Որքանով է իրատեսական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Որքանով է իրատեսական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի մասին առաջին անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Թբիլիսիում տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհ» միջազգային գագաթնաժողովի ժամանակ։ Եթե համառոտ ներկայացնենք, դրա առանցքային իմաստն այն է, որ Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի միջեւ պետք է զարգացվեն կոմունիկացիաները՝ երկաթուղիներ, ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրամատակարարման գծեր նորոգման, կառուցման կամ գործարկման միջոցով։
Ըստ ՀՀ կառավարության մոտեցման, տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղության համար նախապայման է, որ լինեն բաց սահմաններ ու ենթակառուցվածքներ, ակտիվ քաղաքական եւ մշակութային կապեր։ Նախագծի համատեքստում Հայաստանը պատրաստակամություն է հայտնում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հաղորդակցություն ապահովել՝ վերականգնելով ՀՀ տարածքում երկաթուղային 4 հատվածներ։

Նախագծի ամենակարեւոր սկզբունքն այն է, որ բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները եւ էլեկտրահաղորդման գծերը, գործում են այն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, որոնցով նրանք անցնում են, եւ յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական կառույցների միջոցով ապահովում է սահմանային եւ մաքսային հսկողություն եւ բոլոր ենթակառուցվածքների անվտանգությունը, ներառյալ տրանսպորտային միջոցների, բեռների եւ մարդկանց անցումը: Բոլոր ենթակառուցվածքները կարող են օգտագործվել թե՛ միջազգային, թե՛ ներքին փոխադրումների համար, եւ երկրները բոլոր ենթակառուցվածքներն օգտագործում են փոխադարձության եւ հավասարության հիման վրա։

Մնացած, այսպես ասած, «գովազդային փայլփլուն» փաթեթավորումը մի կողմ դնելով նշենք, որ որքան էլ նախագիծն առաջին հայացքից լավը թվա, եւ որքան էլ Հայաստանի իշխանություններն ամենատարբեր հարթակներում դա լոբբինգ անեն, միեւնույն է, կան հարցեր, որոնք պետք է հաշվի առնել, որովհետեւ նույնիսկ ամենալավ նախագիծը կարող է մնալ թղթի վրա՝ լավագույն դեպքում դառնալով հետագա սերունդների համար պատմական կամ արխիվային ուսումնասիրության նյութ, եթե դա չարվի։ Նախ, նման լուրջ նախագիծ իրականացնելու համար պետք է հաշվի առնել, թե որքանով են համընկնում մասնակից երկրների շահերը։

Հայաստանը, իհարկե, իր շահերն է փորձում ինչ-որ կերպ ձեւակերպել ու առաջ մղել։ Սակայն ռեգիոնալ համատեքստում որտեղ է Հայաստանը։ Այսինքն՝ որքանով են տարածաշրջանում Հայաստանին լուրջ վերաբերվում հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Երրորդ ոչ պակաս կարեւոր հարցը․ տպավորություն է, որ այս նախագիծը պատրաստվել է՝ հատուկ հակակշռելու  «3+3» ֆորմատին, եթե ավելի պարզ խոսենք՝ այս նախագիծը ստեղծվել է Ռուսաստանին տարածաշրջանից բացառելու միտումով։ Այսինքն՝ տարածաշրջանի բոլոր մասնակիցներն ինչ-որ իմաստով իրենց բաժինը «կարկանդակից» ստանում են, բացի Ռուսաստանից։ Այդ դեպքում հարց է առաջանում․ տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր եւ աշխարհաքաղաքական ներկայություն ունեցող Ռուսաստանը թույլ կտա՞, որ գործարկվի տնտեսական-տրանսպորտային մի նոր նախագիծ, որտեղ ինքը չի լինելու։ Սա՝ այն դեպքում, երբ Հայաստանը ստորագրել է 2020 թ․ նոյեմբերի 9/10-ի հայտնի հայտարարությունը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ Ռուսաստանի ուժային կառույցներն են ապահովելու Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապը։ Հասկանալի է, չէ՞, որ դա կարեւոր լծակ է, որից Մոսկվան չի հրաժարվի, եւ որի մասին բոլորովին վերջերս ՌԴ ԱԳ նախարարությունն իր խոսնակ Մարիա Զախարովայի միջոցով հիշեցրեց։ Ինչպե՞ս է Երեւանն այս հարցը լուծելու։ Իհարկե, հայաստանյան լրագրողական կամ փորձագիտական համայնքը կարող է գրել, թե «Փաշինյանը պատրաստվում է չեղարկել նոյեմբերի 9/10-ի հայտարարությունը»։ Սակայն հասկանում ենք, չէ՞, որ Փաշինյանը չէ այդ հայտարարության հեղինակը կամ կատարման երաշխավորը, որ չեղարկի, եւ նույնիսկ Արցախի հայաթափումն այդ հայտարարության չեղարկում չի նշանակում այնքան ժամանակ, քանի դեռ այդ չեղարկումը պաշտոնական մակարդակով չի ամրագրվել։ Հետեւաբար, Հայաստանի իշխանությունները, ի դեմս ռուսական շահերի, ունեն չափազանց լուրջ խոչընդոտ «Խաղաղության խաչմերուկի» հարցում։ Եթե Փաշինյանը հանուն իր «խաղաղության դարաշրջանի» պատրաստ է բոլորին իրենց հասանելիք «փայաբաժինը տալ», ապա ենթադրելի է, որ Ռուսաստանն էլ է այդ «կարկանդակից» իր կտորն ուզելու, ընդ որում՝ բավականին մեծ։

Եվ, ի վերջո, նման լուրջ նախագիծ իրականացնելու համար Երեւանը պետք է իր թիկունքում առնվազն գլոբալ ուժային կենտրոնի ներկայություն զգա, որպեսզի իրենից անհամեմատ զորեղների հետ ոտք մեկնելիս «քցվածի» դերում չհայտնվի։ Իսկ տվյալ դեպքում դա կարող է լինել Ռուսաստանը, որը կարծես ավելի լավ է կարողանում լեզու գտնել նախագծի մասնակիցների հետ, քան Արեւմուտքը։