Խաղաղապահները շատ վատ են իրենց ֆունկցիան կատարում, բայց եթե նրանք չլինեն, ՆԱՏՕ-ի բատալյոնները չեն գա այստեղ

Խաղաղապահները շատ վատ են իրենց ֆունկցիան կատարում, բայց եթե նրանք չլինեն, ՆԱՏՕ-ի բատալյոնները չեն գա այստեղ

 

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Հայաստանի վաստակավոր ժուռնալիստ, գրող,
հրապարակախոս Գուրգեն Խաժակյանը:
 
- Այսօր տեղեկացանք, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից: Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս քայլն` ըստ Ձեզ:
 
- Սա հայ ազգի ճակատագրի հետ առնչվող կենսական թեմա է: Սա բալանս է Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Այն Ռուսաստանի, որն այսօր որպես պետություն` գերտերություն այլևս ակնհայտորեն, անգամ երդվյալ ռուսոֆիլների համար, գոյություն չունի: Չգիտես թե Ռուսաստանում ընդհանրապես ինչ է կատարվում: Ես ինքս` Ռուսաստանում եմ մեծացել և պետք է ասեմ, որ Ռուսաստանը երբեք ու երբեք նման կատաստրոֆիկ վիճակում չի եղել: Այս հողատարածքի վրա` Հայաստանում գերտերություններն ունեն իրենց նեղ անձնական շահերը և միշտ են ունեցել: Քանի որ Հայաստանը նախկին ռուսական կայսրության մաս էր, Ռուսաստանի, այսպես ասած, տրադիցիաները չեն փոխվել մեր հանդեպ: Դժբախտաբար վերջին շրջանում էլ Ռուսաստանի վերաբերմունքը մեր հանդեպ չի փոխվել: Դրանում համոզվել ենք 44-օրյա պատերազմի շրջանում, համոզվում ենք նաև այսօր:
 
- Կարո՞ղ ենք ենթադրել, որ Հայաստանում այսօր քաղաքական վեկտորի փոփոխություն է տեղի ունենում` Ռուսաստանից դեպի Արևմուտք:
 
- Ես մեր խոսակցությունը հենց այդ ուղղությամբ էի փորձում տանել: Դարասկզբից ստիպված վեկտորի փոփոխության ուղղությամբ ենք գնում, պատճառը Ռուսաստանի կեցվածքն է, սակայն վեկտորի ամբողջական փոփոխություն տեղի չի ունեցել: Հայաստանի գլխավոր դերակատարը մինչև վերջին շրջանը հենց Ռուսաստանն է եղել: Չգիտեմ՝ ուրախանա՞լն է ճիշտ, թե՞ տխրելը, սակայն Հայաստանում այսօր բացահայտ վեկտորի փոփոխություն է տեղի ունենում: Ռուսաստանն ու Թուրքիան միշտ էլ Հայաստանը բզկտել են մի քանի մասի: Ռուսաստանը վաղուց առևտուր է արել Թուրքիայի հետ` հայ ժողովրդի հաշվին:
 
- Ասում եք, որ բացահայտ վեկտորի փոփոխություն է այսօր տեղի ունենում, սակայն արևմտամետ շրջանակները պնդում են, որ օրվա իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հլուհնազանդ կատարում են Ռուսաստանի բոլոր հրաման-պահանջները, անգամ գնում են Մյունխեն, հաջորդ օրը Վլադիմիր Պուտինին հեռախոսազրույցի միջոցով զեկուցում են, թե ինչ բովանդակություն է ունեցել մյունխենյան հանդիպումը:
 
- Տեղին հարց էր: Այսօր հերթական օֆիցիալ քայլը տեղի ունեցավ: Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից: Դրանից առաջ էլ Հայաստանը հրաժարվեց մասնակցել ՀԱՊԿ-ի զորավարժություններին: Սա բացահայտ մերժողականության ակտ է` ՀԱՊԿ-ին ուղղված: Արևմտամետությունն այսօր Հայաստանում առավել քան երբևէ ակնհայտ է: Նույնիսկ ռուսոֆիլներն այսօր տեսնում են, որ ՀԱՊԿ-ը մեռած կառույց է: Էն գլխից էլ դա մեռած կառույց է եղել, ստեղծվել Ռուսական կայսրության նկրտումներից ելնելով: Այստեղ շատ կարևոր է բալանսը: Ուզում եմ ցիտել նախկին նախագահներից մեկին։ Նա ասաց, որ շատ զգույշ է պետք անել վեկտորի փոփոխությունը` մտածված, առանց էմոցիոնալ ֆոնի, սակայն նրա կարծիքով՝ եթե չլինեն ռուս խաղաղապահները Հայաստանում կարող է կոտորած լինել: Սրանից հետևություն, որ մեզ պետք են խիստ բանիմաց ու պրոֆեսիոնալ սառը դատող դիվանագետներ: Ցավոք, այդպիսիք քիչ են, կամ չկան: Այսօր Արտաքին գործերի նախարարությունում կան փայլուն դեսպանի ռանգ ունեցող դիվանագետներ, որոնք իդեալական կարող են բանակցել բոլորի, այդ թվում` ռուսների հետ: Ռուսաստանի հետ բանակցությունները մշտապես դժվար են եղել: Ռուսների մեթոդոլոգիան պետք է ուղնուծուծով իմանալ:
 
- Այսինքն` Դուք մեր անհաջողությունների մեջ Ռուսաստանի՞ն եք մեղադրում:
 
- Այո, մեղադրում եմ: Խաղաղապահները շատ վատ են իրենց ֆունկցիան կատարում` միակողմանի: Կողմնակալ են շատ, սակայն եթե ռուս խաղաղապահներն այնտեղ չլինեն ՆԱՏՕ-ի բատալյոնները հաստատ չեն գա էստեղ: 100 տարի անց իրավիճակը կրկնվում է` մենք թուրքական յաթաղանի եւ ռուսական մուրճի արանքում ենք գտնվում եւ նոր Նժդեհի կարիք կա: