Լրացավ Բաբկենի հարևան «անգրագետ Պողոսի» մեկ ամյակը

Լրացավ Բաբկենի հարևան «անգրագետ Պողոսի» մեկ ամյակը

Օգտոստոսի 22-ը, պարզվում է, անգրագետ Պողոսի տարեդարձն է։ Մեկ տարի առաջ այս օրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը մի գրառում էր արել Ֆեյսբուքում, որը շատ արագ տարածվեց ու դարձավ «թևավոր խոսք» ու ծնունդ տվեց մի հետհեղափոխական «կոլորիտային» կերպարի, ինչպիսին Բաբկենի «հարևան Պողոսն է», որը, պարզվում է, անգրագետ է, բայց, չգիտես ինչու, որոշումներ է կայացնում մեր փոխարեն։

Բաբկեն Թունյանի գրառումը հենց դրա մասին էր, որ Հայաստանում պետք է որոշուներ կայացնեն ոչ թե «անգրագետ Պողոսները», այլ խելոք մարդիկ, ինչպիսին, օրինակ, ինքն է։ Իսկ Բաբկենը, որը պատգամավոր լինելուց զատ՝ նաև մեր գործընկերն է, իսկապես խելոք տղա է ու հաճախ է խելացի որոշումներ կայացնում, ինչը չի կարելի ասել իր շատ թիմակիների մասին։ Ցավոք սրտի, Բաբկենի մատնանշած «անգրագետ Պողոսներից» այսօր շատ կան իր շուրջը՝ Ազգային ժողովում, կառավարությունում, այլ պետական հաստատություններում, ու երկու տարի է՝ նրանք շարունակում են որոշումներ կայացնել մեր փոխարեն։ Ինչ ասենք, ծնունդդ շնորհավոր, «անգրագետ Պողոս»։

«Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսն իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործու, քան ես»,-Ամուլսարի հանքի շահագործման թեմայով կատարած իր գրառման մեջ հայտարարել էր Բաբկեն Թունյանը։