երկիր ունեինք, պառակտված չէինք, Արցախ ունեինք ու գլուխներս բարձր քայլում էինք։ Հիշում եմ Նիկոլի գալուց առաջ Ստեփանակերտ էի գնացել ու մի քանի օր մնացի այնտեղ։ Տունը, որտեղ մնում էի, ռազմական զորամիավորման մոտիկ էր։ Շուրջ բոլոր լույսեր էին, Հայաստանի ու Արցախի դրոշներ, զինվորներ։ Ինձ այնքան հպարտ ու հաղթող էի զգում, որ ողջ գիշեր չէի ուզում քնել։ Կա՞ մեկը, որ հաղթական զգացումը չի ապրել, կա՞ մեկը, որ հաղթանակները չի վայելել։ Ես բարդ բաներից չեմ խոսում՝ պարզ մարդկային բաներից եմ խոսում։ Հիմա ո՞նց եք ձեզ զգում։ Պարտված, ջախջախված մարդու հոգեբանությանը կարողանու՞մ եք համակերպվել։ Երբ առավոտ տեղից վեր եք կենում, առաջին բանը ի՞նչ եք մտածում՝ նոր բան հանձնե՞լ է, Եռաբլուրում թաղումները չվերջացա՞ն․․․

Ասացին նախկինների թալանն են հետ բերում․․․ Ու՞ր է թալանը։ Դուք ո՞ր օրվա թալան հետ բերող եք։ Գնացեք Արցախը հետ բերեք։ Թշնամու կողմից թալանված, կողոպտված։ 120 հազար հայի թշնամին ունեզրկել, տնից դուրս է հանել, իր ունեցվածքին ու հողին տեր կանգնել, գնացեք այդ թալանը հետ բերեք․․․ Մեզնից խլած մեր հպարտությունը, արժանապատվությունը, հաղթանակները հետ բերեք։ Եռաբլուրում մայրերից մեկն ասում էր՝ ինձ երանի են տալիս, որ երկու գարուն տղայի դիակ եմ դրել հողի մեջ ու կարողանում եմ նրանց քարի վրա լաց լինել։ Դուք մի ողջ սերունդ եք թալանել, գնացե՜ք հետ բերեք նրանց․․․ Մեր հարստությունը մեր հողն ու սերունդն է եղել, հետ բերեք։ Ձեր թալա՜նը հետ բերեք՝ անգնահատելի, անսփոփելի, ոչ մի բանի հետ չհամեմատվող թալանը։