Ուկրաինացիները կամ գերմանացիներն ավելի խիզախ չեն, քան հայերը, պարզապես նրանք ունեցել են իշխանություն

Ուկրաինացիները կամ գերմանացիներն ավելի խիզախ չեն, քան հայերը, պարզապես նրանք ունեցել են իշխանություն

Ի՞նչ է կատարվում Արցախում։ Որեւէ մեկը հասկանո՞ւմ է։ Որտե՞ղ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության կառույցները՝ նախագահը, Ազգային ժողովը, պետնախարարը, նախարարները։ Այդ պաշտոնները զբաղեցնող անձինք գիտակցո՞ւմ են, որ իրենք հայտարարել են Պաշտպանության բանակի զինաթափման մասին, ոչ թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ նրա իշխանությունների ինքնալուծարման։ 

Հետեւաբար, եթե Արցախի իշխանությունները չեն լուծարվել եւ գոյություն ունեն, նրանք պետք է տեսանելի եւ լսելի լինեն։ Մինչդեռ կա՞ մեկը, որն այդ իշխանությունների որեւէ ներկայացուցչի տեսել կամ լսել է սեպտեմբերի 20-ին հաստատված հրադադարից ի վեր։ Ինչ-որ եթերային Տեղեկատվական շտաբի անունից լուրեր են տարածում՝ հավատացնելով, թե բոլոր ցանկացողներին տեղափոխելու են Հայաստան։ 

Գրողը տանի, իսկ նրանց, ովքեր Ստեփանակերտի եւ մնացյալ վայրերի իրենց տներում են, նրանց ի՞նչ եք ասում։ Եթե իշխանությունն ասպարեզում չի երեւում, նախագահի պաշտոն զբաղեցնող Սամվել Շահրամանյանը ժողովրդին ամենօրյա պարբերականությամբ չի տեղեկացնում, թե ինչ վիճակ է տիրում երկրում, ինչ քայլեր են կատարում իշխանությունները, կոնկրետ նախարարությունները, երբ մարդկանց չի հայտնվում, թե ինչպես եւ երբ է կյանքը կարգավորվելու, նպատակը ո՞րն է։ Որ անտերունչ, անպաշտպան լինելու զգացումից, վաղվա օրվա անորոշությունից մարդիկ որքան կարելի է ավելի՞ ընկճվեն, որքան հնարավոր է ավելի՞ մարդ խուճապի մեջ դուրս գա․․․ Եվ ինչ էլ արդարացում են գտել․․․ մարդիկ ինն ամիս շրջափակման մեջ էին, հետո հարձակում եղավ, դրանից ահաբեկված են, վաղվա օրվա համար տագնապած եւ գիտակցությունը կորցրած` միայն դուրս գալու մասին են մտածում։ 

Նախ, աշխարհի այդ ո՞ր պատերազմում են մեղր բաժանել։ Այդ ո՞ր պատերազմում է, որ չեն լինում սով, շրջափակում, սառնամանիք, մահեր, եւ դրան գումարած` ռմբակոծություններ, հրետակոծություններ ու ավերածություններ։ Բոլորիս աչքի առջեւ երկու տարի է` Ուկրաինայում պատերազմ է, ամենադաժան պատերազմը Եվրոպայում Երկրորդ համաշխարհայինից ի վեր՝ Բուչայի ու Մարիուպոլի վայրագություններով, անպատմելի զրկանքներով, անհաշվելի ավերածություններով եւ այլն։ Եվ ի՞նչ․․․ բոլորն ահաբեկված ու գիտակցությունը կորցրած Ուկրաինայից փախչո՞ւմ են։ Ոչ՝ 10 միլիոնից ավելի մարդ երկրից դուրս եկավ, բայց շուրջ 30 միլիոնն էլ երկրում է, առանց մի երաշխիքի, որ վաղը ռուսական մի հրթիռ հենց իրեն չի սպանի։ 

