Նյու Յորքի ահաբեկչության 22-րդ տարելիցն է․ արդյո՞ք այն փոխեց ԱՄՆ-ն և աշխարհը

Նյու Յորքի ահաբեկչության 22-րդ տարելիցն է․ արդյո՞ք այն փոխեց ԱՄՆ-ն և աշխարհը

Ուղիղ 22 տարի առաջ այս օրը՝ 2001թ․ սեպտեմբերի 11-ին, Միացյալ Նահանգներում՝ Նյու Յորքում տեղի է ունեցել այդ երկրի պատմության մեջ ամենալայնամասշտաբ ու ողբերգական ահաբեկչությունը։ Ահաբեկչությունները ԱՄՆ-ում «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից համակարգված չորս հարձակումների շարք էր: Այդ օրը առավոտյան չորս ահաբեկչական խմբավորումներ (ընդհանուր առմամբ 19 մարդ) առևանգել են չորս ուղևորատար ինքնաթիռ: Նրանցից երկուսը խոցել են Նյու Յորքի Մանհեթենի Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակները: Երկու աշտարակն էլ փլուզվեց՝ լուրջ վնասներ պատճառելով հարակից շենքերին: Երրորդ ինքնաթիռն ուղղորդվել է դեպի Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Պենտագոնի շենքը: Չորրորդ ինքնաթիռի ուղևորներն ու անձնակազմը փորձել են ահաբեկիչների ձեռքից խլել ինքնաթիռի վերահսկողությունը։ Եվ ինքնաթիռը, ի վերջո, ընկել է Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքի մոտ գտնվող դաշտում: Բացի 19 ահաբեկիչներից, հարձակումների հետևանքով զոհվել է 2983 մարդ, ևս 24-ը համարվում են անհետ կորած:

Վերջին 22 տարիների ընթացքում մեծացել է մի սերունդ, որն ամեն օր լսում է ահաբեկչական հարձակումների մասին: Ի դեպ, այդ սարսափելի իրադարձության 20-ամյակի օրը Միացյալ Նահանգները լքեց Աֆղանստանը, ուր մտել էր այդ ահաբեկչության պատճառով:

Նյույորքյան ահաբեկչությունների 22-րդ տարելիցին, հետահայաց գնահատական տալիս, դեռևս անորոշ է մնում հարցը՝ արդյո՞ք ողբերգական իրադարձությունը փոխել է ԱՄՆ-ն և ամբողջ աշխարհը։ FP սյունակագիր և The National-ի գլխավոր խմբագիր Մինա Ալ-Օրայբին, օրինակ, կարծում է, որ «2001 թվականի սեպտեմբերի 11-ի գրոհները ընդմիշտ փոխեցին ԱՄՆ-ի հարաբերությունները արաբական և մահմեդական աշխարհի հետ և որոշակիացրին դրանք առնվազն վերջին երկու տասնամյակների ընթացքում»։

Նրա դիտարկմամբ, մինչ ահաբեկչությունը՝ այդ հարաբերություններն ավելի շատ կառուցված էին էներգետիկ անվտանգության, երկկողմ շահերի և Իսրայելի ռազմական գերազանցության պահպանման վրա: Ահաբեկչությունից հետո հիմնական նպատակը իսլամիստական ​​ահաբեկչությանը հակազդելն էր:

«Արաբական և մահմեդական աշխարհի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը սկսեց հիմնվել մեղավորության սկզբունքի վրա՝ մինչև անմեղության ապացուցվելը: Չնայած հենց նույն երկրներից շատերն ավելի շատ են տուժել ահաբեկչություններից, քան ԱՄՆ-ն»,-նշում է Ալ-Օրայբին և հավելում, որ ո՛չ Դոնալդ Թրամփը, ո՛չ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը ահաբեկչության դեմ պայքարին այլընտրանք չունեն, քան անօդաչու սարքերի թիրախային հարվածները:

Հաշվի առնելով Աֆղանստանից դուրս գալու աղետալի համատեքստը և ապագայի վերաբերյալ ԱՄՆ-ի անհասկանալի առաջնահերթությունները, թվում է, որ Վաշինգտոնը դասեր չի քաղել վերջին երկու տասնամյակների սխալներից, ընդգծում է սյունակագիրը։

«Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, իմ կարծիքով, ամենալուրջ վնասը հասցվեց ԱՄՆ-ում քաղաքական դիսկուրսին: Երկվորյակ աշտարակների անկումից և Պենտագոնում հրդեհների մարումից օրեր, շաբաթներ և ամիսներ անց ամերիկացիները քնեցին Մերձավոր Արևելքի վերաբերյալ վերլուծական զեկույցներով: Եվ շատ մեկնաբաններ, որոնք իրենց հայտարարել են ահաբեկչության վերլուծաբաններ, երկրին արջի ծառայություն մատուցեցին»,-այսպիսի տեսակետ էլ ունի FP սյունակագիր Սթիվեն Ա. Կուկը։

Նրա համոզմամբ, Իսլամի և արաբների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի քաղաքականության, պատմության և մշակույթի մասին ապատեղեկատվության տարածումը մեծ վնաս է հասցրել: Արդյունքում՝ մահմեդականներն ու արաբները կամ մարդիկ, որոնց սխալմամբ մեկի կամ մյուսի տեղն էին դնում, օդանավակայաններում և այլ հասարակական վայրերում հարձակումների թիրախ էին դառնում:

FP-ի մեկ այլ սյունակագիր՝ Անչալ Վոհրան էլ համոզված է՝ «Միացյալ Նահանգները պատերազմ հրահրողի համաշխարհային համբավ է ձեռք բերել»։

«Սեպտեմբերի 11-ից հետո Աֆղանստանում և Իրաքում Արևմուտքի երկարատև միջամտությունը բացասաբար է անդրադարձել ամերիկյան պետության, այդ թվում՝ ժողովրդի հավաքական կամքի վրա: Այժմ այնտեղ շատ ավելի քիչ է ցանկությունը՝ արտերկրում ինչ-որ հակամարտության մեջ ներգրավվելու»,-կարծում է նա։
Բոլոր առաջնորդները՝ սկսած նախագահ Ջորջ Բուշից, փորձել են վերջ տալ այս պատերազմներին, հեռանալ Մերձավոր Արևելքից և կենտրոնանալ Չինաստանի աճող գլոբալ ազդեցության վրա, ընդգծում է ամերիկացի վերլուծաբանը։
Խնդիրների լուծման ռազմական ճանապարհից Միացյալ Նահանգների հանկարծակի հրաժարումը մեծ հարց է դնում համաշխարհային օրակարգում։ Եթե ​​ռազմական ուժը մերժվում է, բայց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի և Չինաստանի վետոն դիվանագիտական ​​ջանքերն անօգուտ է դարձնում, ինչպե՞ս կարող է միջազգային հանրությունը կանգնեցնել բռնակալներին այլախոհների սպանությունից և հետապնդումից:

Պատերազմը՝ որպես գործիք, որը կարող է բերել դրական փոփոխություններ, երբ ամեն ինչ ձախողվի, սեպտեմբերի 11-ից հետո կորցրել է իր արդիականությունը համաշխարհային կարգի մեջ: Բայց աշխարհը պետք է մտածի այն մասին, թե ինչը կարող է փոխարինել ռազմական հզորությանը՝ բռնապետին քիմիական զենքի կիրառումը թույլ չտալու համար, թույլ չտալու, որ կրոնական ծայրահեղականները գլխատեն կանանց, պաշտպանելու փոքրամասնություններին ցեղասպանությունից»,-եզրափակում է սյունակագիրը։

Փոքրամասնությունններին բռնակալներից և ցեղասպանությունից պաշտպանելու թեզը, իրապես, արդիական է։ Դա գոնե մենք՝ հայերս մեր մաշկի վրա ենք զգում Արցախում տիրող հումանիտար աղետի պատճառով, ցեղասպանական քաղաքականություն, որ վարում է բռնապետ Իլհամ Ալիևը և որի հանցավոր քայլերը դատապարտում է ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Արևմուտքն ու ԱՄՆ-ն։ Բայց, ցավալիորեն, ապարդյուն, որովհետև նույն աշխարհը կոչերից անդին չի անցնում՝ զուգահեռաբար նավթ ու գազ գնելով նույն բռնակալ՝ ադրբեջանցի փոքր սուլթանիկ Ալիևից․․․
Արա Ալոյան