Պատրոն Դավիթի գործով էլ է վաղեմության ժամկետն անցե՞լ

Պատրոն Դավիթի գործով էլ է վաղեմության ժամկետն անցե՞լ

Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, կշարունակի մնալ կալանքի տակ, դատարանը մերժել է նրա կալանավորման դեմ պաշտպանի տարած վերաքննիչ բողոքը․ «Դա սկզբնական կալանավորման որոշման դեմ մեր տարած վերաքննիչ բողոքն էր, երեկ հրապարակվեց որոշումը, որով մերժվել է: Խոսքը սկզբնական 2 ամիս կալանքի մասին էր, դեռ այդ 2 ամիսը չի ավարտվել»,- ասաց Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։ Ավելի վաղ պաշտպանը մեզ հայտնել էր, որ Դավիթ Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ 

Գալստյանին առաջադրված մեղադրանքը, հիշեցնենք, կապված է հրանոթների արկերի մատակարարման թեմայի հետ, թեև պաշտպանը մեղադրանքի հետ կապված մեկնաբանություններ չի անում, սակայն ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել՝ բացահայտելով մեղադրանքի իսկությունը, ըստ դրա՝ ««Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել է 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ»։ Ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Գալստյանի ընկերությունը Պաշտպանության նախարարությունից այս գործարքի դիմաց ստացել է մեկ միլիոն դոլարից ավելի գումար։

Մեզ ասացին, որ Դավիթ Գալստյանին առաջադրված մեղադրանքի վաղեմության ժամկետն արդեն անցել է, այսինքն՝ նրան մեղադրում են մի արարքի մեջ, որի համար այլևս օրենքը պատիժ չի նախատեսում, բացի այդ առաջադրված մեղադրանքը ապացուցել էլ գործնականում շատ դժվար է, քանի որ պատերազմի ժամանակ այդ արկերն օգտագործվել են, և հետին թվով դրանց մարտավարական հատկանիշների մասին դատողութուններ անելը դժվար է։ Պաշտպանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ մեղադրանքի վաղեմության ժամկետն անցել է, սակայն պաշտպանը հրաժարվեց այս հարցին պատասխանել` նախաքննական գաղտնիքը չհրապարակելու պահանջը մարդիկ տարբեր կերպ են մեկնաբանում` երբեմն անգամ գաղտնիք չհանդիսացող տվյալները հրաժարվելով փոխանցել:

Նշենք, որ Դավիթ Գալստյանը երկու գործով է որպես մեղադրյալ անցնում` առաջին գործը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուսների գործն է` «անպիտան հրթիռների» գործով, որի քննությունն արդեն մոտ մեկ տարի է գնում է, մեղադրանքը, ըստ էության, փլվել է դատարանում, բայց դատարանը ամիսը մեկ անգամ է նիստ անում եւ ակնհայտ է, որ այդ գործի բուն իմաստը Դավիթ Տոնոյանին բանտում պահելն է։ Դավիթ Գալստյանին եւս այդ գործով կալանավորել էին, մի քանի ամիս կալանավայրում պահելուց հետո նրան 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեցին, որ դուրս գա եւ բանակի զենքի մատակարարմամբ զբաղվի։ Իսկ երբ վերացավ բանակը զինելու անհրաժեշտությունը եւ Փաշինյանը որոշեց զինվելու փոխարեն` խաղաղության ճանապարհով գնալ, վերացավ նաեւ Պատրոն Դավիթին ազատության մեջ պահելու իմաստը եւ նա հունվարի 31-ին կրկին ձերբակալվեց, իսկ փետրվարի 1-ին երկու ամսով կալանավորեց։