Կամ` եթե Երկրորդ համաշխարհայինի ժամանակներին նայենք հենց միայն դաշնակիցների կողմից 1945-ին Դրեզդենը երեք օր շարունակ չդադարող ռմբակոծություններով համատարած ավերելն ու գետնին հավասարեցնելը՝ անհաշվելի դիերով։ Կամ` Համբուրգում 1943-ին բրիտանական օդուժի կողմից իրականացված Gomorrah (աստվածաշնչյան Սոդոմ-Գոմոր անունից) ռազմական գործողությունը, երբ յոթ օր շարունակ գերմանական ռազմաարդյունաբերական օբյեկտների վրա թափվող ռումբերից այնպիսի հրդեհներ են բռնկվել, ասֆալտն այնպես է հալվել, որ մարդիկ ուղղակի հալվող ասֆալտի մեջ քայլել, փախչելու անկարող լինելով՝ այդպես այրվել են, ապակիները, անգամ շենքերն են ջերմությունից պայթել․․․ Տասնյակ հազարավոր զոհեր են եղել, մոտ  մեկ միլիոն մարդ փախել է այդ ռմբակոծության դժոխքից, բայց 700 հազար համբուրգցի էլ մնացել է քաղաքում ու չի հեռացել։   

Ուկրաինացիները կամ գերմանացիները հաստատ ավելի խիզախ չեն, քան հայերը։ Պարզապես նրանք ունեցել են իշխանություն, որն ամենաբարդ պահին էլ ժողովրդին չի թողել անորոշության մեջ։  Կասկածից վեր է, որ այսօր Արցախում ոչ միայն մարդիկ կան, որոնց առաջին միտքն էլ, վերջին միտքն էլ այնտեղից փախչելն է, թեկուզ առժամանակ։ Միեւնույն ժամանակ, չեն կարող չլինել մարդիկ, որոնք հոժարակամ իրենց տունը, կյանքը, անցյալը չեն թողնելու հեռանան, որովհետեւ Ադրբեջանը մեկ շաբաթ առաջ 24 ժամ տեւած հարձակում է իրականացրել։ Այդ հարձակումը կանգնեցվել է, ընդ որում, ոչ Արցախի իշխանությունների կամ ռուսների շնորհիվ։ Այժմ հարձակումը կանգնեցված է, Արցախի շրջափակումը ճեղքված է, եւ իշխանությունները տեղում են, բայց ոչ մեկին ոչ ոք չի տեսնում, ինչն ուղղակի Հուդայի վարք է սեփական ժողովրդի հանդեպ։ 

Այդ իշխանությունները պարտավոր են, քանի դեռ գոյություն ունեն, լինել տեսանելի եւ ներկա պահին ամենօրյա ռեժիմով մարդկանց տեղեկացնել, թե ինչ վիճակ է երկրում, ինչ է սպասվում վաղը, ինչ է արվում այսօր։ Ի վերջո, ադրբեջանցիներն Արցախի ինչ-որ վայրեր են մտել, բայց հո բովանդակ Արցախում չե՞ն, Ստեփանակերտում ռուս խաղաղապահներ են, եւ առջեւում դեռ միայն բանակցություններ են՝ Լաչինի միջանցքը գործարկելու միջազգային ահագնացող ճնշումով։ 

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը (ի հակադրություն խեղկատակ Սամվել Բաբայանի, ով երեւի առաջիններից է Արցախից ճողոպրել եւ առանց անհարմար զգալու էլ դեռ հայտարարում է, թե արդեն Երեւանում է) հայաստանյան մամուլին ասել էր, որ իր տանն  է, չի պատրաստվում այն լքել, եւ եզրափակել էր, թե ամեն մարդ ինքն է որոշում՝ մնալ, թե գնալ։ Այո, ամեն մարդ ինքն է որոշում ինչպես վարվել, բայց կասկածից վեր է, որ մնալու որոշում կայացնելու համար մարդիկ պետք է անտերունչ վիճակի չբախվեն՝ հարկավոր է, որ նրանք տեսնեն իշխանություն, որի տված տեղեկության հիման վրա պատկերացնեն իրադրությունը եւ  կայացնեն որոշում։ 
Արցախի իշխանությունները հենց իրենց չերեւալով եւ ժողովրդին չդիմելով, ներկայի ու ապագայի մասին անորոշություն հաստատելով, մարդկանց մղում են, որ Արցախից դուրս գան՝ չտալով նրանց գնալու եւ մնալու միջեւ ընտրելու հնարավորություն։ Եվ դա ամենավատ բանն է, որ կարելի է անել սեփական ժողովրդի հանդեպ՝ անկախ այն հանգամանքից` դա ինքնահոսո՞վ է արվում, թե՞ Հայաստանի կամ Ռուսաստանի իշխանությունների թելադրանքով։ Արցախի իշխանությունները եթե որեւէ զգացում եւ պատասխանատվություն ունեն սեփական ժողովրդի հանդեպ, պետք է ժողովրդին դիմեն եւ հաշվետու լինեն հրապարակավ եւ ամենօրյա ռեժիմով։